«Մեղմ ասած, քաղաքական խեղկատակություն է Մարուքյանի գրառումը». Գառնիկ Դավթյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։
«Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:
Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:
Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը:
Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։
Ի՞նչ է ակնարկում Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի նախապատրաստվող նոր սադրանքներ ձևակերպմամբ, ո՞վ պետք է դրա մասին տեղեկացնի միջազգային հանրությանը, և առհասարակ, ի՞նչ է նշանակում Հատուկ հանձնարարություններով դեսպանի այս հայտարարությունը։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով վերը նշված հարցերին, նախ ասաց՝ այն, որ այսօր էդմոնները, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը, զբաղված են չարչիությամբ, ակնհայտ է։ Ժամանակին, երբ Է. Մարուքյանն ընդդիմադիր պատգամավոր էր, քննադատում էր Նիկոլ Փաշինյանին՝ տարբեր պրոցեսներ տապալելու, այդ թվում՝ պատերազմում պարտվելու համար։
«Բայց երբ մեկ վայրկյանում Էդմոն Մարուքյանը դարձավ Նիկոլի դեսպան, սկսեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահը։
Այստեղ տեսնում եմ երկու հիմնական վտանգ, նախ՝ նման քաղաքական գործիչները զբաղված են ոչ թե Հայաստանի պետական շահը պաշտպանելով կամ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի ու Արցախի շահերն առաջ տանելով, այլ նոր քաղաքական պաշտոններ ստանալու մոտիվացիայով։ Եվ քաղաքական դաշտում փորձում են պղտորել բոլոր այն գործընթացները, որոնք միտված են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը երբևէ չի հրաժարվել իր զավթողական և Հայաստանը ոչնչացնելու նկրտումներից։ Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում քառապատկվել է հայատյացությունը։ Այնտեղից պետական մակարդակով հնչում են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պահանջներ ու սպառնալիքներ։
«Փոխարենն այս իշխանությունը պատրաստվի ու ժողովրդին պատրաստի նոր պատերազմի, ընդհակառակը՝ թմրեցնում է հասարակության գիտակցությունը, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հողերի հանձնումը, որովհետև բոլոր քաղաքական զարգացումները և պատերազմում պարտությունն ինձ թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս մարդիկ չեն եկել պետական շահը սպասարկելու, այլ երկրի պետականությունը կործանելու համար։
Մեղմ ասած, քաղաքական խեղկատակություն է, երբ Էդմոն Մարուքյանն ասում է, թե եկել է արտաքին աշխարհում Հայաստանի շահը սպասարկելու կամ բարձրաձայնելու խնդիրները, որպեսզի Ադրբեջանի գործողություններն այլ պետություններ կանխեն։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև առնվազն 44-օրյա պատերազմի ընթացքը մեզ պետք է դաս լիներ, որ սովորաբար միջազգային հանրությունն ուժեղի կողմն է լինում։ Դրա համար ես չեմ անի հայտարարություն, թե այլ պետությունները՝ Ֆրանսիան, Ավստրիան, Միացյալ Նահանգները կամ այլ երկիր, կձգտեն Ադրբեջանին զսպել, հատկապես, որ Ուկրաինայում ռուսները դեռևս մասնակցում են ռազմական գործողություններին։ Եվ, թե ինչպիսի խնդիր է դրված Ադրբեջանի առջև: Պարզ է, Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային հարաբերություններում եղած լարված իրավիճակից՝ սպառնալիքով Հայաստանին ստիպելով ստորագրել խաղաղության պայմանագիր, այդ թվում՝ զավթելով տարածքներ»,- շեշտեց Ադրբեջանի հարցերով փորձագետը։
Ըստ Գառնիկ Դավթյանի՝ Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունն ուղղված է սեփական կաշին փրկելուն, քանի որ բազմիցս են հայտարարել, թե կարող են պաշտպանել պետական շահը, իրենք միակն են, որ կարող են ծառայել երկրի շահերին, և այլն։ Եվ այսօր տեսնելով, որ այդ հայտարարությունները սին են, փորձում են այսօրվա հայտարարություններով իրենց ապահովագրել։
«Այսօր հանրությունը լավ էլ տեսնում է, որ Ադրբեջանը խաղաղասեր երկիր չէ, փորձագիտական դաշտը մշտապես է դրա մասին խոսում, որևէ մեկը չի քարոզում կեղծ խաղաղության դարաշրջանի մասին, բացի «քեմալական պայմանագիր», այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և իր շերեփուկներից։ Բոլորը նպատակ են դրել ծառայելու խաղաղության դարաշրջանին, որն իմ համոզմամբ՝ բերելու է պետականության կորստի»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։