«Շենք են սարքում, ասֆալտ են փռում, ինչ շենք ու ասֆալտ՝ բանակին զենք ու զորք է պետք». Ազատամարտիկ

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ բոլորի աչքի առաջ հայրենիք են կորցնում, ինչը կանխելու համար պետք է յուրաքանչյուրը զինվորագրվի ու դուրս գա պայքարի՝ հաշվի առնելով, թե երկրի կառավարման ղեկին նստած անձն ինչ ցանկություններ ունի։

«Այս ընթացքում այցելել եմ Ջերմուկ, եղել եմ մի քանի դիրքում, քաղաքին մոտ բնակավայրերում գրեթե կին ու երեխա չկար։ Ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց տուն ու տեղը թողնեն, երկիրը պաշտպանված չէ, զինվորն իր տեղում է, իսկ մյուսները՝ ոչ։ Մեզ մի բան է մնում՝ համահայկական հավաք, հենց այդպես, այսօր ոչ մի դեպքում կարևոր չէ, թե ղեկավար կոչվածն ինչ է ղեկավարում, պետք է կանգնել ու գնալ համազգային հավաքի։ Այսօր Ջերմուկն է, վաղը՝ Գորիսն ու Կապանը, հետո՝ Մեղրին, այսպես երկիրը կավարտվի ու կկործանվի։  Ի վերջո, մեր ժողովուրդը ե՞րբ է  արթնանալու, իհարկե, մի հատվածն արթուն է, և գիտակցի, որ հայրենիքն ամեն մեկի կարիքն ունի։ Երկիրը պետք է ազատագրվի ու փրկվի այս մեծ աղետից։ Քանի դեռ մեր ժողովրդի 30 տոկոսից ավելին քնած է կամ մոլորված, միշտ էլ այսպես է լինելու։ Թող այդ մոլորվածները գնան թուրքի մոտ, հրապարակավ ասեն՝ եկել են «նոքար» դառնան, պրծնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը։

«Արծիվ» մահապարտների գումարտակի անդամի կարծիքով, եթե երկրի ղեկավարն իր տեղում չէ, ապա մարդիկ կարող են ինքնակազմակերպվել, պարզապես մեկ հրաման է պետք, բոլորը իրար նայեն, երդում տան ու զենքով մեկնեն սահման։

«Ես դիրքերով շրջել եմ, մեր բոլոր զինվորներն իրենց տեղերում են։ Խաչիկ գյուղի դիրքերում տղաներն ամուր կանգնած են, պարզապես նրանց թիկունք է պետք։ Կանգնած են թուրքի դիմաց, տեսնում են, որ մեծ կուտակումներ կան, բայց ամուր են։ Թող զինվորի զենքը, վառելիքը, ջուրը ժամանակին հասցնեն, ու էլ զինվորին բան պետք չէ, ինքն առաջ կգնա։ Կարող էին 500 լիտրանոց մի բաք տանեին դիրքեր, որ զինվորը կարողանար ջուր խմել ու ջուր բերելու համար ժամանակ չծախսեր։ Նման խնդիրներ պետք է լուծեն, այնպես արեցին, որ բանակը, ազգը և պետությունը պառակտվեն։ Շենք են սարքում, ասֆալտ են փռում, ինչ շենք ու ասֆալտ՝ բանակին զենք ու զորք է պետք։ Տվեք զենք ու զորք, գնանք կանգնենք մինչև վերջ, ջուր չենք ուզում, գյուղերից տատիկ ու պապիկները կհասցնեն մեզ։ Ազգին ոգևորել է պետք, որ ոտքի կանգնի։ Ալիևը լեռնային կռիվներից վախենում էր, խուսափում էր, հիմա այդ ի՞նչ փոխվեց, որ այդպես առաջ է գալիս»,- հավելեց ազատամարտիկը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա նկատեց, որ պետք չէ ժողովրդին խաբել ու ասել, հնարավոր չէ զենք ձեռք բերել, եթե փողը կա, ապա զենք բերելն ամենահեշտն է։

«Բորդյուր են շարում, տարեք՝ դա թշնամու դեմը շարեք, ասֆալտն էլ վրան լցրեք, որ մեկ մետր չկարողանա առաջ գալ»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Դրանից հետո՝ սեպտեմբերի 28-ին, թշնամին կրկին հարձակվեց ՀՀ սահմանների վրա, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս