Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Իսրայելն, ինչպես և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, չեն ձգտում փոխզիջումային լուծման հասնել Գազայի հատվածում զինադադարի հաստատման շուրջ ընթացիկ բանակցություններում․ դա լրջորեն բարդացնում է բանակցային գործընթացը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս կարծիքն է հայտնել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նստաշրջանի շրջանակներում։
«Կողմերից յուրաքանչյուրը ներսից լուրջ ճնշման տակ է՝ փոխզիջման հասնելու դեմ, և դա լրջորեն բարդացնում է գործը: Ոչ ոք չի ձգտում օպտիմալ լուծման, որը կծառայեր բոլոր ներգրավվածների շահերին. դրա փոխարեն, կողմերից յուրաքանչյուրը խոսում է միայն իր դիրքորոշման մասին և չի ցանկանում մեղմացնել այն», – ընդգծել է Մադբուլին՝ հավելելով, որ «այս պահին բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն ընդամենը մի շարք կետերի շուրջ»։
Նրա կարծիքով, «միայն բանակցային գործընթացի հաջողությունը կօգնի խուսափել Ռաֆահում ռազմական գործողությունից», և Եգիպտոսն ամեն ջանք գործադրում է այդ նպատակին հասնելու համար։
Մադբուլին նշել է, որ իր պետությունը «մարդասիրական տեսանկյունից պատրաստ է ընդունելու պաղեստինցիներին Ռաֆահ ներխուժման դեպքում», սակայն չի ցանկանա իրադարձությունների նման զարգացում, քանի որ դա կնշանակի «պաղեստինյան հարցի վերջնական լուծում» այն պայմաններով, որոնք բացառում են Պաղեստինի անկախ պետության ստեղծումը»։ Եգիպտոսի նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն, որը չի հիմնվի երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծման վրա, կլինի կարճատև, և կբորբոքվի նոր ճգնաժամ, որը «բացասական ներգործություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա»: