«Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին՝ ներքին կարգով ցուցում է տրված». Հայկ Ֆարմանյան

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճն էլ ավելի բարձր է՝ 13 տոկոս։ Արդյունքում՝ կիսամյակի տնտեսական աճը կազմել է 11 տոկոս, որից արդյունաբերությունը՝ ներառյալ՝ էներգետիկան, տնտեսական աճին նպաստել էր՝ ընդամենը 0,38, երկրորդ եռամսյակում՝ 0,58 տոկոսային կետով։

Ինչպես վերջին 4-5 տարիներին, այնպես էլ այս տարվա առաջին-երկրորդ եռամսյակներում տնտեսության այս առանցքային ճյուղի նպաստումը ՀՆԱ աճին եղել է բացասական՝ առաջին եռամսյակում՝ 0,12, երկրորդում՝ 0,15 տոկոսային կետով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը նշեց՝ արձանագրված 13 տոկոս աճը ոչ թե Կառավարության վարած տնտեսական քաղաքականության, այլ ինքնաբերաբար՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիների՝ մեր երկիր բերած գումարներով ու դրանց ծախսով է պայմանավորված։

«Ռուսաստանից Հայաստան եկած և գնացած քաղաքացիների տարբերությունը կազմում է 49 հազար մարդ, ինչը ահռելի թիվ է՝ Հայաստանի դեպքում։

Կարդացեք նաև

Բնականաբար, այդքան մարդ մեր երկրում բիզնես գործունեություն է ծավալել, ծախսել Ռուսաստանից բերած գումարները, ինչով պայմանավորված էլ գոյացել է այդ 13 տոկոս աճը, բայց չէ՞ որ Կառավարության կամքից անկախ է այդ թիվն արձանագրվել։ Ի դեպ, նման ու ավելի շատ աճեր արձանագրվել են նաև այն երկրներում, որտեղ տեղափոխվել են ռուսները. օրինակ՝ եթե մեզ մոտ 49 հազար է եկածների և գնացածների թիվը, ապա Վրաստանի դեպքում այն կազմում է 1 միլիոն քաղաքացի»,- ասաց Ֆարմանյանը։

Ըստ նրա՝ տնտեսության շարժիչ ուժը ներքին և արտաքին ներդրումներն են ինչի ուղղությամբ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, և ցավալի է, որ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կարելի է ցույց տալ խոշոր ներդրումներ, ուստի, քանի դեռ դրանք չկան, անիմաստ է խոսել անվտանգային միջավայրի բարելավման և տնտեսության լավ վիճակի մասին։

Տնտեսագիտության դոցենտն իշխանությանը կոչ արեց միայն Երևանի սրճարանների մարդկանց քանակով տնտեսության վիճակը չգնահատել. դա խաբկանք է։

Նա նաև խաբկանք որակեց թոշակները 3000 դրամով բարձրացնելով՝ մարդկանց կյանքի որակի բարձրացման մասին Կառավարության հայտարարությունները։

«Կենսաթոշակի բարձրացման չափն ինձ համար, որպես մասնագետի, ծիծաղելի է, որովհետև այն համարժեք չէ այն գնաճին, որը կա։ Եթե դա համարժեք      չէ գնաճին, ապա մենք գործ ունենք բյուջեի գումարների ոչ ռացիոնալ ծախսման հետ, որովհետև պետական պաշտոնյաների աշխատավարձերի, փոփոխվող ծառայողական մեքենաների ֆոնին 3000 դրամը ծիծաղելի է։

Խաբկանք է որպես մեծ ձեռքբերում ներկայացվող թոշակառուներին 10 տոկոսի հետվճար տալու այդ օրենքը ևս. այստեղ գործ ունենք մանիպուլյացիայի հետ, որովհետև այսօր հետվճար տալիս է ընդամենը 3 բանկ»,- ասաց Հայկ Ֆարմանյանը՝ Ռուսաստանից դեպի Հայաստան փողի հոսքով պայմանավորված աճը Կառավարության աշխատանքի ձեռքբերում համարողներին քննադատելով նույն Ռուսաստանի դեմ գործելու համար։

«Մամուլի չհերքված հրապարակումների համաձայն՝ ՀՀ պատկան մարմինները փորձում են կտրել այն ճյուղը, ինչի վրա նստած են։ Ասվածը վերաբերում է նրան, որ հայաստանյան բանկերը միացել են հակառուսական սանկցիաներին՝ ըստ լուրերի, արևմտյան ճնշման ներքո, և բանկերը ենթարկվում են ԱՄՆ դեսպանատան ուղիղ ցուցումներին ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում պահելով մինչև 8 տոկոս միջնորդավճար։ Ավելին՝ տեղեկանալով, որ տնտեսվարողը պետք է ապրանք արտահանի ՌԴ, բանկերը հրաժարվում են այդ տնտեսվարողների համար հաշիվներ բացել։ Ավելին՝ ՀՀ-ում ներքին կարգով թույլ չեն տալիս դեպի ՌԴ ապրանքների արտահանումը, իսկ դա նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, ինքներս մեզ ենք վնաս տալու»։

Հարցին՝ դա կնշանակի՞, որ Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին, Ֆարմանյանը պատասխանեց.

«Իհարկե այո՛, միանշանակ. դա ոչ այլ ինչ է. քան հակառուսական սանկցիաներին անուղղակիորեն միացում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս