Տնտեսական ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը.  ինչո՞ւ մարդիկ իրենց վրա չեն զգում այդ առաջընթացի ազդեցությունը

Նիկոլ Փաշինյանը չի դադարում պնդել, որ Ադրբեջանի հարձակումը հարձակում էր Հայաստանի տնտեսության առաջընթացի վրա։ Նախ՝ այդ մասին նա հայտարարեց Ազգային ժողովում, ապա՝ կրկնեց կառավարության նիստում։

«Իմ գնահատմամբ՝ նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր։ Այդ թվում՝ 2020թ. տեղի ունեցածը»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե ի՞նչ տնտեսական առաջընթացի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար միայն իրեն է հայտնի։ Այն, ինչ ունենք տնտեսության մեջ վերջին տարիներին, բոլորովին էլ չի խոսում տնտեսական առաջընթացի մասին։

Վերջին չորս տարիներին Հայաստանի տնտեսության միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Կարդացեք նաև

Մի՞թե սա է տնտեսական առաջընթացը։ Չորս տարվա ընթացքում միջին տարեկան 2,8 տոկոս աճը վատագույն ցուցանիշներից մեկն է, եթե ոչ վատագույն ցուցանիշն է Հայաստանի վերջին տասնամյակների պատմության մեջ։

Հայաստանի տնտեսության «առաջընթացի» վկայությունն է նաև այն, որ համավարակի ժամանակ մեր տնտեսությունն ամենախորն անկումներից մեկը գրանցեց ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև համաշխարհային տնտեսության մասշտաբով։

Մեր տնտեսության անկումը վատագույնն էր նաև ԵԱՏՄ շրջանակներում։

7,4 տոկոս տնտեսական անկումը, որն ունեցանք այդ տարի, չհաջողվեց վերականգնել նաև հաջորդ տարվա ընթացքում։ Այդպիսի անկումից հետո արձանագրվեց ընդամենը 5,7 տոկոս աճ։ Այն պարագայում, երբ բազմաթիվ երկրներ հետհամավարակի առաջին տարում ոչ միայն վերականգնեցին կորցրածը, այլև տարին փակեցին ավելի բարձր աճով։

Տնտեսական այն առաջընթացի պայմաններում, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, մեր երկրի պետական պարտքը ավելացել է գրեթե 3,3 մլրդ դոլարով։

Մինչև իշխանափոխությունը, պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, այսօր հասել է 10 միլիարդի։

Չորս-չորսուկես տարվա ընթացքում ոչ մի այլ ժամանակահատվածում Հայաստանի պարտքն այսպիսի կտրուկ աճ չի ունեցել։

Մեր պարտքի աճի տեմպը մի քանի անգամ ավելի արագ է եղել, քան համախառն ներքին արդյունքինը։ Դրա հետևանք է նաև պարտքի ցուցանիշների վատացումը։ Մենք վաղուց անցել ենք այն սահմանը, որը կարմիր գիծ է պետական պարտքի համար։

Բնականաբար, տնտեսության լավ վիճակից չէ, որ մեր երկրի պետական պարտքն այսքան կտրուկ ավելացել է։ Բայց նույնիսկ այդ պարագայում տնտեսության զարգացումներն աչքի չեն ընկել իրենց ակտիվությամբ։ Այդ հսկայական միջոցները, որոնք ներգրավել են դրսից ու ներսից և պետք է ուղղվեին տնտեսության զարգացումների ակտիվացմանն ու տնտեսության պոտենցիալի բարձրացմանը, ինչպես տեսնում ենք, չեն տվել ցանկալի արդյունք։ Այդ գումարների ներգրավումից հետո էլ մեր տնտեսությունը շարունակել է շատ դանդաղ առաջ գնալ։

Նույնիսկ այս տարի արձանագրվող բարձր աճը չի վկայում մեր տնտեսության առաջընթացի մասին։ Դա աճ է, որը կապված չէ մեր տնտեսության իրական զարգացումների հետ։ Այն, որ ինչ-ինչ պատճառներով դրսից գումարներ են գալիս Հայաստան ու որոշ ոլորտներում դառնում բարձր աճի միջոց, դեռ չի նշանակում, թե մեր տնտեսությունը գտնվում է առաջընթացի մեջ։

Նույնիսկ միջազգային կազմակերպություններն են փաստում, որ մեր տնտեսության աճի պոտենցիալը տատանվում է հազիվ 4-4,5 տոկոսի սահմաններում։ Վերջին տարիներին այստեղ գրեթե առաջընթաց չի գրանցվել։

Այնպես, ինչպես արտադրողականության բարձրացման ոլորտում։ Այդ ցուցանիշով էլ մեր տնտեսությունը վատագույններից մեկն է։

Այս տարիներին, բացի խոսելուց, կառավարությունը գրեթե ոչինչ չի արել տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։ Իսկ առանց դրա անիմաստ է խոսել տնտեսության առաջընթացի կամ զարգացումների մասին։

Տնտեսության վարկանիշի ու տնտեսության ազատության ինդեքսների բարելավումները պետք է երևային առաջին հերթին ներդրումների տեսքով։ Բայց ներդրումները, առավել ևս՝ օտարերկրյա ներդրումները մեր երկրում վերջին տարիներին գրեթե չեն ավելացել։ Առանձին տարիներին նույնիսկ կրճատվել են։

Չափազանց ցածր մակարդակի վրա է ՀՆԱ-ում ներդրումների ցուցանիշը, որն արդեն 4 տարի կառավարությունը «բարձրացնում» է, բայց ոչինչ չի փոխվում։ Ոչ մի նշանակություն չունի, թե միջազգային կազմակերպություններն ինչպիսի գնահատականներ կտան Հայաստանի տնտեսությանն ու տնտեսական միջավայրին, երբ դրանց արդյունքները չեն երևում։

Եթե տնտեսությունն այդպիսի առաջընթացի մեջ է, ինչո՞ւ է մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այսքան վատ։

Գնալով խորանում է աղքատությունը։

Եվ ոչ միայն աղքատությունը, այլև սոցիալական բևեռացումը։ Տնտեսության ներառական աճերը, որոնց մասին այս իշխանությունները խոսում են իշխանության գալուց մինչև հիմա, այդպես էլ չեն երևում։ Աղքատներն աղքատանում են, փոխարենը՝ հարուստներն էլ են հարստանում։

Բնակչության կեսից ավելին աղքատ է ու շարունակում է աղքատանալ։ Մարդկանց ավելի քան 60 տոկոսի եկամուտները ցածր են նվազագույն զամբյուղի մակարդակից։

Աշխատող քաղաքացիների մի հսկա զանգված ստանում է նվազագույն աշխատավարձին համարժեք աշխատավարձ։ Խոսքն ընդամենը 68 հազար դրամի մասին է։

Արդյունքում՝ անգամ աշխատող քաղաքացին է գնալով աղքատանում՝ այսպիսի բարձր գնաճի հետևանքով։ Մարդկանց եկամուտները չեն հասցնում գների հետևից։

Երկու տարվա աննախադեպ գնաճից հետո կառավարությունը որոշել է թոշակներն ու նպաստները բարձրացնել հազիվ 3 հազար դրամով, այն դեպքում, երբ գնաճի ազդեցությունը դրանից մի քանի անգամ ավելի մեծ է։

Սրանք փաստեր են, որոնք բոլորովին էլ չեն խոսում մեր տնտեսության առաջընթացի մասին։

Մեր տնտեսության իրական զարգացումները հեռու են բավարար լինելուց։ Չկան երկարաժամկետ ու կայուն զարգացման հիմքեր։ Այս կամ այն գործոնի ազդեցությամբ երբեմն-երբեմն արձանագրվող աճերը դեռ հիմք չեն տնտեսության առաջընթացի մասին խոսելու համար։ Այդպիսի աճերը չափազանց փխրուն են և շատ արագ փլվում են։

Անշուշտ, ցանկացած ագրեսիա բացասաբար է ազդում տնտեսական գործընթացների վրա։ Սա որևէ մեկը չի կարող հերքել։ Սակայն դա չի նշանակում, թե մեր տնտեսությունը նախկինում աննախադեպ առաջընթացի մեջ է եղել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս