Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանը երեք մաքսակետ է բացելու, բայց Ադրբեջանը նման որոշում ընդունե՞լ է․ Հենրիկ Քոչինյան

Հայ-ադրբեջանական սահմանագծին բացվելիք երեք անցակետերից գոնե երկուսը սահմանագծման և սահմանազատման խնդիր չունեն։ Օրինակ, Երասխ-Սադարակ հատվածում սահմանը թե´ նախկինում է հստակ եղել, թե´ հիմա, և այդ սահմանի մասին որևէ խոսակցություն չկա։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած փաստաթղթերով արձանագրվում է, որ պետք է սահմանների ապաշրջափակում լինի։ Բնական է, որ ապաշրջափակումն առանց սահմանային կետերի, մաքսակետերի չի կարող լինել։ Սակայն ի՞նչ ենք արել մենք այս երկու տարվա ընթացքում ապաշրջափակման ուղղությամբ։ Միայն մամուլում է խոսվում ինչ-որ բանակցությունների, դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, բայց դրանց թեմատիկան, այն, թե ի՞նչ պայմաններում պետք է բացվեն այդ հաղորդակցության ուղիները, անհայտ է։ Ինչո՞ւ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած՝ մենք չենք պնդում, որ սահմանները պետք է օր առաջ բացվեն և ապաշրջափակվեն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը։

«Ի վերջո, ապաշրջափակման հետ կապված՝ կան կետեր և հարցեր, որոնք ո՛չ նյութական ծախսեր, ո՛չ էլ մեծ ներդրումներ են պահանջում, արդեն պատրաստի ենթակառույցներ կան։ Օրինակ, Այրում-Բագրատաշեն-Սադախլո երկաթգիծն աշխատում է դեպի Վրաստան, Ռուսթավիի մոտ այն բաժանվում է երկու ճյուղի՝ մեկը գնում է դեպի Թբիլիսի և Սև ծով, մյուսը՝ դեպի Ադրբեջան։ Եթե կա բարի կամք, ինչո՞ւ այդ մասին համապատասխան փաստաթուղթ չի ստորագրվել, և հայկական բեռներն ինչո՞ւ այդ գծով չեն գնում, դիցուք, Ռուսաստան կամ ավելի հեռու։ Դա որևէ շինարարական աշխատանք չի պահանջում։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային հաղորդակցություններին, առկա է Իջևան-Ղազախ ավանդական ճանապարհը, և ժամանակին խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի կողմից կային ճանապարհային ոստիկանության կետեր, որոնք մաքսային կամ միջպետական գործառույթ չէին կատարում, բայց որոշակի վերահսկողություն էին իրականացնում։ Այդ ճանապարհը կարելի է վերագործարկել, այդտեղ պետք է մաքսակետեր կամ սահմանային անցակետեր դրվեն»,- ասաց քաղաքական գործիչը։

«Հայաստանը ձեռնամուխ է լինում երեք մաքսակետի բացման։ Իսկ Ադրբեջանը նման որոշում ընդունե՞լ է։ Նման քայլերը սովորաբար պետք է զուգահեռ կատարվեն։ Պատկերացնենք՝ շուտով մեր սահմանային անցակետերը կահավորում ենք, սահմանապահն ու մաքսավորն աշխատում են։ Ադրբեջանական կողմում նման աշխատանք կատարվե՞լ է, կա՞ մի փաստաթուղթ, որի հիման վրա ՀՀ քաղաքացին կարող է գնալ Ադրբեջան, թե՞ հատուկ վիզա է պետք։ Տարանցիկ ճանապարհ ունենալը, երբ տարբեր երկրների բեռնափոխադրողները և ուղևորափոխադրողներն անցնում են քո տարածքով, երկրի համար օգտակար է, ենթակառուցվածքներն են զարգանում, դյուրանում է հաղորդակցությունը, որոշ ապրանքների գներ կարող են իջնել, այս ամենն իր դրական ազդեցությունը թողնում է։ Բայց դա փոխադարձ պետք է լինի»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Նախկին նախարարի կարծիքով՝ առաջնահերթ խնդիրն այն է, որ երկու պետությունները պետք է տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստորագրեն․ «Պետք է երկուստեք կանոնակարգել՝ ինչպե՞ս անցնել սահմանը, ի՞նչն է թույլատրվում, ինչի՞ համար է թույլտվություն պետք։ Մենք մեր բոլոր հարևանների և անգամ հեռավոր երկրների հետ՝ Վրաստան, Իրան, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ունենք փաստաթղթեր, որոնցով կարգավորվում է տրանսպորտային ոլորտը։ Շատ տարօրինակ է Քարահունջում անցակետ դնելը, քանի որ Գորիս-Կապան ճանապարհը, երբ այն կառուցվել և շահագործման է հանձնվել, ամբողջությամբ գտնվել է Հայաստանի տարածքում։ Համապատասխան փաստաթղթեր կան, օրինակ՝ ՀԽՍՀ կառավարությանն առընթեր Գեոդեզիայի և քարտեզագրության պետական կոմիտեի հրատարակած ավտոմոբիլային ճանապարհների քարտեզները, որոնցում այդ ամբողջ ճանապարհը սահմանից 2-3 կմ ներս է»:

«Բնական հարց է առաջանում՝ եթե ՀԽՍՀ կառավարությունը որոշում է ընդունում կառուցել 68 կմ-անոց ճանապարհ, որից 21 կմ-անոց հատվածը ենթադրաբար անցնում է Ադրբեջանի տարածքով, ո՞ւր է այն փաստաթուղթը, որը երկու հանրապետությունները համաձայնեցրել են կա՛մ իրար, կա՛մ կենտրոնական կառավարության հետ։ Այդ ճանապարհի բացումից ի վեր՝ 1964-ից մինչև 2020-ը, դրա պահպանության համար ՀՀ կառավարությունն ամեն տարի բյուջեից հատկացում է արել։ Ուրիշի տարածքով անցնող ճանապարհի համար մենք գումա՞ր ենք հատկացրել, պահպանություն և նորոգո՞ւմ ենք արել։ Սրանք հարցեր են, որոնք հստակ պատասխաններ են պահանջում»,- ամփոփեց Հենրիկ Քոչինյանը:

Տեսանյութեր

Լրահոս