Սա ֆանտաստիկ է. նման բան աշխարհի որևէ տնտեսության մեջ չես գտնի
Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր անհավանական «հաղթարշավը»։ Տարին կրկին մեկնարկել է բարձր աճերով։ Բայց ոչ թե տնտեսությունն է աճում, այլ միայն ցուցանիշները։
Տնտեսությունը նախկինի նման պասիվ է, տնտեսության մեջ զարգացում չկա, չնայած տնտեսական աճի ցուցանիշները նոր բարձունքներ են նվաճում։
Զարմանալի չէ, որ տարեսկզբին արդյունաբերության արտադրանքի ծավալը 21 տոկոսով աճել է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նվազել։
Արտադրվող էլեկտրաէներգիան, որը պիտի օգտագործվեր արդյունաբերության մեջ արտադրանք թողարկելու համար, չի ավելացել, բայց տեսնում ենք, թե ինչպիսի «բուռն» ակտիվություն է գրանցել արդյունաբերությունը։
Նման բան աշխարհի որևէ տնտեսության մեջ չես գտնի։ Սա ֆանտաստիկ է, որովհետև չի կարող արդյունաբերության արտադրանքի ծավալը 21 տոկոսով ավելանալ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6,4 տոկոսով նվազել։ Այն էլ՝ նախորդ տարվա նվազումից հետո։
Նախորդ տարվա սկզբին էլ էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կրճատվել էր 1,5 տոկոսով։ Նախորդ տարվա կրճատման վրա, այս տարի ավելի շատ է կրճատվել, բայց արդյունաբերության արտադրանքի աճի տեմպն անգամներով ավելին է եղել։
Թե սա ինչպե՞ս է հնարավոր, դժվար չէ հասկանալ։ Իրականում ոչ թե արդյունաբերությունն է աճել, ավելի շատ արտադրանք է թողարկվել, այլ վերարտահանումների սխեմաներն են կատարելագործվել։ Նախկինում ապրանքները ներմուծում, ուղղակի վերարտահանում էին, վերջին ամիսներին սկսել են ներմուծել, փաստաթղթերով հայկականացնել, հետո վերարտահանել ու ցույց տալ, թե իբր արտադրվել են Հայաստանում։
Սա ևս պատժամիջոցները շրջանցելու մի ձև է, որը նախորդ տարվա վերջից կիրառում են Հայաստանի իշխանությունները։ Դրսում դա լավ գիտեն, բայց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ չտեսնելու են տալիս։ Թողնում են, որ մարդկանց աչքին թոզ փչեն, տնտեսական մեզ հայտնի աճերը ցույց տան, չտեսնված հաջողությունների ու ձեռքբերումների տպավորություն ստեղծեն։
Ոչ մեկը չի ասում, թե ինչպե՞ս եղավ, որ արտադրության համեստ ծավալները որոշ ոլորտներում տասնյակ անգամներով հանկարծ սկսեցին ավելանալ։ Մեկ ամսում ավելի շատ ապրանք արտադրվեց, քան տարվա մյուս բոլոր ամիսներին միասին վերցրած։ Ինչի՞ հաշվին, երբ արտադրական հզորությունները չեն ավելացել, նոր արտադրություններ չեն ստեղծվել։ Ամեն ինչ մնացել է նույնը, իսկ արտադրության ծավալներն անգամներով ավելացել են։
Պարզ է, որ դա տնտեսության հաշվին չի եղել։ Վերջին շրջանում վերարտահանումները դարձել են ոչ միայն մեր արտաքին առևտրի, այլև արդյունաբերության բարձր աճերի պատճառը։
Այսպիսի միջոցներով, չի բացառվում, որ առաջիկայում տնտեսությունը, առավել ևս՝ արդյունաբերությունը, շատ ավելի մեծ ու ֆանտաստիկ աճեր գրանցի։ Բայց տնտեսությունը շարունակի մնալ նույնքան խղճուկ վիճակում, որքան նախկինում։
Աճերը, որոնք կային նախորդ երկու տարիներին, և տեսնում ենք այս տարվա սկզբին, առավելապես կապված են ռուսական գործոնի հետ։ Մի կողմից՝ այլ երկրներից ապրանքներ են ներմուծվում ու մատակարարվում ռուսական շուկա, մյուս կողմից՝ մեր միջոցով ռուսական ապրանքներն են դուրս գալիս այլ երկրների շուկաներ։ Սա բխում է Ռուսաստանի շահերից, բայց արանքում շահում են նաև Հայաստանի իշխանություններն ու նրանց հովանավորյալները։
Այս շահն է, որ ստիպում է Ռուսաստանին մեղմ վերաբերվել մեր իշխանությունների ցուցաբերած քաղաքական չարաճճիություններին։ Այլապես՝ դրանց համար հիմա հարկադրված էինք եղել շատ մեծ գին վճարել։
Բայց սա ժամանակավոր առավելություն է, որից այս փուլում իշխանությունները փորձում են հնարավորինս մեծ օգուտներ քաղել։ Իսկ թե ինչ կլինի հետո, երբ Հայաստանի դերը պատժամիջոցների շրջանցման հարցում դադարի կարևորվել, կարծես դժվար չէ պատկերացնել։
Երեկվա ու այսօրվա տնտեսական աճերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, գերազանցապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունք են։ Նախկինում դա արտահայտվում էր մարդկային ու ֆինանսական կապիտալի հոսքերով, արտաքին առևտրի սպասարկմամբ, վերջերս՝ նաև ներմուծվող ապրանքների հայկականացմամբ ու արդյունաբերության աճերի տեսքով։
Հաշվի առնելով ռուսական ապրանքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ռուսական ոսկին, ալմաստն ու ադամանդը բերում են Հայաստան, ներկայացնում, թե Հայաստանում վերամշակում են անցել, ու արտահանում Միացյալ Էմիրություններ, նաև Հոնկոնգ։ Հետո էլ հպարտանում են, թե՝ տեսեք, ԱՄԷ-ն դարձել է Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը։ Նաև ֆինանսական մեծ հոսքեր են սկսել գալ այդ երկրից, իբր տնտեսական հարաբերությունները զարգացել են։ Թեև իրականությունը բոլորովին այլ է։
Արտաքին նպաստավոր գործոններից զատ, տարեսկզբի տնտեսական աճի ցուցանիշների վրա ուղղակի ազդեցություն է ունեցել նաև Արցախի մեր 120 հազար հայրենակիցների բռնի տեղահանումը։ Ճիշտ է, նրանց մի մասն իշխանությունների ցուցաբերած «հոգածության» հետևանքով արդեն լքել է Հայաստանը, բայց մեծամասնությունը շարունակում է մնալ։ Դա Հայաստանում լրացուցիչ պահանջարկ է ձևավորել, ինչն իր ազդեցությունն է ունեցել առևտրի և հատկապես ներքին առևտրի շրջանառությունների վրա։
Ներքին առևտրի ոլորտում տարեսկզբին գրանցված ավելի քան 19 տոկոս աճն առաջին հերթին դրանով է պայմանավորված։
Թեև պահպանվում է նաև արտաքին ազդեցությունը, այնուհանդերձ դրա դերը գնալով թուլանում է՝ կապված Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածների մի մասի հեռանալու հետ։
Այդ հանգամանքն առավել տեսանելի է հատկապես ծառայություններում, որտեղ աճի նախկին բարձր տեմպերն այլևս չեն երևում։
Տարեսկզբին ծառայությունների ոլորտում աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս։
Այդ միտումը սկսեց նկատվել նախորդ տարվա վերջից, երբ ծառայությունների աճերը դադարեցին նախկինի նման բարձր լինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ