«Հավաքական Արևմուտքի սցենարը տարածաշրջանի վերաբերյալ հետևյալն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում, Հայաստանի կողմից Սյունիքի ճանապարհների՝ զրո վերահսկողություն». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից,  «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։

«Խաղաղության պայմանագիր ասվածը դեռևս խաղաղության երաշխիք չէ Նիկոլի իշխանության օրոք մեր թուլացած հայոց պետականության համար։ Այդ խաղաղության պայմանագրի կնքումից հետո պարբերական բնույթ կրող ագրեսիային զուգահեռ՝ լինելու է տնտեսական էքսպանսիա, Թուրքիան պարզապես կուլ կտա մեր երկիրը՝ առաջացնելով լրջագույն դեմոգրաֆիկ խնդիրներ։

Ցավոք, այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մեր անվտանգության երաշխիքը դաշնակից Ռուսաստանն է և բարեկամ Իրանը։ Ավելի ընդգրկուն եթե դիտարկենք, ապա Անդրկովկասում բրիտանաթուրքական հակազդեցությունը նվազեցնելու առումով ռուս-իրանական, գուցե դժվար ընկալելի, բայց միևնույն ժամանակ՝ ակներև համագործակցություն կա։ Այսինքն, Իրանի և Ռուսաստանի քայլերը, վստահ եմ, որ համաձայնեցված են։ Այո, այս պահին կապիտուլյանտական ռեժիմը մեր երկիրը բերել-հասցրել է այնպիսի աղետի շեմի, երբ մենք չենք մեր երկրի անվտանգության երաշխավորը, էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության մասին»,- 168.am հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Այդ համատեքստում, ըստ փորձագետի, Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումը լրջագույն նախազգուշացում էր թուր-ադրբեջանական տանդեմին, որ կա այնպիսի «կարմիր գիծ», որը հատելու պարագայում Իրանի արձագանքը լինելու է կտրուկ։ Իրանի ռազմական պոտենցիալը, թեպետ ոմանց կողմից թերագնահատված է, բայց իրականում վիթախարի է, որն ունակ է զսպելու բրիտանա-թուրքական նկրտումները։ Նման պոտենցիալ ունեցող բարեկամ-հարևան երկիր ունենալը, որի կենսական շահերը համընկնում են հայկական շահերի հետ՝ Հայաստանին լրջագույն անվտանգության հավելյալ երաշխիքներ է տալիս։

Կարդացեք նաև

«Այդ նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, և ըստ ոչ պաշտոնական տվյալների, ռուսական զենքի մատակարարումները վերջին շրջանում ակտիվացել են։ Ըստ էության այդ հանգամանքը հաստատել է նաև Պաշտպանության նախարարությունը, երբ մեկ օր հետո հերքեց գերագույն կապիտուլյանտի անպատասխանատու հայտարարությունն առ այն, թե ինչ-որ դաշնակից երկիր, վճարված գումարի դիմաց զենք չի մատակարարում։ Այսինքն՝ ՊՆ-ն հաստատում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարում է։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումը կասեցվել է ռուսական կողմի գործուն, սակայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված ոչ այդքան բացահայտ աջակցության շնորհիվ։ Այսինքն՝ ռուսական դրոշը բռնած չեն գնացել գրոհի, որպեսզի իրենց համար հավելյալ խնդիրներ չլինեին, բայց եթե չլիներ ռուսական կողմի քիչ նկատելի աջակցությունը, ապա այդ ագրեսիան վերջակետ կդներ հայոց պետականության հեռանկարի վրա»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Նրա դիտարկմամբ, այս ամենից զատ, նախևառաջ՝ Հայաստանը պետք է լինի իր անվտանգության երաշխավորը, որի համար նախ պետք է նպատակ դնել հնարավորինս կարճ ժամկետում վերահաստատելու մեր այն տեղն ու դերը, որը կար տարածաշրջանում։ Սակայն այդ ամենին կարելի է հասնել ոչ այս իշխանության օրոք։ «Հայաստանի ռազմական ներուժի վերականգնումը ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին, ավելին՝ Հայաստանի ռազմական ներուժի արագ վերականգնումը միանգամայն իրատեսական է, որը, հնարավոր է՝ իրականացնի միայն հայրենասեր իշխանությունը։

Այսօր, բացահայտ, Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու քաղաքականություն է տարվում, Արևմուտքը դրա համար իր վերջին ճիգերն է  բանեցնում։ Սա մի քաղաքականություն է, որը միշտ է տարվել, և այն միշտ ունեցել է իր ամենատարբեր դրսևորումները։ Այս ֆոնին Հայաստան են գալիս ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Փելոսին, այնուհետև՝ ԱՄՆ կոնգրեսականներ, որոնցից մեկը բացահայտ հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս, խոսք կարող է լինել հայության ինչ-որ իրավունքներ պաշտպանելու մասին։ Սրան հաջորդում է ԵՄ ինչ-որ չինովնիկի հայտարարություն, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը լուրջ հարց է եղել, և այլն։ Ակներև է, որ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների և բրիտանա-թուրքական տանդեմի շահերը նույնն են։ Հավաքական Արևմուտքի սցենարը տարածաշրջանի վերաբերյալ հետևյալն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում, Հայաստանի կողմից Սյունիքի ճանապարհների զրո վերահսկողություն, որպեսզի միջին ասիական էներգակիրը շրջանցի Ռուսաստանին և դուրս գա Արևմուտք, նաև որպեսզի Հայաստանը լիովին կտրվի Ռուսաստանից ու Իրանից»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ այս սցենարի հաջորդ կետը բրիտանա-թուրքական տանդեմի կողմից Իրանի հյուսիսին հարված հասցնելն է, որի նպատակով էլ Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում մեկը մյուսի հետևից բացում է նոր օդանավակայաններ։

Տեսանյութեր

Լրահոս