Հարցեր, որ դեռ սպասում են Փաշինյանի պատասխաններին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց նա հրաժարվել է մեզ զենք մատակարարել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Ես ասում եմ փաստ, թող իշխանություններն ասեն՝ սխալ է»,- շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն արգելել է Հայաստանին կանոնավոր զորք ուղարկել Արցախ, հակառակ դեպքում հարվածները կուղղվեն Երևանին, դրա համար, ըստ նրա, ՀՀ-ից հիմնականում մոբ է գնացել:

44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի կեսերին, այս թեմայով Նիկոլ Փաշինյանից պատասխաններ էր հայցում նաև Ռոման Բաբայանը՝ որպես «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան՝ զգուշացնելով, որ իր հարցադրումները ևս հստակ փաստերի հիման վրա են: Այն է՝

Կարդացեք նաև

1. Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսիք, որոնք այս պահին են, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում:

2. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:

3. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք անձամբ խնդրում էիք: Եվ Դուք դրանք ստանում էիք:
Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալու այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շա՜տ նոր բաներ իմանան:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, Ռոման Բաբայանի այս հրապարակային «մարտահրավերին» չի պատասխանել, ուստի 168.am-ն այս հարցադրումները ներառելով՝ հարցում ուղարկեց վարչապետի աշխատակազմ՝ փորձելով ճշտել.

1. Արդյո՞ք առաջարկվել են տարատեսակ և շատ մոդելներ, եթե այո, ապա՝ ինչ մոդելների մասին է խոսքը: Երկրորդ՝ ինչո՞ւ են մերժվել, եթե դրանք շատ ավելի լավն են եղել, քան այն, ինչը վերջում ընդունեցինք:

2. Ի՞նչ օգնություն է առաջարկվել և տրվել Ռուսաստանի կողմից, երբ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:

3. Ի՞նչ սպառազինություն և ռազմական համակարգ է ՀՀ վարչապետն անձամբ խնդրել ՌԴ-ից և ստացել:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից նշել էին.

«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում, հայտարարություններում և հարցազրույցներում անդրադարձել է նշված հարցադրումներին»: Ասել կուզեն՝ Նիկոլ Փաշինյանը տվել է ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանին հուզող հարցերի պատասխանները, պարզապես Բաբայանն «ուշադիր չի եղել»: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը, ստացվում է՝ չի հերքել ռուսաստանցի քաղաքական մեկնաբանի պնդումները:

Ավելին, Ռոման Բաբայանի 2020 թվականի նոյեմբերի 14-ին հնչեցրած հարցերից մի քանի օր հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հաստատել էր Բաբայանի ասածները՝ նշելով՝ «Ռուսաստանն արել է առավելագույնը, տվել է այն, ինչ մենք կյանքում չէինք երազել»:

«Ուզում եմ ասել, որ Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի մատակարարման հարցում: Այն մատակարարումները, որոնք իրականացվել են Հայաստան պատերազմի ժամանակ, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը»,- ասել էր գեներալը՝ պնդելով, որ պատերազմի առաջին երեք օրերին Նիկոլ Փաշինյանը կապ չի հաստատել ՌԴ նախագահի հետ և խնդրել աջակցություն:

«Եվ ըստ ինձ՝ ՌԴ-ն իրականացրել է այդ մատակարարումը զուտ նրա համար, որ հետագայում մեղքի զգացողություն չունենա, իրեն վատ չզգա: Իսկ ՌԴ-ն տրամադրել է այն առավելագույնը, ինչը հնարավոր է եղել, որը մենք կյանքում չենք երազել»,- շարունակել էր Մովսես Հակոբյանը:

Այդ ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի հասցեին Մովսես Հակոբյանի մեղադրանքները մտացածին և անհեթեթ էր որակել: Որոշ հայտարարություններ, անգամ, իրավապահների թիրախում հայտնվեցին:

Սակայն փաստ է՝ Մովսես Հակոբյանի և Ռոման Բաբայանի հայտարարությունները չեն հերքվել կամ ապացուցվել հակառակը, եթե անգամ ասելիք կա:

Գուցե Նիկոլ Փաշինյանն Արամ Սարգսյանի միջոցո՞վ է պատասխանում իրեն ուղղված հարցադրումներին: Արամ Սարգսյանի հայտարարություններին էլ դեռևս պատասխան չի տրվել, մանավանդ, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը շեշտել էր, որ ինքը փաստեր է հրապարակում և սպասում է պատասխանի:

Հետաքրքիր է, որ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցին զուգահեռ՝ մամուլը գրեց, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ռուսական շրջանակների հովանու ներքո է՝ ակամա հայտնվելով այն շղթայի մեջ, որով փորձ է արվում պատերազմի պարտության մեղքը կամ ՀՀ-ից բավարար զորք չուղարկելու մեղավորությունը գցել ռուսների գրպանը: Որոշ փորձագետների կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ քավության նոխազ են ուզում դարձնել Օնիկ Գասպարյանին:

Տեսանյութեր

Լրահոս