«Նախնիներս Արցախից են, արմատներս միշտ կմնան Արցախի հետ, շարունակելու եմ իմ քրտինքն ու արցունքը թափել Արցախի համար». Թելմա Ղազարյան-Ալթուն

Ամերիկահայ ուլտրամարաթոն վազորդ Թելմա Ղազարյան-Ալթունը 2017 թվականին վազքով հատեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. նպատակն Արցախի ձայնը աշխարհին լսելի դարձնելն էր։ 2017 թվականին արդեն Թելման աշխարհի տարբեր անկյուններում մասնակցել էր մարաթոնյան վազքի մրցույթներին, բայց առաջին անգամ էր վազելու իր նախնիների հողում՝ Արցախում։ 2017 թվականին Թելման 3 օրում անցնելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ կատարել էր իր վաղեմի երազանքներից մեկը՝ կապված նախնիների հայրենիքի հետ, նա տարբեր առիթներով ասում է՝ «Արցունքներս ու քրտինքս պետք է ծառայեցնեմ հայրենիքիս»։

168.amի հետ զրույցում Թելմա Ղազարյան-Ալթունը պատմեց իր այսօրվա գործունեության, Արցախի համար անելիքների, 44-օրյա պատերազմի օրերին ունեցած ցավի ու կարոտի մասին։

«Ես ուրախ էի վազել Արցախի համար և աշխարհին ցույց տալ մեր գեղեցիկ հայրենիքը, ինչպես արեցի 2017 թվականին: 2017 թվականի մրցավազքն աշխարհի ուշադրությունը հրավիրեց մեր գեղեցիկ արահետների, լեռների, գյուղերի, քաղաքների, մշակույթի, երաժշտության, կերակրատեսակների և հատկապես Արցախի գեղեցիկ բնակչության վրա: Ինչպես հայտնի է՝ Արցախում մրցավազք անցկացնելը հետաքրքրություն էր առաջացրել մրցարշավների կազմակերպիչ՝ ամերիկացի Քրիս Կոստմանի մոտ, ով վերջին 30 տարիների ընթացքում միջազգային մրցարշավներ է անցկացրել ամբողջ աշխարհում։ Նա էլ ցանկացավ Արցախում վազքի միջոցառում կազմակերպել և այն էլ ավելի տեսանելի դարձնել աշխարհին։ Իմ առաջին վազքից հետո բազմաթիվ միջազգային վազորդներ գրանցվեցին և պատրաստ էին գալ Արցախ և մասնակցել այս եզակի վազքի միջոցառմանը, սակայն 44-օրյա պատերազմը թույլ չտվեց, որպեսզի դա իրականություն դառնար, քանի որ վազքուղու 75%-ը և Արցախի մի մասը գրավվեց: Այդ ժամանակից ի վեր ես սգում եմ մեր երիտասարդների կյանքերի ու հայրենի հողի կորստի համար»,- պատմեց Թելման:

Կարդացեք նաև

2017 թվականին իր վազքարշավի 3 օրերի ընթացքում Թելմա Ղազարյան-Ալթունը Վարդենիսից-Մարտակերտ ընկած ճանապարհի վրա եղած գրեթե բոլոր գյուղերում եղել է, ծանոթացել բնակիչների հետ, նրանց հետ ճաշել, այսօր այդ օրերը մի կողմից՝ ցավով, բայց նաև սիրով ու կարոտով է հիշում։

«2017 թվականի իմ վազքի ընթացքում թափված իմ քրտինքն ու արցունքները եղել և մնում են մեր հայրենիքի հանդեպ ունեցած մեր ջանքերի և սիրո պատկերը: Իմ նախնիներն Արցախից են: Իմ արյունը, արմատները միշտ կմնան Արցախի հետ: Այո, ես դեռ պնդում եմ, որ մենք բոլորս պետք է թափենք քրտինք, արցունք, տքնաջան աշխատանք, նվիրում և ամենակարևորը՝ ձեռք բերենք ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, որպեսզի միասին ավելի ուժեղ ընթանանք, որպեսզի հնարավորություն ընձեռվի օգնելու Արցախին գոյատևել այս ժամանակահատվածում և, ի վերջո, ևս մեկ անգամ բարգավաճել»,- հավելեց Թելման։

44-օրյա պատերազմից հետո Թելման Արցախ չի գնացել, պատմում էր, որ Միացյալ Նահանգներից սարսափով էր հետևում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գործողություններին։

«Սարսափով էինք հետևում ԱՄՆ-ից, թե ինչ էր տեղի ունենում: Ցավալի էր ամեն օր դիտել և լսել մեր կորցրած երիտասարդ կյանքերի և խլված հողի յուրաքանչյուր մասնիկի մասին: Ես ամեն օր լաց էի լինում: Ես ամեն օր զանգում էի այն ընտանիքներին, որոնց հետ արդեն բարեկամացել էի իմ ճամփորդությունների ժամանակ՝ տարիների ընթացքում: Ես ընկա խորը հուսահատության մեջ, նաև հասկացա, որ այն իրադարձությունը, որին մենք պատրստվում էինք 3-4 տարի, հօդս ցնդեց պատերազմի հետ: Սա կործանարար էր ինձ համար, և միջազգային վազորդները, ովքեր ոգևորված էին Արցախ գալու, այն ուսումնասիրելու և վազելու մտքից, կորցրին դա անելու իրենց հնարավորությունը և, դեռ ավելին, նրանց պետք էր պատմել պատերազմի և դրա հետևանքների մասին:

Արցախի ձայնն այսօր լսելի չէ աշխարհին։ 90-ականների Արցախյան պատերազմից ի վեր, հաջորդ 3 տասնամյակները ծախսվեցին մեր Արցախը վերականգնելու վրա, և ես, ինչպես շատերը, տպավորություն ունեինք, թե մենք խաղաղություն ունենք և հետ ենք նվաճելու մեր հողը, և հավատում էի, որ աշխարհը կճանաչի Արցախը: Ես ականատես եղա, թե ինչպես շատ օտարերկրացիներ ներդրումներ արեցին Արցախի համար, և մեր պետական պաշտոնյաներն ինչպես էին անխոնջ աշխատում մեր երկիրը ներկայացնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Թելման վստահ է, որ կրկին ամբողջական Արցախ ունենալու համար պետք է համախմբված հայ ազգ լինի համաշխարհային մասշտաբով:

«Մենք պետք է համախմբված լինենք Հայաստանում, Արցախում և սփյուռքում, պայքարենք նույն գործի համար, լինենք նույն թիմում և լինենք ՄԻԱՎՈՐՎԱԾ: Եթե հասնենք դրան, ապա կհասնենք միասնական ու անվտանգ Արցախին ու Հայաստանին։

Հայաստանում, սահմանին տեղի ունեցողը մխիթարելի չէ, ազնվորեն: Դա միայն ավելացնում է մեր հուսահատությունը սփյուռքում։ Մենք բոլորս պետք է համախմբվենք և շարունակենք պայքարել և չհանձնվել՝ մեր գոյությունն ու հողը փրկելու համար։ Մենք պետք է երեխաներ ծնենք ու մեծացնենք, ովքեր կանեն նույնը: Մենք պետք է աշխարհում տարբեր քաղաքական ազդեցիկ պաշտոններ զբաղեցնենք, որպեսզի հարգանք պահանջենք մեր հողի և մշակույթի նկատմամբ»,- շեշտեց նա։

Թելման այսօր շարունակում է իր կարիերայով զբաղվել՝ աշխատում է Լոս Անջելեսում:

«Մարզվում եմ իմ հետագա մրցումների համար և մրցում եմ, երբ հնարավորություն կա: Մեծացնում եմ իմ 2 երեխաներին։ Անկեղծ ասած, շատ գաղափարներ և ցանկություններ ունեմ Արցախի հետ կապված, բայց դրանցից ոչ մեկը նշանակություն չունի, քանի որ չեմ ապրում Արցախում։ Իրականում արցախցիների կարիքները և նրանց գաղափարները պետք է հաշվի առնել, այլ ոչ թե իմը: Ես շարունակելու եմ իմ քրտինքն ու արցունքը թափել Արցախի համար: Նաև կշարունակեմ ներկայացնել Արցախը բոլոր այն վազքարշավներին, որոնց կմասնակցեմ ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Թելմա Ղազարյան-Ալթունը։

Հ.Գ. Այս լուսանկարը միջազգային մրցավազքից է, որտեղ Թելման մասնակցում է 2021 թվականին՝ կրելով ՀՀ դրոշը։ 135 մղոն երկարությամբ անդադար մրցուղի՝ երկրագնդի ամենաշոգ վայրում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 130 աստիճանի:

Իսկ այս լուսանկարի աջ կողմում Թելման մրցավազքի մեկնարկային գծում է՝ մրցավազքի տնօրեն Քրիս Կոստմանի հետ, որը ցույց է տալիս Արցախի դրոշը մրցավազքին հետևող հեռուստադիտողներին:

Տեսանյութեր

Լրահոս