Արցախից մեքենաներ բերելը համայնքապետերին մեղադրանքներ ներկայացնելու հիմք չի կարող լինել, առավել ևս, որ այդ մեքենաներով մարդկանց են փրկել. Բերձորի քաղաքապետ

Նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա և արցախահայերին ենթարկեց էթնիկ զտման ու բռնի տեղահանության, Արցախի տարբեր համայնքապետեր, գյուղապետեր համայնքի սեփականությունը համարվող մեքենաներով դուրս եկան Արցախից՝ իրենց հետ բերելով նաև մի քանի ընտանիքի։

Հայաստանում արդեն այդ համայնքների ավագանիների որոշմամբ այդ մեքենաները մնացել ենհամայնքապետերի հսկողության տակ՝ որպես համայնքապետարանների սեփականություն։ Սակայն ՀՀ իշխանությունը համայնքապետերին մեղադրանքներ է առաջադրել՝ պետությանը նյութական վնաս հասցնելու համար, նման մեղադրանք է առաջադրվել Մարտակերտի, Ասկերանի, Ստեփանակերտի քաղաքապետերին։ Այսօր երեքն էլ գտնվում են տնային կալանքի մեջ։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ երբ Արցախից բռնի տեղահանվել են՝ ընտանիքին այնտեղից դուրս է բերել սեփական մեքենայով։ Նա անտրամաբանական է համարում մեղադրանքներ ներկայացնել այն համանքապետերին, որոնք համայնքի սեփականություն հանդիսացող մեքենաները տնօրինում են։

«Ես իմ անձնական մեքենան եմ ունեցել, իմ անձնական մեքենայով եմ դուրս եկել, որովհետև ծառայողական մեքենան պատերազմի ընթացքում վնասվել էր։ Համայնքում այդ մեկ ծառայողական մեքենան էր։

Կարդացեք նաև

Այն գործընթացը, որը հիմա սկսել են Արցախի համայնքապետերի նկատմամբ՝ դրական չեմ համարում։ Համայնքապետերին մեղադրանքներ ներկայացնելու, կալանավորելու հիմք չի կարող լինել՝ Արցախից մեքենաներ բերելը, առավել ևս՝ այն մարդկանց, որոնք կարողացել են ինչ-որ ելքով դուրս գալ, այդ մեքենաներով մարդկանց փրկել»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը։

Ըստ նրա, համայնքին պատկանող գույքը պետք է մնա համայնքի հսկողության տակ։ Ավելին՝ եղել է ավագանու համապատասխան որոշում, ըստ որի՝ համայնքի ղեկավարի տնօրինությանն է անցել համայնքապատկան գույքը, հետևաբար՝ այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։

«Չգիտեմ, ինչո՞ւ ամիսներ անց խնդիրներ առաջացան, իսկապես չեմ կարող պատկերացնել, թե ինչն է եղել պատճառը»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ տվյալ պահին ընտանիքի հետ ապրում էԱրարատի մարզում, կարողացել է տուն գնել, աշխատանքի տեղավորվել ու փորձել մարդկանց իր ուժերի ներածին չափով օգտակար լինել։

«Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց աշխատանք գտնել, այս պահին աշխատում եմ միասնական սոցիալական ծառայությունում։ Սա մի ոլորտ է, որը եթե մինչև 2021 թվականն ինձ համար անծանոթ էր, 2021 թվականից հետո գրեթե ամեն օր առնչվել եմ այդ ոլորտին։ Հնարավորություններիս սահմաններում ամենօրյա ռեժիմով արցախահայության հետ կապված բոլոր հարցերի սպասարկումով ինքս եմ զբաղվում։ Մենք բոլոր այդ խնդիրների միջով անցել ենք, պատկերացնում ենք՝ ինչ խնդիրներ են, ինչպես կարելի է հասնել դրանց լուծմանը։

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն, ապա այս հույսը միշտ կա՝ չնայած այս իրականությանը։ Այդ հույսը պետք է բոլորս ունենանք՝ անկախ նրանից՝ արցախցի՞ է, թե՞ ոչ»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս