ՆՈՐ ՀՈՂԵ՞Ր ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ, 7.5 ԿՄ ՆԱՀԱ՞ՆՋ. Պապիկյանի պարզաբանումը ծաղր է, մեր եղբայրները վտանգի տակ են. Ավետիք Քերոբյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020թթ.) Ավետիք Քերոբյանը։

Ռազմարդյունաբերության ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ահազանգում է՝ դիրքային իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում գրեթե ամբողջությամբ ի վնաս Հայաստանի է։

«Եթե մինչև 2020-ը մենք ունեինք քիչ թե շատ հավասարակշռված դիրքային իրավիճակ, ապա 2020-ի 44-օրյա պատերազմից և հատկապես 2021, 2022, 2023 թվականների ներխուժումներից հետո իրավիճակն առաջնագծում՝ հայ ադրբեջանական շփման գծի երկայնքով, ուղղակի դարձել է անտանելի այն իմաստով, որ Ադրբեջանը դիտավորյալ եկել-զբաղեցրել է գերիշխող դիրքեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի հատվածներում ներխուժումներից հետո համարյա ամբողջությամբ եկել-զբաղեցրել են գերիշխող դիրքեր, և մեր զորքերի տեղակայումը դարձել է շատ խոցելի»,– այսպես է գնահատում իրավիճակն Ավետիք Քերոբյանը։

Նա առանձնահատուկ նշեց Վարդենիսի և Ջերմուկի շրջանում տիրող իրավիճակը՝ շեշտելով, որ, օրինակ, Ջերմուկի տարածքում հայկական կողմը չունի որևէ հենակետ, որը գերիշխող դիրք է զբաղեցնում ադրբեջանական կողմի նկատմամբ։

Կարդացեք նաև

«Վերջերս սկսել են ամրաշինական աշխատանքներ, բայց դրանք կատարվում են սահմանից 7,5 կմ խորությամբ։ Ինձ թվում է՝ այս շինարարությունը կատարվում է ապրիորի՝ այդ հողերը հանձնած լինելու տրամաբանությամբ։ Չեմ բացառում, որ կան կուլիսային պայմանավորվածություններ»,- հավելում է Ավետիք Քերոբյանը։

Իսկ ադրբեջանական կողմն, ըստ Քերոբյանի, իր մարտական դիրքերը և դեպի դրանց տանող ճանապարհները կառուցում է այն սկզբունքով, որ հայկական յուրաքանչյուր դիրքի դիմաց 2 ժամվա ընթացքում կարող է բերել-հասցնել մեկ գունդ կամ դիվիզիա։ Քերոբյանի խոսքով՝ ազերիները սարքում են այդ ճանապարհներն այնպես, որ ցանկության դեպքում կարողանան գրավել ցանկացած դիրք։

«Դիրքային իրավիճակը լրիվ ի վնաս մեզ է։ Չասեմ, որ ամբողջությամբ վատ վիճակում ենք. կան դիրքեր, որոնք լավ ամրացվել են, կան պաշտպանական շրջաններ, կան դիրքեր, որոնք 1990-ականներից այս կողմ անփոփոխ են մնացել, և այնտեղ մենք ունենք որոշակի առավելություն, բայց մոտալուտ կամ սպասվող պատերազմը, եթե այն տեղի ունենա, և դա տեղի կունենա Ադրբեջանի ցանկությամբ, որովհետև Ալիևի ծավալապաշտական և ռազմատենչ հայտարարությունները չեն դադարում, անընդհատ կրկնում են՝ «այն, ինչ չտան բանակցություններով, կվերցնենք ուժով», Թուրքիան էլ երկրորդում է։ Այստեղ արդարության, ընդհանրապես միջազգային իրավունքի մասին խոսք չկա։ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն այսօր գերիշխում են բանակցային գործընթացում», – նշեց զրուցակիցը:

Ավետիք Քերոբյանը շեշտում է՝ Հայաստանի ռազմավարությունն այս պարագայում պետք է լինի սեփական կարողություններն անընդհատ ուժեղացնելը, միայն դիրքային հավասարակշռության վերականգնմանը չապավինելը և ուժային հավասարակշռությունն ամբողջությամբ վերականգնելը։

«Ուժային հավասարակշռությունը չվերականգնելու դեպքում ցանկացած խաղաղություն լինելու է ստորացված, ստորաքարշ, ստրկացված խաղաղություն», – ընդգծում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հունվարի 13-ի տարեկան ամփոփիչ ասուլիսին և այդ թվում՝ նրա պարզաբանումներին Սյունիքի Սև լճի հենակետի հետ կապված հայտնի իրադրության վերաբերյալ՝ Ավետիք Քերոբյանը հայտարարեց՝ Սուրեն Պապիկյանի պատճառաբանությունը լրիվ ծաղր է մեր երեսին։

«Կարող է՝ դրանից հետո պայմանավորվել են, որ լարվածություն չստեղծեն, բայց փաստ է, որ մինչ այդ եղել է այդ լարվածությունը, փաստ է, որ այնտեղ կա ադրբեջանական ուղեփակոց, որի կողքով են անցնում, իսկ այսօր տակով են անցնում։ Կարող է՝ այսօր չեն զննում, բայց հաստատ, և դրա մասին կան հարյուրավոր վկայություններ, որ զննել են, մեր զորքերն անցել են ստորացուցիչ գործողությունների միջով։ Մեկ դեպքն էլ բավական է, որ այդ լուրը տարածվի մեր զորքի մեջ, և ընկնի մարտական ոգին։ Մենք հիմա այդ մասին չենք խոսում, որ ընկնի մեր զորքի մարտական ոգին, մենք խոսում ենք այն պարզ պատճառով, որ մեր մարտական ընկերները, մեր եղբայրները անխուսափելի վտանգի տակ են։ Այդ վտանգը ցանկացած րոպեի կարող է վերածվել իրենց գերեվարման։ Նրանք մատնված են Ադրբեջանի քմահաճույքին։ Ուզենան՝ հենց այս պահին կարող են բոլորին գերեվարել։ Դա՝ լավագույն դեպքում, իսկ մենք գիտենք, թե վատագույն դեպքում ինչ է տեղի ունեցել 2016-ին, 2020-ին, 2022-ին, 2023-ին», – նշեց Ավետիք Քերոբյանը։

Ավետիք Քերոբյանը հիշեցնում է՝ նույն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում, երբ նա պատճառաբանում է, թե Սև լճի մոտ ստեղծված իրավիճակը ձևավորվել է նախորդ նախարարի օրոք, իր պաշտոնավարման ընթացքում էլ քիչ դիրքեր ու տարածքներ չեն հանձնվել։

«Սա ոչ միայն ծաղր է, սա բացահայտ ցինիզմ է մեր նկատմամբ։ Իրենց վարքագիծն արդարացում չունի։ Այստեղ մենք գործ ունենք հմուտ մանիպուլյիացիայի հետ։ Նա մեղադրում է նախորդ նախարարին՝ ասելով, որ Արշակ Կարապետյանն է այս դիրքի հետ կապված իրավիճակի սկզբնական պատասխանատուն, բայց մոռանում է նշել, որ ինքն ավելի քան 4 տարի պաշտպանության նախարար է։ Չորս տարի այս հարցն իր պատասխանատվության գոտում է։ Չորս տարի նա մասնակից է հայ զինվորների, դիրքապահների նվստացման, ստորացման»,- հայտարարեց Ավետիք Քերոբյանը։

Ռազմական ծախսերի վերաբերյալ Պապիկյանի բացատրությունների մասին Ավետիք Քերոբյանը նշեց՝ ռազմական հավասարակշռությունը վերականգնված չլինելու պայմաններում ռազմական ծախսերը կրճատելը ևս մեկ հանցագործություն է։

«ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը ևս մեկ անգամ կրկնում է՝ թուրքերն ու ադրբեջանցիները բաց տեքստով են ասում, որ եթե իրենց ուզածը չստանան բանակցությունների միջոցով, ապա վերցնելու են ուժով։ Քերոբյանն ահազանգում է՝ ռազմական բալանսը մեր օգտին չէ, և Ադրբեջանը շարունակում է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի մեծածավալ գնումները։

«Այս ամենի ֆոնին տարատեսակ հայ պաշտոնյաներ (Դավոսում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը,-հեղ.) գնում և շնորհակալություն են հայտնում Իլհամ Ալիևին չգիտես՝ ինչի համար։ Մենք գիտենք՝ ինչի համար են շնորհակալություն հայտնում՝ բազմահազար զոհերի, տեղահանված արցախցիների, օկուպացիայի համար իսկապես անկեղծ շնորհակալություն են հայտնում, որովհետև դա ծառայում է իրենց քաղաքական նպատակներին։ Դրանով թուլացել է հայկական պետականությունը, զրոյացել հայկական պետականության դիմադրողականությունը, և այսօրվա իշխանությունը կարողանում է չնչին սպառնալիքները ուռճացնել այնքան, որ պատերազմով վախեցնելով՝ հասնի իր քաղաքական նպատակներին», – ցավով արձանագրում է մեր զրուցակիցը։

Ավետիք Քերոբյանը նաև իր գնահատականները տվեց Արտաքին հետախուզության ծառայության՝ ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցին՝ մատնանշելով զեկույցի ոչ պրոֆեսիոնալիզմը և քաղաքական գնահատականներ պարունակելը.

«Այն տպավորությունն է, որ այս զեկույցը թողարկելով՝ այս կառույցը զբաղված է քաղաքական քարոզով և իր առկայությունն արդարացնելով։ Միևնույն ժամանակ, որևէ  խորը հետազոտություն, որը խորը մասնագիտական վերլուծություն չենք տեսնում այս զեկույցում»։

Քերոբյանն ընդգծում է՝ իրականում գործող վարչախումբն է հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ՝ լռեցնելով այլախոհներին և ընդդիմախոսներին։

«Ավելորդ չեմ համարում նշել, որ այս վարչախումբը տևական ժամանակ է՝ անթաքույց սպասարկում է արտաքին շահեր, և տևական ժամանակ է, որ բացահայտորեն հրաժարվել է Հայաստանի, հայ ժողովրդի շահերը պաշտպանելուց։ Իրենք չեն հանդիսանում Հայաստանի կառավարություն, չեն հանդիսանում Հայաստանում գործող իշխանություն, որը պաշտպանում է Հայաստանի շահերը։ Սպասարկում են դրսի շահերը և նմանվում են մարմնավաճառի, որն անթաքույց գովազդում է իր ծառայությունները և անկեղծորեն հաճույք է ստանում այդ իրավիճակից», – հավելեց Ավետիք Քերոբյանը։

Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 18-ին Ավետիք Քերոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ահազանգել էր, որ Սյունիքում՝ ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերում, տեղեր կան, որտեղ ադրբեջանցիները զննում են հայ զինվորներին և դրանից հետո միայն նոր թույլատրում են բարձրանալ դիրքեր։ Այս տեղեկությունը նաև այլ աղբյուրներ էին հաստատել։ «168 Ժամ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունն, ըստ էության, չէր հերքել այդ տեղեկությունը՝ պատասխանելով, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն։

 Հունվարի 13-ի տարեկան ամփոփիչ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հարցադրմանն ի պատասխան անդրադարձել էր այդ տեղեկությանը՝ ասելով, որ խոսքը դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության, մասնավորապես՝ Սև լճի մի դիրքի մասին է։ Ըստ Պապիկյանի՝ խնդիրն հետևյալն է՝ կա՛մ պիտի այդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Նախարարը նաև նշել էր, թե այն, ինչ նկարագրում է լրագրողը, այսօր տեղի չի ունենում. «Այս պահին մենք նման իրականություն չունենք։ Այս պահին մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված՝ բլոկպոստով»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս