Զատուլինը հրապարակել է ՀՀ-ից իրեն ուղարկված նամակը՝ դա գնահատելով, որպես վիրավորական քայլ իր անձի հանդեպ
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ում հայամետ լոբբիստ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Պետդումայի պատգամավորի պաշտոնական կայքերն ու սոցցանցերը:
Ըստ հաղորդագրության, ՀՀ-ից ստացված նամակում ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
Այս կապակցությամբ Զատուլինը նշում է. «Ես դա գնահատում եմ, որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ: Դա մեզ համար անակնկալ էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում ՀՀ-ին»:
Այս ամենին կցվել է նաև պաշտոնական նամակը, որն ուղարկվել է Զատուլինին ՀՀ ԱԺ արտաքին կապերի կառավարման վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անունից: Կից հրապարակում ենք նաև պաշտոնական նամակը: