Խայտառակ ասուլիս․ ԱԺ աշխատակազմը տապալեց Փելոսիի կարևոր ասուլիսը՝ ապակողմնորոշելով ԶԼՄ-ներին
ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես ՀՀ ԱԺ աշխատակազմը տապալեց աշխարհի առաջատար քաղաքական դեմքերից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու կոնգրեսմեններ Աննա Էշոյի, Ջեքի Սփիրի ու Ֆրանկ Փալոնի մամուլի ասուլիսը ՀՀ Ազգային Ժողովում։
Ամիսներ առաջ ծրագրված և տևական ժամանակ կազմակերպվող այս բարձրաստիճան, ոմանց որակմամբ՝ պատմական այցի ամենակարևոր և միևնույն ժամանակ կազմակերպչական մեծ ջանքեր չպահանջող հատվածը՝ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Փելոսին կարևոր ուղերձներ պետք է հնչեցներ, հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակում քննադատեր Ադրբեջանի հարձակումը, իր աջակցությունը հայտներ ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը, և առհասարակ՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին մեր երկրի համար ամենաբարդ աշխարհաքաղաքական փուլում, ինչը աննախադեպ զարգացում է հայ-ամերիկյան հարաբերություններում, վերածվեց աննախադեպ խայտառակության։
ՀՀ իշխանությունները չկարողացան ապահովել նման բարձրաստիճան պաշտոնյաների այցերի դեպքում պարտադիր ու թերևս չափազանց բնական ու տրամաբանական մի բան՝ համաժամանակյա թարգմանության բացառապես տեխնիկական և ոչ բովանդակային հատվածը։ Նենսի Փելոսիի խոսքը սարքերի անսարքության, նախապես չստուգվելու, չփորձարկելու, անփութության հետևանքով հնարավոր չեղավ թարգմանել հստակ ու տեղին, ինչպես վայել է նման բարձրաստիճան այցերին․ թարգմանություն ապահովող սարքերը չգործեցին ասուլիսի սկզբնական հատվածում և ԱՄՆ դեսպանատան երկարամյա ու փորձառու թարգմանիչը, ով տարիներ շարունակ առանց որևէ վրիպակի մի քանի տասնյակ կարևոր հանդիպումներ ու ասուլիսներ է թարգմանել տարբեր ձևաչափերով, ստիպված եղավ ոչ ստանդարտ ու խայտառակ անկազմակերպ, փնթի պայմաններում թարգմանել խոսնակի ու կոնգրեսմենների խիստ կարևոր խոսքը՝ լսելով նրանց մեկնաբանությունների երկար պարբերություններ ու թարգմանելով դրանք խայտառակ պայմաններում՝ անընդհատ մոտենալով խոսնակի ամբիոնին, անհարմարություններ ստեղծելով թե՛ կոնգրեսմենների, թե՛ խոսնակի համար։
Ակնառու էր նաև թարգմանչի անհարմարավետությունն ու անհանգստությունը ասուլիսը նման ձևաչափով թարգմանելու համար, որն ակնհայտորեն իր հետևանքն ունեցավ նաև թարգմանության որակի վրա։ Թեև ի պատիվ թարգմանչի, նման պայմաններում նա կարողացավ փոխանցել խոսնակ Փելոսիի բոլոր ուղերձները։
Ինչպես նշեցինք, Փելոսիի պատվիրակության կազմում էին հայամետ երեք կոնգրեսմեններ, որոնք տասնամյակներ շարունակ ահռելի աշխատանք են տանում հայ դատի ուղղությամբ և այսօր ավելի մեծ թափով են շարունակում այդ աշխատանքը՝ ադրբեջանական ագրեսիան Կոնգրեսում դատապարտող բանաձև առաջ քաշելով։
ԱԺ-ն չէր նախատեսել որևէ առանձին կամ առանձնահատուկ ձևաչափով ճեպազրույց նրանց համար, ու նրանք ստիպված եղան ողջ ասուլիսի ընթացքում կանգնել Փելոսիի մեջքի ետևում և սպասել, թե երբ Փելոսին նրանց խոսք կտա։
Ի դեպ, ուշագրավ էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը չափազանց նրբանկատ ու ուշադիր էր իր գործընկերների նկատմամբ՝ կարծես հասկանալով իրավիճակի ողջ արտասովորությունը, Փելոսին իր խոսքում մի քանի անգամ նշում էր պատվիրակներին ու անընդհատ նրանց հրավիրում իր ամբիոնի մոտ՝ պատասխանելու այս կամ այն հարցին, ինչը ամերիկյան պատվիրակության համար հավելյալ բարդություն էր ստեղծում: Դա, իդեպ, կարելի է որակել որպես անհարգալից վերաբերմունք հայ դատով զբաղվող կոնգրեսմենների և ընդհանրապես Փելոսիի պատվիրակության հանդեպ։ Փելոսիի ամբիոնի մոտ իրական իրարանցում էր՝ դրան էին մոտենում թե՛ երեք կոնգրեսմենները, թե՛ իրավիճակից շփոթված թարգմանիչը և թե՛ զարմանքը զսպող Փելոսին։
«Ավանգարդ կահույքի» սրահի սեփականատերն ու Նենսի Փելոսին
Փոխարենը, չգիտես ինչու, Փելոսիի ուղիղ մեջքի ետևում կադրի մեջ էր հայտվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, ով Ալեն Սիմոնյանի ընկերն է, մինչ 2021թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը եղել էր «Արգավանդ կահույք» խանութների սեփականատերը և տնօրենը: Ըստ տելեգրամյան ալիքների՝ Վահան Նարիբեկյանին իշխանություններն իրենց հետ տարել էին Սյունիք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանի և դրանք ոստիկանությանը փոխանցի: Նարիբեկյանի «Արգավանդ կահույքի» սրահը 2018-ի իշխանափոխությունից հետո միլիոնավոր դրամների հասնող պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ:
Միայն 2022թ. ընթացքում Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի: Այդ մասին գրել էր Hetq.am–ը։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։
Ասուլիսի ընթացքում շատերն էին հարցնում՝ ո՞վ է Փելոսիի հետևում կանգնած մորուքով տղամարդը: Կոնգրեսականները, դեսպանները դուրս էին մղվել հարթակի անկյունում, իսկ նա թիկնապահի պես կանգնած էր ԱՄՆ պետական գործչի ետևում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ, ըստ արարողակարգի, հայկական կողմից ընդլայնված կազմերով հանդիպման մասնակիցների ցանկը հաստատում է ԱԺ նախագահը: ՀՀ պատմության մեջ նման դեպք չի արձանագրվել, որ գերատեսչության աշխատակազմի ղեկավարը մամուլի ասուլիսում նույն հարթակում հայտնվի պատգամավորների և նման բարձր պաշտոնյաների հետ: Ալեն Սիմոնյանը ընկերոջը «խցկել է» այդ ցանկում՝ ստվերելով և խոչընդոտելով կոնգրեսականներին և պատգամավորներին:
Ինչո՞ւ ապակողմնորոշեցին ԶԼՄ-ներին
Վերադառնալով անկազմակերպ Փելոսիի ասուլիսին. ԱԺ աշխատակազմը ու մամուլի բաժինը խեղաթյուրված ու սխալ էր ներկայացրել վերոնշյալ միջոցառման ձևաչափը՝ սահմանափակելով լրատվամիջոցների գործունեությունը։ Սովորաբար ԶԼՄ-ները նման պաշտոնյաների այցերի դեպքում փորձում են նախապես պարզել՝ արդյո՞ք այդ պաշտոնյան հանդես է գալու մամուլի ասուլիսով, ինչը ենթադրում է, որ պատասխանելու է լրագրողների հարցերին, թե՞ անելու է հայտարարություն և հեռանա։ Սրանից կախված է այն, թե ինչ որոշում կկայացնի խմբագիրը՝ միջոցառմանը կմասնակցի՞ լրագրող, որը կունենա բանախոսներին հարցեր տալու հնարավորություն, թե՞ չի մասնակցի միջոցառմանը, քանի որ միայն ելույթներ են նախատեսված լինելու։ Այսօր տեխնիկական հագեցվածությունը խմբագրություններին տալիս է հնարավորություն միջոցառումը լուսաբանել առցանց ռեժիմով։
Նախօրեին՝ տեղեկանալով, որ նման միջոցառում է սպասվում, 168․am-ը կապ հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ՝ պարզելու ե՞րբ ու ի՞նչ ձևաչափով է լինելու ասուլիսը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում Նենսի Փելոսին ու Ալեն Սիմոնյանը հանդես են գալու հայտարարություններով, հարցուպատասխան ԱԺ-ում չի նախատեսվում։ Երեկ ավելի ուշ ԱԺ աշխատակազմը նաև ուղարկեց համապատասխան տեղեկատվությունը․ «Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ»։ Բնականաբար, միայն հայտարարության համար որոշում կայացվեց միջոցառումը լուսաբանել առցանց տարբերակով։ Եվ միայն միջոցառման ընթացքում հայտնի դարձավ, որ լրագրողներին տրվում է հարցերի հնարավորություն։ Նշենք, որ հարցերի հնարավորություն տրվեց Հանրային հեռուստաընկերությանը, «Հրապարակ» թերթին, Factor.tv-ին ու Ազատություն ռադիոկայանին։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ստեց ՀՀ ԱԺ մամուլի խոսնակը, ինչո՞ւ պատշաճ կերպով բոլոր ԶԼՄ-ներին նախապես, ինչպես հարկն է, չտեղեկացվեց, որ լինելու է հարցուպատասխան, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան մասնակցել և հարցեր ուղղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։ 168․am-ի դեպքում իրավիճակը նույնիսկ այլ էր, եղել էր նախապես հարցում հեռախոսազանգի միջոցով, սակայն մեզ լիովին այլ՝ սխալ տեղեկատվություն էր տրամադրվել, որի հետևանքով 168․am-ը զրկվեց հարց հղելու հնարավորությունից։
Ինչո՞ւ սա արվեց, ինչո՞ւ ԶԼՄ-ներին ապակողմնորոշեցին, միգուցե որպեսզի հնչեն ԱԺ նախագահի կողմից արտոնվա՞ծ հարցերը կամ ընտրվա՞ծ ԶԼՄ-ներ մասնակցեն միջոցառմանը, չհնչի՞ որևէ անցանկալի կամ հնարավորինս քի՞չ անցանկալի հարց։ Ամենևին չթիրախավորելով մեր գործընկերներին, որոնցից ոմանք շատ լավ հարցեր հնչեցրեցին, ԱԺ աշխատակազմի նմանօրինակ պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում և բացարձակապես չի համապատասխանում այն ժողովրդավարությանը, որն այդպես թմբկահարում են ՀՀ իշխանությունները և անձամբ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի հետ ասուլիսի ընթացքում։ Նենսի Փելոսին, ով այսօր որոշ գովերգող ձևակերպումներ ձոնեց հայաստանյան այսպես կոչված ժողովրդավարությանը, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման նման աղաղակող ու խայտառակ օրինակը կհամարե՞ր արդյոք ժողովրդավարության դրսևորում։