Տնտեսական աճերի մասին խոսելիս՝ Հայաստանի իշխանությունները տարածաշրջանով չեն բավարարվում, «համաշխարհային մակարդակի» աճերից ու «վագրային թռիչքներից» են խոսում։ Բայց մինչ տնտեսությունը «համաշխարհային մակարդակի» աճերի ու «վագրային թռիչքների» մեջ է, պարզվում է՝ տնտեսության ամենաառանցքային ոլորտը, ի դեմս արդյունաբերության, խղճուկ վիճակում է։
Հայաստանի տնտեսության երկնիշ աճի հաղթարշավն արտաքուստ շարունակվում է։ Բայց սա այսբերգի միայն գագաթն է։ Իսկ թե ի՞նչ է թաքնված խորքերում, մասնագետները լավ գիտեն։ Մի բան ակնհայտ է՝ եթե չստեղծվեն բավարար հիմքեր ընձեռված հնարավորությունները տնտեսության իրական զարգացումներին ծառայեցնելու համար, հետագայում շատ ավելի մեծ անհարմարությունների առաջ ենք կանգնելու։