«Եթե մտածում ենք, որ Սյունիքում և այլ բնակավայրերում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանը կանգ է առնելու՝ չարաչար սխալվում ենք». Կովկասագետ
Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցածը ոչ թե տեղային մարտեր էր, այլ լայնածավալ պատերազմ՝ հաշվի առնելով ընդգրկված աշխարհագրությունը և այն սպառազինությունը, որն ադրբեջանական զինված ուժերը կիրառել են։ Նաև թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, ինչի արդյունքում, ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր։
«Ադրբեջանի առաջին նպատակն այն է, որպեսզի հայաթափի հայկական պետությունը։ Եթե մտածենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, երբ Ադրբեջանի կողմից օկուպացվեց Արցախի մեծ մասը, և նրան օգնում էին և՛ Թուրքիան, և՛ Իսրայելն ու Պակիստանը՝ իր ահաբեկչական խմբավորումներով, ապա Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հավակնությունները հայկական տարածքների նկատմամբ։ Եթե մտածում ենք, որ Սյունիքում և մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանը կանգ է առնելու, ապա մենք չարաչար սխալվում ենք։ Այս հարաբերական հրադադարը պարզապես ռազմական գործողությունների սառեցում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
Ըստ նրա, Ադրբեջանը բոլորովին պատահական չէր ընտրել պատերազմի թիրախներից մեկը՝ Սյունիքը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ոչ միայն Հայաստանի, այլև իրանական Ադրբեջանի տարածքների նկատմամբ, որտեղից էլ Ադրբեջան արհեստածին պետությունը վերցրել է իր անվանումը։ Իրենց զավթողական ծրագիրն իրականացնելու համար, բնական է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները պետք է սկսեր Սյունիքի ուղղությամբ, որպեսզի դրանով նաև կարողանա Իրանի տարածքի նկատմամբ իր հետագա վերահսկողությունը սահմանել։
«Մյուս հանգամանքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, որն Ադրբեջանը ցանկանում է ստանալ ուժային ճանապարահով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում, որ իր նպատակը հենց սա է, այլ ոչ թե սովորական ճանապարհը, որտեղով կերթևեկեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շարունակելով՝ կովկասագետը շեշտեց՝ 44-օրյա պատերազմը չի ավարտվել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ, մեծ հաշվով, այդ գործողություններն այսօր էլ շարունակվում են, որը որոշակիորեն տեղափոխվել է տեղեկատվական դաշտ։
«2020 թվականի պատերազմից հետո փոխվել է տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։ Տարածաշրջանում Իրանն ամենաերկար սահմանն ուներ Արցախի Հանրապետության հետ և մինչև այն պահը, երբ Ադրբեջանը դեռ չէր օկուպացրել Արցախի այդ հատվածները, Իրանին այնտեղից որևէ վտանգ չէր սպառնում։ Իսկ պատերազմից հետո մնացել են այն ահաբեկչական խմբավորումները, որոնք մեծ վտանգ են ներկայացնում նաև Իրանին։ Սա արդեն տարածաշրջանում անվտանգության համակարգի փոփոխության պատճառ է։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Իրանն իր անվտանգությունն ապահովելու համար ավելի է ուժեղացրել վերահսկողությունը սահմանին։
Սրան զուգահեռ, երբ վերջին շրջանում խոսվում է հայ-թուրքական սահմանը երրորդ պետության քաղաքացիների համար բացելու հեռանկարների մասին, Թուրքիան սկսեց ականազերծել այդ սահմանի որոշ հատվածներ։ Սա բավականին վտանգավոր երևույթ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին մեծանում է հավանականությունը՝ Հայաստանի սահմաններից ներս ահաբեկչական գործողությունների դիմելու համար»,- ասաց Հ. Ավանեսովը և հավելեց՝ պետք է հասկանալ, որ տարածաշրջանում անվտանգային համակարգն այն չէ, ինչ մինչև 44-օրյա պատերազմն էր։ Հետևաբար, Իրանին զուգահեռ՝ Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իր անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու համար՝ գիտակցելով, որ հայկական պետության ամենամեծ դաշնակիցն առաջին հերթին հայոց բանակն է։
Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», կովկասագետը նկատեց՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան խաղաղության օրակարգ չունեն և չեն էլ ունենա, քանի որ այդ երկու երկրներն ահաբեկչական պետություններ են, և խաղաղությունը նրանց հետ որևէ առնչություն չունի։ Այդ երկու երկրների ընկալումները խաղաղության վերաբերյալ մարդասպանությունն է, ցեղասպանությունը, էթնիկ զտումներն են, ռազմական հանցագործությունները։ Ադրբեջանն իր այս ձեռագիրը չի փոխել՝ ինչպես 90-ականներին, այնպես էլ՝ 2016 թվականին ու 2020-2022 թվականներին։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են, որ ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը, նույնիսկ Վրաստանի մի հատվածը։ Նույնիսկ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո մենք ոչ թե թևակոխելու ենք խաղաղության դարաշրջան, այլ հակառակը՝ պատերազմի հավանականությունն ավելի է մեծանալու։
Ակամայից հիշում եմ խաղաղության վերաբերյալ Մոնթեի ընկալումների մասին, երբ ասում էր, որ խաղաղությունը կարող է լինել միայն հայության հաղթանակով, սա պետք է լինի մեր պետական գործիչների ուղենիշը։ Եթե այս ուղղությամբ գնանք, ապա կարող ենք խաղաղության հասնել, որովհետև կարող ենք Թուրքիային ու Ադրբեջանին պարտադրել խաղաղությունը, այլ ո՛չ մուրանք այն»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։