Դեռ ինչքան դրամը կշարունակի ամրապնդված մնալ
Դրամն առայժմ թուլացման նշաններ ցույց չի տալիս։ Չնայած դրսից ստացվող կապիտալի հոսքերը շարունակում են պահպանվել, այն չի էլ արժևորվում։
Արդեն տևական ժամանակ դոլարի փոխարժեքը պահպանվում է 405-415 դրամի միջակայքում։ Գրեթե նույն միջակայքում է նաև եվրոյի գինը։
Թե ինչո՞ւ դրամն այլևս չի ամրապնդվում՝ կապիտալի այս հսկայական հոսքերի պայմաններում, հավանաբար պետք է փնտրել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության մեջ։ ԿԲ-ն ավելի ակտիվ է սկսել տարադրամ ներքաշել, ինչն էլ, ըստ ամենայնի, կանգնեցրել է դրամի հետագա ամրապնդումը։ Այլապես հիմա դոլարի և եվրոյի փոխարժեքները ցածր կլինեին 400 դրամից։ 400-ն այն հոգեբանական կետն է, որից հետո կարող են փոխարժեքի շուկայում նոր սպասումներ ձևավորել՝ հանգեցնելով դրամի ավելի մեծ ամրապնդման։
Որ Կենտրոնական բանկը մեծ քանակությամբ տարադրամ է գնում շուկայում, վկայում են նաև բանկի արտաքին տարադրամային պահուստները։ Օգոստոսի վերջի դրությամբ դրանք հասել են 3 միլիարդ 621 մլն դոլարի։
Միայն նախորդ 3 ամսում ԿԲ պահուստները համալրվել են գրեթե 470 մլն դոլարով։
Ենթադրվում է, որ տարադրամային հոսքերի ներքաշումն էլ կասեցնում է դրամի հետագա ամրապնդումը։ Այլապես հիմա այն ավելի մեծ կլիներ։
Արժութային շուկայում արդեն մի քանի ամիս պահպանվող դրամի ամրապնդումը հիմնականում կապվում է դրսից ստացվող ֆինանսական մեծաքանակ հոսքերի հետ, բայց կան նաև այլ կարևոր գործոններ։ Այդ գործոններից հիմնականը, թերևս, արտաքին առևտրի ֆինանսավորման կառուցվածքի փոփոխությունն է։
Փոխվել է մի քանի կարևոր ապրանքատեսակների գնման դիմաց վճարման սխեման։ Նախկինում վճարումը կատարվում էր դոլարով, ինչը բավական մեծ քանակությամբ արտարժութային հոսքեր էր տանում ներքին ֆինանսական համակարգից։ Հիմա այլևս չկա այդ խնդիրը։ Վճարումը կատարվում է մի արժույթով, որի առաջարկը ներքին շուկայում միշտ էլ բավական մեծ է եղել, առավել ևս՝ մեծ է հիմա։ Այդ պայմաններում պակասել է արտաքին առևտուրը ֆինանսավորելու համար անհրաժեշտ տարադրամի քանակը, ինչը ներքին շուկայում լրացուցիչ առաջարկ է ձևավորել։
Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է, որոնք մնացել են ներքին ֆինանսական համակարգում՝ հանգեցնելով ազգային արժույթի ամրապնդման։
Ի տարբերություն արտաքին հատվածից ստացվող կապիտալի հոսքերի, որոնք կարող են շատ արագ նաև չեզոքանալ ու դադարել, այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ազդեցությունն արժութային շուկայի վրա երկար ժամանակ կպահպանվի։ Այդքանով կերկարի նաև փոխարժեքի շուկայում այսօր առկա իրավիճակը։
Այլ հարց, թե դրան ինչպես կարձագանքի տնտեսությունը։
Չնայած դրամի արժևորման հետ կապված հնչող դժգոհություններին, տեսնում ենք, որ այս ամիսների ընթացքում դրա հետևանքով Հայաստանում որևէ ընկերություն չի փակվել կամ սնանկացել։ Անշուշտ, արտահանման հատվածում գործող ընկերությունների վրա հետևանքներ կան, բայց այդ հետևանքներն այնքան էլ միանշանակ չեն բոլորի պարագայում։
Դրամի ամրապնդումը ոչ միայն խնդիրներ է հարուցել արտահանման ոլորտի ընկերությունների համար, այլև նոր հնարավորություններ է ստեղծել։
Խոսքն առաջին հերթին վերաբերում է տեխնիկական վերազինմանը։ Այն ընկերությունները, որոնք այս փուլում կիրականացնեն տեխնիկական վերազինում՝ առնվազն 20 տոկոսի օգուտ կստանան՝ միայն դրամի ամրապնդման արդյունքում։
Ճիշտ է, շատ ավելի հաճախ հնչում են դժգոհություններ տնտեսության վրա դրամի ամրապնդման հետևանքների առումով, բայց քիչ չեն նաև դրա օգուտները։ Էժանացել են տարադրամային վարկերը, նաև նախկինում վերցրած։
Դրամի ամրապնդման օգուտները շատ ավելի մեծ են այն ընկերությունների համար, կապ չունի՝ արտահանմա՞ն, թե՞ ոչ արտահանման ոլորտում գործող, որոնք հանդիսանում են գազի խոշոր սպառողներ։
Նրանց համար գազի սակագինը դոլարի էժանացման արդյունքում վերջին ամիսներին գրեթե 20 տոկոսով նվազել է։ Այդքանով կրճատվել են այդ ծախսերը։
Ինչպես հայտնի է, գազի խոշոր սպառողների համար սակագինը փոխկապակցված է դոլարի փոխարժեքի հետ։ Ու քանի, որ դոլարը 480-490-ից դարձել է 405-415 դրամ, այդքանով գազի խոշոր սպառողները յուրաքանչյուր խորանարդի համար ավելի քիչ են վճարում։
Կան բազմաթիվ ոլորտներ, ասենք՝ ցեմենտի արտադրությունը, որտեղ միայն այս գործոնի շնորհիվ մեծ տնտեսումներ են ձևավորվում։ Դա ենթադրաբար պիտի ազդեր նաև գների վրա, բայց ինչպես տեսնում ենք, մեզ մոտ գների նվազում տեղի չի ունենում։ Ընդհակառակը՝ դրանք միայն բարձրանում են։ Ու քանի որ շատ շուկաներ պարզապես դուրս են մրցակցային մարմիների վերահսկողության դաշտից, միշտ չէ, որ տնտեսումներն իրենց ազդեցությունն են ունենում գների վրա։ Թեև այնպես չէ նաև, որ վերահսկողության տակ գտնվող շուկաներում գնագոյացման երևույթները հիմնավորված են լինում։
Նախկինում, երբ ազգային արժույթը թուլանում էր, գնաճը շատ հաճախ կապում էին այդ գործոնի հետ։ Վերջին ամիսներին դրամը մեծապես ամրապնդվել է, բայց այլևս հետադարձ կապի մասին խոսք չկա։
Սա է մեր երկրում մրցակցային միջավայրի վիճակը։
Արժութային շուկայի այս իրավիճակը ենթադրում է, որ տնտեսությունը կարող է այլ օգուտներ էլ ունենալ, եթե, իհարկե, իշխանությունները հետևողական լինեն։
Ճիշտ է, մի պահ հնչող հայտարարություններից հետո այլևս չի խոսվում սակագների վրա դրամի ամրապնդման ազդեցությունից, բայց այդ ազդեցությունն ակնհայտ է հատկապես ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի պարագայում։
ՋԷԿ-երը այն խոշոր սպառողներից են, որոնք մեծ քանակությամբ գազ են օգտագործում արտադրության մեջ։ Արդեն բավական ժամանակ է, ինչ դրանք մեծ տնտեսումներ են ունենում դրամի ամրապնդման և դոլարի թուլացման արդյունքում՝ կապված այն հանգամանքի հետ, որ գազի դիմաց վճարում են տարադրամին փոխկապակցված սակագնով, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց մուտքերը ձևավորում են դրամով։
Այս գործոնի արդյունքում առաջացող խնայողությունները սովորաբար հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների ճշգրտումների ժամանակ։
Առաջիկայում, ըստ ամենայնի, այդպիսի ճշգրտումներ կարվեն։ Այլ հարց, թե այդ ճշգրտումներն այնպիսին կլինե՞ն, որ հանգեցնեն նաև վերջնական սակագների իջեցմանը, թե՞ էլի ինչ-որ բան կմոգոնեն՝ սակագների նվազեցում չանելու համար։ Վաղուց արդեն, անկախ հանգամանքներից ու դրանց վրա ազդող գործոններից, մեր երկրում հանրային ծառայությունների սակագները ոչ թե իջնում են, այլ միայն բարձրանում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ