Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր և դելիմիտացիա․ ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել վաշինգտոնյան քննարկումից

Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․

«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։

1929 թվականին դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։

Շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, դա նույնպես քննարկվել է»,-ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ քննարկվել ապաշրջափակման հարցը։ Կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա։

«ԼՂ հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծենք, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ կկարողանանք առաջիկայում ձևավորել այս միջազգային մեխանիզմը»,-ասել է Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս