Որքան ազդեցությունները թուլանում են, այնքան զեղծարարությունները կատարելագործվում են
Եվս մեկ տարի Հայաստանի տնտեսությունն արտաքուստ փակեց բարձր տնտեսական աճով։
Պաշտոնապես անցած տարի էլ գրեթե երկնիշին մոտ տնտեսական աճ ունեցանք։ Ոչինչ, որ այն շինծու է ու հեռու իրական զարգացումներից։
Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերը կապված չեն տնտեսության զարգացումների հետ։ Տնտեսությունն աճում է, իսկ զարգացում չկա։ Տնտեսության կառուցվածքը դրանից ավելի լավը չի դառնում։ Ընդհակառակը՝ մի բան էլ վատանում է։
Բազմաթիվ կարևոր ոլորտներում ունենք արտադրության ծավալների անկում։
Տնտեսության աճերը կառուցված են հիմնականում արհեստական աճերի վրա։
Դրանում դժվար չէ համոզվել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ, հատկապես՝ իրական հատվածում։ Բավական երկար ժամանակ արդյունաբերությունն անկումային էր։ Տարեվերջին հանկարծ աճեր գրանցեց՝ առանց հիմքերի։ Պարզվեց՝ աճը գերազանցապես մեկ ճյուղի՝ ոսկերչության հաշվին է։ Չնայած նրան, որ ոսկերչության ոլորտում արտադրական նոր հզորություններ չէին ստեղծվել, արտադրության ծավալները նոյեմբերին միանգամից ավելացան։ Նույնը տեղի ունեցավ նաև դեկտեմբերին։ Ու այս մեկ գործոնի շնորհիվ՝ արդյունաբերությունը դուրս եկավ անկումից, նույնիսկ 4 տոկոսից ավելի աճ գրանցեց։
Իհարկե, իշխանություններն այդպես էլ սրան որևէ բացատրություն չտվեցին։ Թեպետ առանց դրա էլ պարզ էր, որ իրականում ոչ մի աճ էլ չէր եղել։
Հերթական անգամ գործ ունեցանք շինծու աճերի հետ։ Դրսից ապրանքները բերեցին Հայաստան, ձևակերպեցին՝ որպես հայկական արտադրության ապրանքներ, մտցրեցին արտադրության ցուցանիշների մեջ, ցույց տվեցին, թե իբր դրանք արտադրվել են Հայաստանում, հետո արտահանեցին։
Չեղած տեղից միանգամից մի քանի թիրախ խփեցին. մի կողմից՝ ներկայացվեց, որ ներքին արտադրության ծավալներն անգամներով աճել են, մյուս կողմից՝ ներմուծման ու արտահանման ցուցանիշներն այդքանով ավելացան։
Ընդամենը մեկ գործողությամբ՝ մի քանի տեղ բարձր աճերի իմիտացիա ստեղծվեց։
Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչի վրա են հիմնված մեր տնտեսության այդքան փառաբանված բարձր աճերը։ Որքան արտաքին միջավայրից Հայաստանի տնտեսության վրա փոխանցված դրական շոկերը թուլանում են, դրանց հետ կապված աճի տեմպերն ընկնում են, այնքան իշխանությունների զեղծարարություններն ավելի են կատարելագործվում։
Նման մեթոդներով հավանաբար առաջիկայում էլ բարձր աճեր կարձանագրենք։
Չզարմանաք, եթե այս տարվա սկզբին արդյունաբերության մեջ նույնիսկ 15-20 տոկոսանոց աճերի ականատես լինեք։
Աճեր կլինեն, բայց զարգացումներ՝ ոչ։ Այնպես, ինչպես վերջին երկու տարիներին։
Այսպիսի տեղաշարժերի վրա են հիմնված նաև առևտրի բարձր աճերը։ Դրանց շնորհիվ էլ այն դարձել է տնտեսության աճի «առաջամարտիկը»։
Աճի կառուցվածքում առևտրի բաժինը հասնում է՝ 80, երբեմն՝ ընդհուպ 85 տոկոսի։ Այն առևտրի, որը գերազանցապես ներմուծում-արտահանում է։
Հիմա պատկերացրեք, եթե դա չլիներ, ինչպիսի՞ն կլիներ տնտեսության իրակական աճը, կամ ընդհանրապես կլինե՞ր, թե՞ չէր լինի։ Միայն տարեվերջի երկու ամիսներին, ոսկեգործության թվացյալ աճերի արդյունքում, մեր արտաքին առևտուրը մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելացավ։ Դրանով էր պայմանավորված, որ ինչպես՝ արտահանման, այնպես էլ՝ ներմուծման աճերը, որոնք գնալով թուլանում էին, տարեվերջին կրկին ակտիվացան՝ իրենց ազդեցությունը թողնելով տարեկան տնտեսական աճի ցուցանիշների վրա։
Առևտուրը տնտեսության աճի ամենամեծ բաղադրիչն է։ Բայց դա մեր տնտեսության արդյունքը չէ։
Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետներից մեկը մի գրություն էր թողել սոցիալական ցանցերում, որը մեկ անգամ ևս բացահայտում է մեր տնտեսության որակը, արտաքին առևտրի բարձր աճերի պատճառները։
«Հայաստանի մաքսային ոստիկանության երկար ու փառավոր պատմության մեջ Եվրամիությունից բեռնափոխադրումների այսքան մեծ հոսք չի գրանցվել, էլ չասած այն փաստի մասին, որ այս ամենը փաթեթավորվում և ուղարկվում է Մոսկվա»,- գրել էր ԱՄՀ պաշտոնյաների մեկը։
Զարմանալի չէ, որ արտահանումը մեծ տեմպերով աճում է այն պարագայում, երբ մեր տնտեսության արտահանելի ճյուղերում արտադրության ծավալները նվազել են՝ սննդամթերք, խմիչքներ, հագուստ, մեքենա-սարքավորումներ, մեխանիզմներ և այլն։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Դրա պատճառով նվազել է նաև վերամշակող արդյունաբերության ոլորտի հայկական ապրանքների արտահանումը։ Խոսքն առաջին հերթին պատրաստի սննդամթերքի արտադրության ու արտահանման մասին է։
Գյուղատնտեսության մեջ ևս արտադրության ծավալները նվազել են՝ հերթական անգամ, տարիներ շարունակ արձանագրվող անկումներից հետո։
Կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը բյուջեի հատկացումների մասին խոսելիս հպարտանում են, որ գյուղոլորտի ֆինանսավորումը աստղաբաշխական տեմպերով ավելացրել են, բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, օժանդակում են գյուղատնտեսությանը, միլիարդներ են ծախսում, բայց անարդյունք։ Ամեն տարվա վերջում բախվում ենք այն տխուր իրողության հետ, որ գյուղատնտեսությունը կրկին անկումային է, արտադրության ծավալները նվազում են։
Անցած տարի էլ նվազեց՝ 0,3 տոկոսով։ Գուցե նվազումն առաջին հայացքից մեծ չէ, բայց նախորդ մի քանի տարիների նվազեցումներից հետո, դժվար չէ պատկերացնել, թե ինչի հետ գործ ունենք։
Այնտեղ ենք հասել, որ պարենային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Պարենային անվտանգության խնդիրները լուծելու գործում գյուղատնտեսության դերը մեծանալու փոխարեն, նվազում է, ինչը չի կարող չանհանգստացնել։ Հատկապես աշխարհաքաղաքական առկա իրողությունների ու անորոշությունների պայմաններում։
Այսպիսին է մեր տնտեսության վիճակը։ Արտաքուստ աճեր կան, բայց զարգացում չկա։ Եղածն էլ շինծու աճեր են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով ու ժամանակավոր նպաստավոր գործոններով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ