Սա այսբերգի միայն գագաթն է

Հայաստանի տնտեսության երկնիշ աճի հաղթարշավն արտաքուստ շարունակվում է։ Բայց սա այսբերգի միայն գագաթն է։ Իսկ թե ի՞նչ է թաքնված խորքերում, մասնագետները լավ գիտեն։ Մի բան ակնհայտ է՝ եթե չստեղծվեն բավարար հիմքեր ընձեռված հնարավորությունները տնտեսության իրական զարգացումներին ծառայեցնելու համար, հետագայում շատ ավելի մեծ անհարմարությունների առաջ ենք կանգնելու։

Օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց օգոստոսի սոցիալ-տնտեսական զարգացումների պատկերը, որոնց համաձայն, 8 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվությունն ավելացել է՝ հասնելով 13,9 տոկոսի։ Թեև օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ակտիվության աճի տեմպն էլի նվազել է և կազմել ընդամենը 1,5 տոկոս։ Ու դրա հիմնական պատճառն այն է, որ առևտրում ու ծառայություններում անկում է գրանցվել։

Նախորդ ամսվա նկատմամբ ներքին առևտրի շրջանառություններն օգոստոսին նվազել են գրեթե 1 տոկոսով։ Ծառայությունների անկումն ավելի մեծ է եղել՝ 3,3 տոկոս։

Ինչպես հայտնի է, սրանք տնտեսության այն հիմնական հատվածներն են, որոնք դարձել են այս տարվա բարձր աճի հիմքը՝ պայմանավորված դրսից կապիտալի ու մարդկային հոսքերի ակտիվացմամբ։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ է օգոստոսին առևտրի և ծառայությունների ոլորտներում անկում գրանցվել, հավանաբար կապված է հենց այդ գործոնների հետ։ Պետք է ենթադրել, որ այդ ամսին տեղի է ունեցել հոսքերի կրճատում, ինչն էլ ազդել է առևտրի ու ծառայությունների ակտիվության վրա։

Օգոստոսին թեև նախորդ ամսվա համեմատ առևտրի ու ծառայությունների շրջանառությունները կրճատվել են, այնուհանդերձ, տարվա կտրվածքով այստեղ բարձր աճերը պահպանվել են։ Մի դեպքում՝ 13,6, մյուս դեպքում՝ 27,1 տոկոս աճ է գրանցվել։

Սա, իհարկե, ոչ միայն պահանջարկի ավելացման, այլև նախորդ տարվա բազային էֆեկտի արդյունք է։

Համավարակից ու ճգնաժամից հետո, նախորդ տարի Հայաստանի տնտեսությունը, նաև առևտրի ու ծառայությունների ոլորտները չհասցրեցին ամբողջությամբ վերականգնվել։ Այս տարի ցածր բազային էֆեկտին ավելացել են նոր ու էական գործոններ, որոնք ներքին շուկայում լրացուցիչ մեծ պահանջարկ են ձևավորել։ Առևտուրը և ծառայությունները շարունակում են մնալ տնտեսական ակտիվության աճի հիմնական բաղադրիչը, ինչը տեսնում են անցած 8 ամիսներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին առևտրի մասին է։ Արտաքին առևտրի ոլորտում աճերը սկսել են նույնիսկ անգամներով հաշվել։ Բայց դա ո՛չ մեր տնտեսության, և ո՛չ էլ իշխանությունների շնորհքն է։ Այստեղ դեր են խաղում բոլորովին այլ գործոններ, որոնք գալիս են դրսից և իրենց ազդեցությունն են ունենում տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Պաշտոնական տվյալներով, օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ արտաքին առևտրի 2,1 անգամ աճ է գրանցվել։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ ճիշտ նույնքանով աճել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Երկու դեպքում էլ՝ 2,1-ական անգամով։

Որքան էլ ընդունենք, որ արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ներքին սպառման աճ ունենք, անիմաստ է խոսել սպառման կրկնակի ավելացման մասին։

Ներմուծման կրկնակի ավելացումը մեկ բացատրություն կարող է ունենալ. գործ ունենք մեծ ծավալի վերարտահանումների հետ։ Ներմուծվող ապրանքների մի մասը Հայաստանով գնում են այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Դրանով է հիմնականում պայմանավորված նաև արտահանման այն աճը, որն արձանագրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Օգոստոսին այն հասել է 561 մլն դոլարի և նախորդ տարվա համեմատ աճել է 2,1 անգամով։ Այս աճի մեջ գուցե կա նաև ներքին տնտեսության մասնակցությունը, բայց այդ մասնակցությունը շատ ավելի համեստ է, քան արձանագրվող ցուցանիշներն են։

Այսպիսի գործոնների արդյունքում է, որ մեր տնտեսության աճերն այս տարի բարձր են։ Արդեն կան կանխատեսումներ, որ նույնիսկ երկնիշ աճ ենք ունենալու։

Այդ կարծիքին է նաև Կենտրոնական բանկը։ Բանկի վերջին գնահատումներով, տնտեսական աճը կհասնի 12,9 տոկոսի։ Սա անհամեմատ ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումը։ Մինչ այդ՝ ակնկալիքները 5 տոկոսի սահմաններում էին։ Վերջին անգամ այն թարմացվել և կտրուկ բարձրացվել է։

Նման թռիչքը ԿԲ-ն բացատրել է պահանջարկի գործոնների ազդեցությամբ, որոնք շարունակում են պայմանավորվել միջազգային այցելուների և դրամական փոխանցումների զգալի ներհոսքով։

Ըստ այդմ՝ վերանայվել և բարձրացվել են ակնկալիքները գրեթե բոլոր ոլորտներում։ Այս տարվա համար ԿԲ-ն ծառայությունների 19,4 տոկոս աճ է կանխատեսում։ Շինարարության աճը գնահատվում է 14,1 տոկոս։

Նույնիսկ գյուղատնտեսության ոլորտում է ԿԲ-ն աճի ակնկալիք դրել, չնայած առաջին կիսամյակի արդյունքներով, տնտեսության այս ճյուղում բավական մեծ անկում է գրանցվել՝ 5,5 տոկոսի չափով։ Թե ինչի՞ վրա է ԿԲ-ի հույսը, դժվար է ասել։

Հայտնի է սակայն, որ արդեն տևական ժամանակ կառավարությունում մտմտում են հաշվառման նոր մեթոդաբանություն ներդնել գյուղատնտեսության մեջ, որի նպատակն այս տևական անկումը կասեցնելն է։ Երբ իրական զարգացումներով չեն կարողանում ոլորտը հանել անկումից, օգնության է գալիս վիճակագրությունը։

Ինչևէ, այս պահին, բացառությամբ գյուղատնտեսության, տնտեսության մյուս բոլոր ոլորտներում պաշտոնական վիճակագրությունը շարունակում է բարձր աճեր գրանցել։ Ութ ամսվա տվյալներով, արդյունաբերության աճը կազմել է 9,2 տոկոս, իսկ շինարարությանը՝ 14,2 տոկոս։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ ավելացել է 16,6 տոկոսով։

Արտաքին առևտրի աճերը տարեսկզբի 8 ամիսների արդյունքներով, անցնում են 50 տոկոսից։ Արտահանումն աճել է գրեթե 53, ներմուծումը՝ ավելի քան 58 տոկոսով։

Այս ցուցանիշներին նայելիս, տպավորություն է, որ մեր տնտեսությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում կրկնել, մեծ վերելք է ապրում։ Բայց դա խաբուսիկ է։ Այդ աճերը շատ քիչ կապ ունեն մեր տնտեսության իրական զարգացումների հետ։ Եթե արտաքին գործոններով պայմանավորված ներմուծվող ապրանքների կարիքը ներքին ու արտաքին շուկաներում ավելացել է, մեծապես ազդելով արտաքին ու ներքին առևտրի շրջանառությունների վրա, դա դեռ չի նշանակում, թե մեր տնտեսությունը վերելք է ապրում։ Առևտրից ու ծառայություններից բացի, անշուշտ, տնտեսության այլ հատվածներում ևս որոշակի աճեր կան։ Ու դրանցից առաջին հերթին պետք է առանձնացել շինարարությունը։ Բայց շինարարությունն էլ ունի աճի իր հիմնավորումները, որոնք պակաս խնդրահարույց չեն ու հետագայում կարող են ոչ միայն ոլորտը, այլև անշարժ գույքի շուկան ու ֆինանսական համակարգը կանգնեցնել փաստի առաջ։

Այն աճերը, որոնք կան այս տարի մեր տնտեսության մեջ, ոչ թե ուրախանալու ու համաշխարհային մակարդակի հաջողություններից խոսելու, այլ լրջորեն մտածելու առիթ են տալիս կառավարությանը. Ինչպե՞ս անել, որ ստեղծված հնարավորությունները, որոնք ժամանակավոր են, ծառայեցնել տնտեսության պոտենցիալի ավելացմանը և երկարաժամկետ աճի հիմքերի ստեղծմանը։ Եթե չստեղծվեն այդ հիմքերը, ինչ-որ պահից տնտեսությունը հայտնվելու է ոչ պակաս կտրուկ ռեցեսիայի մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս