
ՊՆ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունն օրերս այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ռազմաուսումնական հաստատություններ:
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է գործընկերների հետ՝ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության հարցերի շուրջ:
Կողմերը կարևորել են ռազմակրթական ուղղությամբ հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս առումով, ԱՄՆ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են գործակցել Հայաստանի հետ` պաշտպանական ոլորտի ազդեցիկ առաջնորդներ պատրաստելու գործում: