Քերոբյանն ասաց՝ խաղողի այգիները ծախեք հարուստներին, գնացեք Երևան, 300.000 դրամով աշխատեք․ Լուսառատի բնակիչներ

Արարատի մարզում մոտ 10 օրից կսկսվի խաղողի բերքահավաքը, սակայն բազմաթիվ գյուղացիներ կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ խաղող մթերող գործարանների հետ կնքված պայմանագրեր չունեն։

Գյուղացիներին վրդովեցրել են խոսակցությունները, թե խաղողի 1 կիլոգրամը 100 դրամով են մթերելու։ Այս գինը, գյուղացիների խոսքով՝ չափազանց ցածր է, անգամ իրենց կատարած ծախսերը չեն կարող փակել։

168.am-ը սեպտեմբերի 9-ին մեկնել էր Արարատի մարզի Լուսառատ գյուղ, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։ Բնակիչներից Հովիկ Լալազարյանն ասաց, որ ի տարբերություն շատերի՝ 2 գործարանի հետ պայմանագիր էր կնքել, սակայն նրանցից մեկը՝ Այգեվանում գործող կոնյակի գործարանը, հրաժարվել է ընդունել։

«Նենց եղավ, որ Այգեվանի կոնյակի գործարանը դարձավ մենակ մեծահարուստների գործարան։ Գյուղում մենակ հարուստներն են էդ գործարան խաղող մթերում։ Եթե մեկն էլ 4-5 տոննա, 7 տոննա խաղող ունի, իրենց պայմանագրերը կտրում են, նրանցն ավելացնում են»։

Կարդացեք նաև

Գյուղացու խոսքով՝ իրենց միակ հույսն Արարատի գինու գործարանն է (Դավալու.- Ն․Խ․), որ թեկուզ հերթերով, ուշացումներով, բայց մթերում է բերքը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շուրջ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 14-ին էր այցելել Լուսառատ գյուղ, հանդիպել բնակիչներին, խոսել խաղողի մթերումից։ Նախարարը նաև ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում կատարել․

«Մինչ օրս ոչ բոլոր ֆերմերներն են կնքել պայմանագրեր մթերողների հետ, և որոշ գործարաններ դեռևս մթերման գին չեն հայտարարել։ Ավելորդ հերթերից խուսափելու համար առաջարկ է հնչել մթերման օրերի գրաֆիկ սահմանել ֆերմերների համար։

Նույն օրն այցելել ենք նաև Արարատի գինու գործարան, որտեղ գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք խաղողի մթերման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ»։

Իսկ թե ի՞նչ է խոսել նախարարը գյուղացիների հետ կամ ի՞նչ առաջարկ է նրանց արել, որևէ տող չկա ֆեյսբուքյան գրառման մեջ, բացի հրապարակված լուսանկարից, որտեղ երևում են դահլիճում նստած խաղողագործները: Իսկ խաղողագործները և լուսառատցիները գո՞հ են Վահան Քերոբյանի այցելությունից, որևէ օգտակար խորհուրդ կամ առաջարկ տվե՞լ է, Լուսառատի մի բնակիչ ասաց, որ նախարարը գործնական առաջարկով էր եկել․

«Էկոնոմիկայի նախարարը եկել էր այստեղ, բայց ընդհանրապես ոչ մի հուսալի բան չասաց, ոչինչ։ Ասաց՝ գնացեք Երևան, 300.000 դրամով աշխատատեղ կա, աշխատեք, հողերն էլ ծախեք էդ հարուստներին, որ էդ հարուստներն էլ տենց, էլի․․․

Նախարարը, որ եկել էր, գիտե՞ք՝ ոնց որ ինչ լիներ։ Ոնց որ Շահ Աբաս արքան, որ դերվիշի շորերով գնում է ժողովրդի մեջ մտնում՝ կարծիք իմանալու․ հիմա մեր ղեկավարը չի եկել, իր վեզիրներին է ուղարկել, որ կարծիքն իմանա՝ ժողովուրդն ի՞նչ, ո՞նց»։

Լուսառատցիները նաև անկեղծորեն իրենց կարծիքը փոխանցեցին գործադիրի ղեկավարի և նրա թիմի կատարած աշխատանքի մասին․

«Դե մինչև հիմա ես հլը լավ բան չեմ տենում, ոչ մի լավ բան չեմ տենում․․․»։

Գյուղի կենտրոնում հավաքված մյուս բնակիչները ևս ասացին՝ այսօր իրենց համար 1 խնդիրը խաղողի մթերումն է․

«Էսօր ես խաղողը մշակել եմ, արդեն 10 օր հետո պետք է քաղեմ, բայց ոչ պայմանագիր ունենք, ոչ գին գիտենք։ Շշուկներ կան, որ 100 դրամից է սկսվելու խաղողի մթերումը, գրադուսով է լինելու։ Հա, էլի թող գրադուսով լինի, բայց 100 դրամից է սկսվելո՞ւ»։

Հետո գյուղացիների հետ ճանապարհվեցինք դեպի խաղողի դաշտեր, որտեղ նրանք ներկայացրեցին իրենց մշակած բերքը։

Լուսառատի բնակիչ Աշոտ Կոշկարյանը, որ կրկին աջակցել է գործող իշխանություններին, պատմեց, թե ինչպես էր քարոզարշավի ժամանակ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հավատացել՝ «Ապագա կա»-ին՝ խոստում-կարգախոսին, բայց այսօր իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել․

«Մենք ֆորմեքը հագանք՝ մուրճը վրեն նկարած, 30 հոգի գնացինք Նիկոլի կողքը կանգնանք, էսօր դա մեր գլխին եկավ, ինքնարժեքը 100 դրամ է։ Պետք է մինիմումը լինի 150 դրամ․․․

Ուղղակի մի բանից նեղացած եմ Վահան Քերոբյանից, եկել ասում է՝ գնացեք քաղաք, աշխատեք, ամիսը 300.000 փող են տալիս։ Յանի էդ 300.000-ը մենք ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Ախր այ Քերոբյան ջան, բա էս խաղողն ո՞վ ա գալու մշակի, մարդ ես ուղարկելո՞ւ ընդից։ Ըտենց բաներ մի ասա, այ քո Քերոբյան ցավը տանեմ․․․ Կոնկրետ պատասխան մեզ չի տվել Քերոբյանը։ Եկել էր, մի 2 ճուք հասած խաղող կար, կերավ-չկերավ, գնաց։ Չի պատասխանել մեզ․․․

Իմաստը ո՞րն է, որ դու եկել ես գյուղ, եկել ես, որ մի հատ գնահատական տաս՝ գնաս, էդ գնահատականը մենք չտեսանք, չեմ տեսել։ Ասում է՝ եկեք քաղաք, գործ կա, իրա օբյեկտներում գնանք աշխատենք, էլի՝ բետոն անենք․․․

Վարչապետն ասում էր՝ մուրճ եմ իջացնելու, արա, գնացինք 30.000 դրամ էլ տվեցինք, էդ մայկեքի վրա մուրճի նկար խփեցինք, գնացինք կանգնանք այնտեղ հիմարի նման, հլը մի հատ էլ իրեն նվեր տվեցինք, էդ մուրճը կախեց մեր գլխին։ Էկոնոմիկայի նախարարը գալիս բան չի ասում, եկավ մի հատ ջերմուկ խմեց՝ գնաց․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս