«Չպիտի ընկնենք հակառակ ծայրահեղության մեջ, ասենք, որ եթե այսպիսի իրավիճակում ենք, ապա պիտի զինվենք և հարձակվենք՝ ո՛չ». Քրիստիննե Գրիգորյան
«Իրականում, երբ խոսում ենք նման բարբարոսությունների, Մարդու իրավունքների լայնածավալ խախտումների մասին, սրանք փաստեր են, որոնք պետք է ընկած լինեն այդ խաղաղության խոսակցությունների սեղանի վրա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ ցուցաբերած վայրագություններին։
Միաժամանակ Քրիստիննե Գրիգորյանն ասաց՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, չի համարում, որ պետք է խոսեն պատերազմի մասին և ասեն, թե չեն ուզում խաղաղություն ստեղծելու ջանքեր ստեղծեն կամ իրապես չեն ուզում խաղաղություն։
«Անձամբ իմ հանդիպումների ժամանակ տարբեր համայնքներում, հենց սեպտեմբերի 17-ին նույն Գեղարքունիքի ուղղությամբ, Ջերմուկում, Սյունիքում, մեր բոլոր հանդիպումների ժամանակ, մեզ հանդիպած մարդիկ, երբ հաշվառում էինք, թե ինչի կարիք ունեն, ինչպես է պետությունն արձագանքում, որոնք են խնդիրները, մարդկանց առաջինը բանը՝ մենք ուզում ենք խաղաղություն, որը կերաշխավորի անվտանգություն։ Սա է, մենք, բնականաբար, նաև հակառակ ծայրահեղության մեջ չպիտի ընկնենք, ասենք, որ եթե այսպիսի իրավիճակում ենք, ապա պիտի զինվենք և հարձակվենք՝ ո՛չ։ Կարծում եմ՝ դա ամենակործանարար խոսակցությունն է և դա ամենակործանարար միտքն է, մենք պիտի ամեն ջանք դնենք խաղաղություն ապահովելու համար, որը պիտի երաշխավորի անվտանգություն։ Ես էլի եմ ասել, որ անվտանգության բացարձակ երաշխիքներ չկան, բայց խաղաղությունը կարող է մեծապես օգնել»,- եզրափակեց նա։