ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող կահույքի սրահը պետական մարմինների ամենասիրելի մատակարարներից է
2021 թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանը՝ հենց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։
168.am-ն այդ օրերին ամփոփ նկարագրով անդրադարձել էր Վահան Նարիբեկյանին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ նա Արգավանդ համայնքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է, «Արգավանդ կահույք» խանութների տնօրենը և սեփականատերը:
Ըստ բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերի՝ հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» էր անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին, հաղթող ճանաչվել «Ազգային ժողովի կողմից զանազան կահույքի ձեռքբերման նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդում»։
Ի դեպ, այս նշանակումից հետո նա տնօրենի պաշտոնը փոխանցել է եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, բայց նշանակումից հետո գնումները ոչ միայն չեն պակասել, այլև լայն թափ են ստացել. 2022 թ. ևս բացառություն չէ:
Այս տարի արդեն Նարիբեկյաններին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է շուրջ 1 տասնյակ պայմանագրեր՝ այդ թվում՝ մեկ անձից գնման կամ առանց մրցույթի ընթացակարգով: Մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Ֆինանսների նախարարությունը «Արգավանդ կահույքից» հունվարին շուրջ 2 միլիոն 700 հազար դրամի դիմաց պատվիրել է բազկաթոռներ,
Ոստիկանությունը՝ փետրվարին պատվիրել է 3 միլիոն 25 հազար դրամի կահույք և կենցաղային տեխնիկա,
Սահմանադրական դատարանը՝ այս ընկերության հետ մարտ ամսին կնքել է վարչական սարքավորումների ձեռբքբերման պայմանագիր՝ 730 հազար դրամ արժողությամբ,
Հանրապետության նախագահի աշխատակազմը ևս անմասն չի մնացել «Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ի հետ պայմանագրի կնքումից. մարտ ամսին նախագահի աշխատակազմն այս ընկերությունից ձեռք է բերել ֆրասենյակային աթոռ 115000 հազար դրամ արժողությամբ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս որոշել է հենց «Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ից ձեռք բերել գրասենյակային կահույք՝ 2 միլիոն 166 հազար դրամ արժողությամբ:
Վերջին պայմանագիրը կնքվել է մայիսի 6-ին՝ վարչապետի աշխատակազմի հետ. պայմանագրով «Արգավանդ կահույքը» պարտավորվել է մոտ 3 միլիոն 56 հազար դրամի դիմաց 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։