Նիկոլ Փաշինյանի հաշվարկը․ ստորագրություն՝ իշխանության դիմաց

Նիկոլ Փաշինյանը վաղուց ապացուցել է, որ եթե որևէ բան անում է, ապա անում է ոչ թե հանուն պետության, այլ սեփական իշխանության։ Նույնը վերաբերում է նաև ոչինչ չանելուն։ Նա խոսում է հանուն իր իշխանության, լռում է հանուն իր իշխանության, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ակրոբատիկայով է զբաղվում հանուն իր իշխանության, և այդպես շարունակ…  Որպես կանոն, այդ ամենը տեղի է ունենում ի հաշիվ պետականության։

Նա չի էլ թաքցնում՝ ապրում ու գործում է հանուն իշխանության/ընդդեմ պետության։

Հենց այս երկչափ առանցքների տիրույթում է պետք քննարկել առաջիկայում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եթե նա ստորագրելու է, ապա ստորագրելու է հանուն իր իշխանության պահպանման, և հակառակը, եթե հրաժարվելու է ստորագրելուց, ապա դա անելու է կրկին իր իշխանությունը պահպանելու/երկարաձգելու նպատակով։

Կա տարածված կարծիք, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե ցանկանում է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ գիտի՝ դա անելուց հետո իր իշխանությամբ շահագրգիռ բոլոր արտաքին ուժերի համար գործն ավարտված կհամարվի և կհեռացվի իշխանությունից՝ պաշտոնից։ Նշված մոտեցման հիմքում, իհարկե, կա տրամաբանություն, բայց այս կարծիքը չի պատասխանում գլխավոր հարցին՝ որքա՞ն է արտաքին կենտրոններին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը, արդյոք նա կարո՞ղ է անվերջ խաղալ բոլորի հետ։ Պատասխանը, իհարկե, բացասական է, քանի որ նրա ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական կշիռը նման բան ուղղակի թույլ չի տալիս։ Մանր խորամանկությունը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի կրեդոն, աշխարհաքաղաքական մեծ առևտրում չի գործում, լավագույն դեպքում նմանին ուղղակի պատժում են։

Կարդացեք նաև

Բայց գոյության իրավունք ունի նաև երկրորդ կարծիքը, որն էլ, հնարավոր է՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի դրդապատճառների հիմքում։ Եթե նա ստորագրի արդեն նաև Հայաստանի կապիտուլյացիան իրավական շատ ավելի բարձր կարգավիճակով ամրագրող խաղաղության այդ պայմանագիրը, ապա դրա շահառուների համար Փաշինյանի պիտանելիության գործակիցն ու ժամկետը կարող է ոչ միայն չզրոյանալ, այլ հակառակը՝ բազմապատկվել։

Ենթադրյալ խաղաղության պայմանագիրը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, կոմունիկացիոն քարտեզը՝ սկսած Ռուաստանի ու Արևմուտքի համար տարբեր նշանակություններ ունեցող ճանապարհների գործարկումից՝ մինչև ռեգիոնում ռազմական ներկայություն ունեցող երկրների փոփոխություն, և այդպես շարունակ։ Ահա այդպիսի հիմնարար փոփոխություններ ենթադրող փաստաթուղթը Հայաստանի համար ունենալու է ողբերգական, ընդհուպ՝ գոյաբանական նշանակություն, և Նիկոլ Փաշինյանին հաջորդող ցանկացած իշխանություն փորձելու է գոնե ինչ-որ չափով չեղարկել դրա ազդեցությունը։

Դա, իհարկե, գործնականում անհնարին է թվում, սակայն, քաղաքականությունը, այդուհանդերձ, հնարավորությունների արվեստ է, և առնվազն փորձել կարող են բոլորը։

Ահա այդ տեսանկյունից խաղաղության պայմանագրի կնքման բոլոր շահառուներին՝ Արևմուտքից մինչև Թուրքիա, Ռուսաստանից մինչև Ադրբեջան, գուցե բացառությամբ Իրանի, անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթի իմպլեմենտացիան ընթանա հնարավորինս անցնցում, պետք է մեկը, ով կերաշխավորի դրանով նախատեսված առնվազն հիմնարար, ենթակառուցվածքային փոփոխությունների (ճանապարհներ/միջանցքներ, երրորդ երկրների ռազմական ներկայություն, և այլն)  իրականացումն այնքանով, որ դրանք կանցնեն անշրջելիության կետը։

Նիկոլ Փաշինյանից ավելի հարմար թեկնածու իր իսկ ստորագրածի իրականացման համար աշխարհաքաղաքական կենտրոնները հազիվ թե կարողանան գտնել, ինչը նշանակում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրանք ամեն ինչ կանեն՝ նրան հնարավորինս երկար իշխանության պահելու համար։ Ահա այս տեսանկյունից խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը, ինչպես կանխատեսում են շատերը, այլ ճիշտ հակառակը՝ այդ իշխանության երկարաձգման գրավականը։

Իրադարձությունների զարգացման այս սցենարը կանխելու հնարավորությունն ամեն օրվա հետ մոտենում է զրոյի, քանի որ այդ հարցում հասարակությունը գործնականում մնացել է միայնակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը/իշխանության պահպանմանը պատրաստ իշխանությունների և խաղաղության պայմանագրի ստորագրումը որպես իշխանության գալու պատրվակ օգտագործելու պատրաստ ընդդիմությունների միջև։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս