«Թուրքիան և Ադրբեջանը շահագրգիռ չեն կոմունիկացիաների ապաշրջափակման համար. չեմ բացառում, որ իրենք խնդիր ունեն միավորվելու, այսինքն՝ Ադրբեջան պետությունը չլինի և միավորվի Թուրքիայի հետ». Լևոն Բարխուդարյան

Սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին, հայտնել է, որ ճանապարհների  բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:

«Նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում, կարող են ասել, թե կոմունիկացիաների՝ երկաթուղու, ճանապարհների առկայությունը ինչքան շատ բան է փոխում: Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել պարենամթերքի գների վերաբերյալ, որը ցույց է տվել, որ Հայաստանում սննդամթերքը միջինում ավելի թանկ է, քան շատ երկրներում: Եվ, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, գալիս ու հասնում ենք տրանսպորտի խնդրին, որն այսօր ավելի է սրվել: Դուք գիտեք, որ մինչև Ուկրաինայի շուրջ դեպքերը, տրանսպորտի գներն արդեն թանկացել էին: Դրա հետևանքով բիզնեսի համար էլ են դժվարություններ առաջանում, բայց այս ամենից առաջին հերթին տուժում են սպառող քաղաքացիները»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հաղորդակցության ապաշրջափակումից ինչ դրական օգուտներ կարող է քաղել Հայաստանի տնտեսությունը, արդյո՞ք այսօր Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի բոլոր տեսակի կոմունիկացիոն միջոցները բացվեն։

168.amի հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը պատասխանելով այս հարցերին՝ նկատեց՝ ակնհայտ է, որ կոմունիկացիաների բացումը, իհարկե, դրական է լինելու։ Նախնական հաշվարկներով՝ ինքնարժեքը մոտ 30 տոկոսով, առնվազն 30 տոկոսով պակասում է,  տրանսպորտային ծախսերը՝ մոտ 5-6 տոկոսով։ Սա նաև նշանակում է, որ ապրանքների մրցակցությունն ավելանում է, շուկաներ են բացվում՝ պաշտոնապես։

Կարդացեք նաև

«Իհարկե, ոչ ֆորմալ առումով Թուրքիայի հետ առևտուր կա Վրաստանով։ Արտաքին առևտրաշրջանառությունը, իհարկե, կմեծանա, հատկապես Մերձավոր Արևելքի, Թուրքիայի հետ։ Իհարկե, այստեղ խոսքը վերաբերում է բոլոր կոմունիկացիաների բացմանը, այստեղ շատ կարևոր մեկ փաստ կա, որ մենք չպետք է մոռանանք։

Մի քանի օր առաջ նայում էի Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի հարցազրույցը, նա շատ ճիշտ բան նշեց, այդ նույն հարցադրումներն ինձ մոտ էլ կան, բայց կոնկրետ հենց սահմանային կետերով սկսեց խոսել։ Այդքան խոսում են կոմունիկացիաների բացման մասին, ենթադրենք՝ Մեղրին բացելու, Գորիսով ճանապարհ բացելու մասին, որտեղ ներդրումների կարիք կա՝ 1-2 տարի այնտեղ երկաթգիծը պետք է վերականգնվի, և այլն։ Բնական է, որևէ «միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, դրա մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Վլադիվոստոկում։

Եթե Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են կոմունիկացիաների բացմամբ, ինչպես պարոն Քոչինյանը նշեց, մի քանի կոմունիկացիաներ կան, որոնք այսօր էլ բաց են, աշխատանք պետք չէ անել՝ Երասխի ճանապարհը դեպի Նախիջևան, թե՛ գնացքը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհը, դրանք ամբողջությամբ բաց են, պետք է երկու կողմից մաքսակետեր դրվեն և անձնագրերի ստուգման կետեր սահմանապահների։ Նույնը՝ Իջևան-Ղազախ ճանապարհն Ազատամուտով, բաց են, ինչո՞ւ չեն բացում հիմա, ի՞նչն է պատճառը։ Նույնը վերաբերում է  նաև Մարգարայի ճանապարհին Թուրքիայից, Կարսի երկաթգծի բացմանը, որտեղ մեծ աշխատանքներ չկան անելու։ Իրենք այս բոլորի մասին մոռացել են և խոսում են միայն «Զանգեզուրի միջանցքի» մասին»,- նշեց Լևոն Բարխուդարյանը։

Ըստ նախկին նախարարի, այս ամենը նշանակում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ոչ թե ապաշրջափակումն է, տրանսպորտային միջոցների բացումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլ մաքսիմում ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի կորզեն առավելագույնը, ինչ հնարավոր է: Երևույթ, որով մշտապես աչքի է ընկել թուրքական դիվանագիտությունը։

«Սա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգիռ չեն կոմունիկացիաների ապաշրջափակման համար։ Ապաշրջափակում ասելով՝ ես հասկանում եմ ապաշրջափակում բոլոր տրանսպորտային գծերի ուղղությամբ։ Ադրբեջանով Ռուսաստան կապը սկզբում ակտիվ չի լինի, բայց աստիճանաբար կակտիվանա, եթե խաղաղություն լինի։ Բայց ինչ վերաբերում է  Թուրքիայով դեպի Եվրոպա, այ սա շատ հեռանկարային է Հայաստանի համար, ինչպես նաև Թուրքիայով Մերձավոր Արևելքի երկրներ, այնտեղից երկաթգիծը գնում է  Քուվեյթ, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն։ Այս առումով շատ մեծ հնարավորություններ կան զարգանալու, և շատ կարևոր ազդակ է, այստեղ միայն կոմունիկացիաները չեն, այլև այն է, որ կլինի այդ խաղաղության համաձայնագիրը։ Երբ միջազգային հանրությունն արդեն տեսնի խաղաղություն, խոշոր ներդրողներն արդեն կմտածեն մեծ ներդրումներ անելու մասին։ Այսօր խոշոր ներդրողներ չկան, որովհետև արդեն վաղուց կան նաև քաղաքական չլուծված հարցեր և այլն, իսկ երկու տարի առաջ տեղի ունեցած պատերազմը խոսեց այն մասին, որ մինչև խնդիրը չլուծվի և հիմնավոր խաղաղություն չլինի, խոշոր ու երկարաժամկետ ներդրումների մասին խոսելը դեռ վաղ է»,- հավելեց Լևոն Բարխուդարյանը։

Նրա կարծիքով՝ այդուհանդերձ այս ամենը տարիների հարց է, սակայն բոլոր հաղորդակցությունների բացումը մեծ հնարավորություն է Հայաստանի համար։ Ավելին՝ եթե հնարավոր լինի հասնել նրան, որ Իրանից՝ միջուկային համաձայնագիրը կնքելուց հետո, նավթամուղ, գազամուղ Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով հանել դեպի Եվրոպա, ապա դա շահավետ կլինի Հայաստանի համար։ Այդ դեպքում Հայաստանը կդառնա տրանզիտ երկիր, խաչմերուկ շատ կոմունիկացիաների համար։

«Ադրբեջանցիներն էլ են սա ասում, վերջերս նախկին նախարար Մամեդյարովը նշեց, որ դրանից Հայաստանը կշահի։ Բայց ստացվում է այնպես, որ ասում են՝ «Զանգեզուրի միջանցքը» մեզ տվեք, թե չէ չեք շահի։ Եթե դուք ապաշրջափակման կողմնակից եք, թող Թուրքիան բացի սահմանները և անմիջապես դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, բացեն այն բոլոր ճանապարհները, որոնք հենց այսօր էլ հնարավոր է բացել»,- շեշտեց Լ. Բարխուդարյանը։

Ֆինանսների նախկին նախարարը քաղաքական բավականին հարուստ  ճանապարհ է անցել, 90-ականներից առաջ էլ  հավանաբար շատ  ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփվելու առիթ ունեցել: Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ադրբեջանցիներն այսօր պատրաստ են հայերի հետ խաղաղ ապրել, Լ. Բարխուդարյանը պատասխանեց, որ 90-ականներին ադրբեջանցի նախարարների հետ քիչ շփումներ է ունեցել։

«Ի դեպ, նրանց մեջ կար նախարար, անունը չեմ ուզում տալ, որը կողմ էր, որպեսզի նավթամուղն ու գազամուղն անցնեն Հայաստանով, որովհետև ավելի էժան էր։ Նման դեպքեր էլ են եղել։

Չեմ կասկածում, որ ժողովուրդը պատրաստ է խաղաղ ապրելուն, պետք է տարանջատել ժողովրդին քաղաքական իշխանություններից։ Քաղաքական իշխանություններն իրենց անելիքն են անում, եթե չլինեն արտաքին ճնշումներ, ապա ինչ հնարավոր է՝ կանեն՝ Սյունիքով «միջանցք» ստանալու համար։ Ես չեմ բացառում, որ իրենք խնդիր ունեն միավորվելու, այսինքն՝ Ադրբեջան պետությունը չլինի և միավորվի Թուրքիայի հետ, բայց առանց ցամաքային ճանապարհի շատ դժվար է։ Սա հասկանում եմ, բայց մենք էլ մեր շահերն ունենք, մենք էլ մեր շահերից գործենք և ամրացնենք մեր հարաբերություններն իսկական դաշնակիցների հետ»,- եզրափակեց Լևոն Բարխուդարյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Բարխուդարյանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին։ Իսկ մինչ այդ, 1990-1992թթ. եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահի տեղակալը: 1992-1993թվականներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 1993-1997թթ. նշանակվել է ֆինանսների նախարար: 1997թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել  է ՀՀ Նախագահի խորհրդական: 1997-1999թթ.-ին՝ Կանադայում ՀՀ դեսպան։

Տեսանյութեր

Լրահոս