ԱՀԿ գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի հանձնառությունն անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները․ կողմերն անդրադարձել են նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և իրականացման գործընթացը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների վրա։ Նախարարի խոսքով՝ նոր համակարգի ներդրմամբ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը դարձել է առավել պարզ, թափանցիկ ու հասցեական՝ հնարավորություն ստեղծելով բազմակողմանիորեն գնահատել քաղաքացիների կարիքները, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շեշտել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած ոլորտային համագործակցության դերն ու այս համատեքստում ողջունել Հայաստանի հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ Հայաստանում համատեղ միջոցառում անցկացնելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս