«Լավ ենք անում». ԱԳ նախարարը հետևում է Փաշինյանին և ասում՝ ՔՊ-ի չընտրվելու դեպքում պատերազմ կլինի
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե «ՔՊ-ն ընտրություններում չհաղթի, ապա պատերազմ կլինի, ամենաուշը՝ սեպտեմբերին»։
Ըստ ԱԳ նախարարի, Նիկոլ Փաշինյանը ժամկետը՝ սեպտեմբերը, պայմանական է ասել, նկատի է ունեցել ընտրությունենրից կարճ ժամանակ անց։
«Միանշանակ է, որ այդպիսի հեռանկար կարող է լինել, րոպեներ առաջ հանձնաժողովում նստած խոսում էինք, այդ թվում՝ այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունն այն է և մնացած առանձին ընդդիմադիր շրջանակների, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բացառիկ մեջբերում եմ այդ քաղաքացու խոսքերը. «այս Հայաստանը մեզ պետք չէ», այդ քարտեզը գետինը գցելը։
Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են լուծվում, շատ մեծ հավանականությամբ՝ Հայաստանը կարճ ժամանակ անց կկանգնի նոր պատերազմի առջև»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Շարունակելով՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե իրենք առաջարկում են խաղաղություն, ասում են՝ Հայաստանին պետք է խաղաղություն, այլ պայմաններում Հայաստանի ոչ թե հաջողությունը, զարգացումը, այլ գոյությունն ինքնին կհայտնվի հարցականի տակ:
«Ասում են՝ «այս Հայաստանը մեզ պետք չէ, թքած ունենք այս Հայաստանի վրա»։ Մեր ասածը շանտա՞ժ է, սովորական բան է։
Սա քաղաքականության անճարակության դրսևորում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք՝ մենք «խաղաղության կուսակցություն» ենք, և մյուսների ասածն այնքան անհեռանկար է ու վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Հիմա այնքան ճիշտ է ու անխոցելի, որ գալիս ու մեզ ասում են՝ «լավ էլի, դա մի ասեք, որովհետև ընտրական մրցավազքում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։ Սա մեր քաղաքական իրավունքն է, հարց կա՞, ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



