Արիստոկրատ արտաքինով կուրտիզանուհին
Հայաստանն այսօրվա ողբերգական իրավիճակում է հայտնվել, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև այն պատճառով, որ քաղաքականության մեջ շահերը գերակա են դարձել արժեքների նկատմամբ։
Գլոբալ առումով քաղաքականության մեջ արժեքների զրոյացման մասին հայտարարվել է 2018թ․ իշխանափոխության ժամանակ՝ հրապարակում («մենք չենք դավանում որևէ իզմ-ի»), հաջորդող տարիներին դա իրագործվել է արդեն կառավարական առանձնասենյակներում ու խորհրդարանական դահլիճներում։ Մինչդեռ քաղաքականության մեջ շահերի ու արժեքների հարաբերակցությունը և դրանց ներդաշնակությունը չափազանց կարևոր է։
Քաղաքականությունը չի կարող խարսխված լինել միայն արժեքների վրա, առանց շահերի, սակայն նույնկերպ միայն շահ հետապնդող քաղաքականությունը՝ առանց արժեքային հենքի, դեգրադացնում է հասարակությունն ու պետությունը։
Քաղաքական մեխանիզմում արժեքներն ու շահերը կապված են օրգանական, դիալեկտիկական կապով, երբեմն հանդես են գալիս՝ որպես փոխպայմանավորող, փոխլրացնող գործոններ, երբեմն կարող են բացառել իրար։ Սակայն չափազանց կարևոր է, թե դրանցից որն է հանդես գալիս՝ որպես քաղաքականության նպատակ, և որը՝ որպես միջոց։
Ակնհայտ է, որ նպատակներն անհրաժեշտաբար պետք է խարսխված լինեն արժեքների վրա, մինչդեռ շահերը՝ դեպքերի մեծ մասում, հանդես են գալիս՝ որպես այդ նպատակներին հասնելու միջոցներ։ Հայաստանում լայն իմաստով խախտվել է հենց այս հավասարակշռությունը՝ իրական արժեքների բացակայության պատճառով քաղաքականության նպատակների տեղը զբաղեցրել են շահերը, որոնք հանդես են գալիս նեղ խմբային, կուսակցական, կլանային, անձնային շահերի տեսքով։ Իսկ երբ քաղաքականության մոտիվատորը դառնում է շահը, դրան է ստորադասվում ու զոհաբերվում այն ամենայնը, ինչը նորմալ պայմաններում դասվում է արժեքների շարքին։
Միայն շահերով առաջնորդվող իշխանության, քաղաքական վերնախավի համար պետությունը, պետականությունը, որ գերագույն արժեքներ են, հեշտորեն վերափոխվում են սակարկելի երևույթների, և եթե քաղաքական շահը պահանջում է, ապա կարող է իրացվել նաև պետության հաշվին։
Հենց դա է այսօր տեղի ունենում Հայաստանում։ Պետության, պետականության անբեկանելի արժեքները զոհաբերվում են որևէ արժեքի չդավանող իշխանության պահպանման շահին։
Արժեքների ու շահերի աստիճանակարգությունը վերաբերում է առավելապես ներքին քաղաքականությանը։ Արտաքին քաղաքականության մեջ գործնականում ճիշտ հակառակն է՝ որպես կանոն, բոլոր արժեքները ստորադասվում են պետությունների աշխարհաքաղաքական շահերին։ Պարզապես հրապարակային հարթությունում դա տեղի է ունենում գեղեցիկ փաթեթավորմամբ, ինչի արդյունքում, օրինակ, ժողովրդավարական առաջամարտիկ համարվող պետություններն անարգել համագործակցում են ավտորիտար երկրների հետ՝ հանուն իրենց գեոպոլիտիկ շահերի՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, կրկին վեհ-արժեքային կարգախոսներով։
Արժեքների վրա պետք է հիմնվի պետության ներքին քաղաքականությունը, որն արդեն արտաքին քաղաքականության հարթությունում պետք է առաջնորդվի առավելապես պետական շահերով։ Այսինքն՝ անուղղակիորեն պետական շահերը ձևավորվում են՝ որպես արժեքադավան ներքին քաղաքականության արդյունք։
Հայաստանի դեպքում, սակայն, ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Ներքին քաղաքականության մեջ գերակայում են առավելապես մանր շահերը, արժեքները դադարել են հանդես գալ՝ որպես հանրային-քաղաքական հարաբերությունների մոտիվատորներ, ինչի արդյունքում արդեն արտաքին քաղաքականության ասպարեզում արժեքներից զուրկ իշխանությունն ի վիճակի չէ ձևակերպել ու հետապնդել պետական շահ։
Նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դրա արտահայտությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանն իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է ժողովրդավարությունը՝ այն աշխարհում ներկայացնելով՝ որպես Հայաստանի այցեքարտ։
Արտաքին քաղաքականությունը բացառապես պետական շահերի հիման վրա իրականացնող պետությունների համար Հայաստանի այդ դիրքավորումը լավագույն դեպքում կարող է լինել ծիծաղելի և ընկալվել անլուրջ, որովհետև որևէ սոլիդ պետություն արտաքին քաղաքականություն չի իրականացնում այն կառուցակարգով, որն առավելապես ներքին կյանքի կազմակերպման մեթոդ է։
Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է առանց ներքին կայունության համար կենսական նշանակություն ունեցող արժեքների ու առանց արտաքին քաղաքականության համար գոյաբանական իմաստ ունեցող շահերի պետության, որին աշխարհում վերաբերվում են այնպես, ինչպես արքունական հագուկապով կուրտիզանուհիներին. ժպտում են՝ ըստ արարողակարգի, մնացյալն անում են՝ ըստ սեփական շահերի ու նախասիրությունների։ Քաղաքական, թե այլ՝ արդեն կարևոր չէ։