Թեստերը շատ բարդ են, պատասխանները՝ վիճահարույց. Ուսուցիչները՝ ատեստավորմանը չմասնակցելու պատճառների մասին
Վիճակագրությունը մեզ ասում է, որ այս պահին շուրջ 30.000 ուսուցիչներից լավագույն հաշվակներով 15 տոկոսն է դիմել ատեստավորման: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է շարունակել, ուսուցիչներին քաջալերելը՝ ևս:
Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ փուլում նաև տարրական դասարանների դասվարներն են հնարավորություն ունենալու մասնակցել ատեստավորմանը, և շրջանը փակվում է, և, ըստ էության, ամեն տարի ատեստավորման հնարավորությունը լինելու է:
«Հաջորդ տարվա առաջին եռամսյակում ավելի կոնկրետ կխոսենք հետևյալի մասին. երաժշտական, արվեստի, սպորտային դպրոցների ուսուցիչների, մարզիչների և մանկապարտեզի դաստիարակ ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը զրուցեց ուսուցիչների հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են նրանք խուսափում ատեստավորումից, ի՞նչ թերություններ են նկատել և փոփոխության ի՞նչ տարբերակներ են առաջարկում:
Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ բնական է՝ ուսուցիչը պետք է տիրապետի առարկային, սակայն գիտելիքի ստուգման այլ տարբերակներ են անհրաժեշտ գտնել՝ ազատել ավելորդ քննություններից, քիչ սթրեսի ենթարկել, ինչպես նաև վերանայել գնահատման համակարգը, քանի որ 4 պնդումից մեկ սխալի համար զրո միավորը օբյեկտիվ չէ։ Նրանց փոխանցմամբ՝ ատեստավորմանը խուսափում են մասնակցել նաև այն պատճառով, որ թեստերը շատ բարդ են, պատասխանները՝ վիճահարույց:
«Մաթեմատիկայի դեպքում, օրինակ, անցած տարի նորմալ, դպրոցական ծրագրին համապատասխան թեստ էին կազմել, դրա համար շատերն էին բարձր միավորներով հաղթահարել, իսկ հայերենի դեպքում բառարաններից, գրականությունից մի բարդ բան գտնում ու ներառում են հարցաշարում: Ո՞վ կարող է արմատական բառարանի հատորները կամ դարձվածաբանական բառարանն ամբողջությամբ անգիր անել»,- ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարինե Հարությունյանը:
«Կոլեգաներիցս մեկը, ով մաթեմատիկայի ուսուցիչ է, մասնակցել էր, նվազագույն շեմը հաղթահարել էր 70 տոկոսով: Եվ քանի որ նա նաև դիմորդների հետ էր պարապում, ասաց, որ գուցե սրա արդյունքում է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, որովհետև թեստերը բավականին բարդ են եղել: Գաղտնիք չէ, որ լարվածության պատճառով հնարավոր է քննությունը տապալել՝ այդպես է աշակերտների, ուսանողների, ինչպես նաև ուսուցիչների դեպքում: Եվ շատ ուսուցիչներ, ովքեր գիտեն, որ չեն կարողանա կառավարել իրենց հույզերը, լարվածությունը, գուցե այդ պատճառով չգնան»,- նշեց մեկ այլ ուսուցիչ:
Հավելենք, եթե ուսուցիչը հավաքում է 70 տոկոս, ապա այս դեպքում դրույքաչափը սահմանվում է 200.000 դրամ: 70-80 տոկոսի դեպքում ուսուցիչը հավելյալ վճարվում է աշխատավարձի 30 տոկոսի չափով: Եթե 80-90 տոկոս է, ապա 40 տոկոսի չափով, 90-100-ի դեպքում՝ 50 տոկոսով: Սակայն, եթե ուսուցիչը 59-69 միավոր է հավաքում, ապա աշխատավարձում որևէ փոփոխություն չի լինում, իսկ 0-59 միավոր հավաքելու դեպքում ուսուցիչը ենթակա է կրկնակի վերապատրաստման:
Ընդգծենք, որ աշխատավարձը բարձրանում է 5 տարի ժամկետով: Բացի դա՝ ուսուցիչները 5 տարին մեկ անցնում են պարտադիր ատեստավորում: