
«Մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ». Ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա մարտ ամսից՝ Հայաստան ժամանակավոր եկած ու բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացիների հոսքը կտրուկ աճել է, որոնք իրենց հետ բերել են աշխատանքային եկամուտներ և խնայողություններ, որոնք օգտագործվում են Հայաստանում։
Այս ամենը, ըստ նախարարի, ազդում է դոլար-դրամ փոխարժեքի վրա։
«Մեզ մոտ փոխարժեքն ածանցյալ է, այսինքն՝ այն չի կառավարվում, շուկայական է, առաջարկն ու պահանջարկն են որոշում փոխարժեքը։ Առաջարկը զգալիորեն բարձր է պահանջարկի նկատմամբ, հետևաբար՝ դրամն արժևորվել է դոլարի նկատմամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքին և դոլարի փոխարժեքի անկմանը։
Ինչ վերաբերում է այս համատեքստում գնաճին, Ֆինանսների նախարարը պարզաբանեց՝ սա նշանակում է, որ դրամի փոխարժեքը և հիմնական արտարժույթները արժեքավորված չլիներ հօգուտ դոլարի, ապա գնաճն ավելի բարձր կլիներ։
«Մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ, այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավականին բարձր ֆոնի վրա»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։
Հարցին՝ ինչո՞ւ մարզերի բնակիչներն իրենց կյանքում չեն զգում այն տնտեսական աճը, որն արձանագրում են իշխանությունները, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ Հայաստան այցելողների հիմնական մասը Երևանում է, և հիմնական սպառումը տեղի է ունենում մայրաքաղաքում, սակայն դա էլ վերաբաշխվում է, և տնտեսական ակտիվությունը որոշակիորեն ազդում է նաև մարզերի վրա։