Երբ Հին ու Մեծ շեներում բնակֆոնդն ավելացվի, հնարավոր է՝ տեղահանվածներից շատերը վերադառնան այդ գյուղեր. Բերձորի քաղաքապետ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն օգոստոսի 25-ից հետո կապի մեջ է բերձորցիների հետ, հետաքրքրվում է, թե ինչպես են տեղավորվել, կենցաղային ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվում, աշխատանք ունեն և ընդհանրապես ինչպես են ապրում։
«Հիմնականում բնակչության հետ կապը պահվում է, եթե որևէ բան անհրաժեշտ է լինում, դիմում են, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք օգնել, հատկապես, եթե որևէ մեկին որևէ տեղեկանք է անհրաժեշտ։ Բնակիչները ՀՀ-ում տեղավորվել են հիմնականում վարձակալած բնակարաններում, Արցախում, եթե եղել է բնակարանային ազատ ֆոնդ, բնակիչները վարձակալել են, կամ պետությունն է վարձակալել, բնակիչների մի մասն էլ տեղավորվել է հյուրանոցներում, մինչև բնակարանների հարցը լուծվի։
Ինչ վերաբերում է սերտիֆիկատներին, ապա դրանք ես դեռևս չեմ ստացել։ Ինքս այս պահին Հայաստանում եմ, ավելի կոնկրետ՝ Վայքում։ Դեռևս չգիտեմ՝ ինքս մշտական որտեղ կլինեմ, այս պահին այստեղ եմ։ Եթե այս պահին տեղահանված բնակչության նույնիսկ մեկ տոկոսն էլ հստակ կողմնորոշում ունենա, թե որտեղ է հիմնականում ապրելու՝ լավ է, մնացածը հստակ չգիտեն, թե որտեղ են ապրելու։ Մարդիկ ունեն բնակարանի, աշխատանքի խնդիրներ, բնականաբար, պետք է մեկտեղեն, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ են ապրելու»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց՝ բերձորցիների հետ խոսելու ընթացքում հասկանում է, որ նրանք հույսը չեն կորցրել, որ ինչ-որ ժամանակ հետո կվերադառնան Բերձոր։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրենց սեփական բնակարանն ունեն Երևանում և այնտեղ են ապրում, հույս ունեն, որ վերադառնալու են Բերձոր։
«Ինքս տեսա, որ գործարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր, իհարկե, ողջունելի են նման այցերը, ողջունելի կլինի նաև, եթե այդ գյուղերում զարգացման որոշակի ծրագրեր իրականացնի, որովհետև գոնե այս պահին Արցախը Հայաստանին կապող մի հատվածով այդ բնակավայրերն են ճամփեզրին։
Հնարավոր է, որ շատերը մի օր վերադառնան այդ գյուղեր։ Անգամ մինչև օգոստոսի 25-ը, երբ բնակիչները պետք է տեղահանվեին, նրանց մի մասը ցանկանում էր, որ բնակիչների մի մասը տեղափոխվեն Մեծ Շեն, Հին Շեն, ցավոք, այդ պահին ազատ տներ չկային։ Հետագայում հնարավոր է, որ տեղահանվածներից շատերը վերադառնան այդ գյուղեր, երբ Հին ու Մեծ շեներում բնակֆոնդն ավելացվի»,- շեշտեց նա։
Նարեկ Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքների ղեկավարներն իրենց աշխատանքների պարտականությունների կատարման մեջ են, քանի որ բնակիչներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ։
«Ամեն դեպքում, մենք աշխատանքի մեջ ենք, վարձատրվում ենք, մեր գործունեությունը, որպես այդպիսին, Երևանում տեղակայված գրասենյակում է, մոտ ժամանակներս Արցախում կունենանք գրասենյակ, որովհետև Արցախի այն հատվածում, որտեղ ունենք Քաշաթաղից բնակչություն, բնականաբար, պետք է սպասարկել»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։