Ինչպես են Նոր Հայաստանում պաշտոններ ստանում. մի սովորական փոխնախարարի պատմություն

Կյանքում լինում են շրջադարձային իրադարձություններ, որոնք կյանքիդ սովորական ընթացքի վրա նշանակալից ազդեցություն են գործում: Նման շրջադարձային իրադարձություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարար Արմեն Սիմոնյանի (համակարգում է տրանսպորտային ոլորտը՝ ավիացիա, ավտոճանապարհային տրանսպորտ, երկաթուղի) համար եղավ 2018թ. իշխանափոխությունը, երբ վերջինիս հեղափոխական ընկեր Սուրեն Պապիկյանը դարձավ նախարար:

Արմեն Սիմոնյանը ծնվել է 1989թ. Երևանում, ցուրտ ու մութ 90-ականների սկզբում Սիմոնյանների ընտանիքը երկու փոքր որդիների հետ միասին մեկնել է ռուսական Վելիկիե Լուկի փոքր քաղաք, որտեղից հայրենիք վերադարձավ 1999թ., երբ Ռուսաստանին պատուհասել էր ճգնաժամը: Ավարտելով դպրոցը՝ 2006թ. Արմեն Սիմոնյանն ընդունվել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ: Ուսումնառության ավարտին մեկնել է ՌԴ՝ սովորելու Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ մոռանալով ծառայել բանակում: Այս առնչությամբ անգամ նրա վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով:

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում ապագա ՏԿԵ փոխնախարարի կյանքը ձանձրալի ընթացք ուներ: 2014թ. ամռանը Սիմոնյանը ստանում է ՌԴ քաղաքացիություն, սովորում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում, աշխատում է նախ՝ որպես լաբորանտ, հետագայում դասավանդում է կենսաֆիզիկայի ամբիոնում և աստիճանաբար ավարտին հասցնում թեզը: Կողքից գումար էր աշխատում՝ թարգամանություններ կատարելով: Ճիշտ է, բիզնեսն առանձնապես եկամտաբեր չէր, սակայն Արմեն Սիմոնյանը երկու գրասենյակ ուներ՝ մեկը՝ Նևսկիում, մյուսը՝ Պրիմորսկիում: Որպես անհատ ձեռներեց՝ նա նաև ռեստորաններին ու սրճարաններին սննդամթերք էր մատակարարում: Մոռանալով հարկեր վճարել՝ ճիշտ այնպես, ինչպես մոռացել էր ՀՀ Զինված ուժերում ծառայելու մասին, հայտնվում է ՌԴ հարկային տեսչության տեսադաշտում, ապա և՝ սև ցուցակում:

Արմեն Սիմոնյանի եղբայրը՝ Պարույր Սիմոնյանը, նույնպես Սանկտ Պետերբուրգում էր. ամուսնացել էր ռուս կնոջ հետ, ունեցել երեխաներ: Իրենց մեծ ընտանիքով գրանցվում են Պարույրի կնոջ բնակարանում, Սանկտ Պետերբուրգին մոտ գտնվող Շուշարի ավանում: Պարույրը զբաղվում էր կիսաֆաբրիկատների ու պատրաստի կերակրատեսակների արտադրությամբ. անգամ ֆիրմա ուներ՝ «Յունիքս» անվանմամբ:

2018թ. ակնհայտորեն ձանձրանալով գիտությամբ զբաղվելուց՝ Արմեն Սիմոնյանը վերջնականապես հեռանում է գիտական ոլորտից, գրանցում «Ալկոլիկո» ընկերությունը, գնում է նոփ-նոր բալագույն «Գազել» մակնիշի ավտոմեքենա ու սկսում զբաղվել ալկոհոլային արտադրանքի տեղափոխման ու իրացման հարցերով:

Ընդհանուր առմամբ քիչ-քիչ բիզնեսը սկսում է զարգանալ: Որպես գործընկեր՝ սկսում է աշխատել Ալեքսեյ Լուպիրի՝ իր ընկերոջ հետ, ով նույնպես Սանկտ Պետերբուրգում եկվոր էր: Այստեղ նա ծնողների հետ տեղափոխվել էր 2011թ. Յուժնո-Սախալինսկից ու նույնպես բնակվում էր Շուշարի ավանում:

Մի խոսքով, հայաստանյան իշխանափոխությունը 2018թ. խաթարեց Արմեն Սիմոնյանի բիզնեսի համահունչ զարգացումն ու անձնական կյանքը Սանկտ Պետերբուրգում՝ վերածվելով էքսպոնենտալ զարգացման:

Արմեն Սիմոնյանը վերադառնում է Հայաստան, փակել է տալիս զինծառայությունից փուսափելու առնչությամբ իր նկատմամբ հարուցված քրեական գործը, որպեսզի զբաղեցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարարի պաշտոնը:

Հաջողակ բիզնեսը վերագրանցում է գործընկերոջ՝ Ալեքսեյ Լուպիրի անվամբ, որին մինչ այդ պատկանում էր ընկերության կեսը:

Սակայն փոխնախարարի մակարդակով Արմեն Սիմոնյանը ստիպված է լուծել ոչ թե տակտիկական առևտրային խնդիրները, այլ առավել մասշտաբային ռազմավարական հարցեր:

Հենց իր՝ Արմեն Սիմոնյանի կարծիքով՝ նման ռազմավարական քայլ էր իր կողմից իր գործընկերոջը՝ Ալեքսեյ Լուպիրին, Հայաստան հրավիրելը:

Այստեղ Սիմոնյանը Լուպիրին աշխատանքի է տեղավորում «Հարավկովկասյան երկաթուղիներում», քանի որ հենց ինքն է որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ համակարգում երկրի տրանսպորտային ոլորտը:

«Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնում Լուպիրը իբրև թե պետք է զբաղվի Սիմոնյանի համար ընկերության ներսից ինֆորմացիայի ապահովմամբ, որը հենց Սիմոնյանն էլ համակարգում է:

Մի խոսքով, Արմեն Սիմոնյանը թե՛ ընկերներին չի մոռանում, և թե՛ բազմապատկում է իր ունեցվածքը: Ինչ վերաբերում է տրանսպորտային ոլորտին, սանկպետերբուրգցի նորաթուխ կենսաբանը կամ առևտրականը դրա հետ առնչություն ունի ճիշտ այնքան, որքան Նիկոլ Փաշինյանը՝  ացտեկների ճարտարապետության:

Իսկ այն, որ նա խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ հանդիսանում է այլ պետության քաղաքացի, բացարձակապես կարևոր չէ: Չէ՞ որ «նոր Հայաստանում» ոչ մի կարևոր ու սկզբունքային բան չկա, բացի լիքը ստամոքսից ու թուրքական երաժշտության տակ պարելուց:

ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս