«Պատերազմի վտանգը միշտ էլ կա, փորձում են Իրանին, այսպես ասած, հուժկու հարված հասցնել». Արարատ Կոստանյան
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը վերջերս չէր բացառել, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը կարող է վերածվել պատերազմի։
«Պետք է կոչ անենք Իսրայելին՝ ընդունել 1967 թվականի սահմանները։ Ոչ միայն «Համաս»-ը, այլ բոլոր պաղեստինցիները համաձայն են 1967 թվականի սահմաններով պաղեստինյան պետության ստեղծմանը»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։
Իրան-Իսրայել պատերազմ այս փուլում որքանո՞վ է հնարավոր, եթե պատերազմ տեղի ունենա՝ ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Ադրբեջանը մշտապես ձգտում է հայ-ադրբեջանական սահմանին պատերազմ հրահրել։
168.am-ի հետ զրույցում արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ հիշեցրեց, որ տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու փորձերն արդեն մի քանի տասնամյակ շարունակվում են։ Դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների նկատմամբ՝ իսրայելա-պաղեստինյան պատերազմում, իսկ դրանից առաջ՝ Արցախի երկրորդ պատերազմում, երբ Իսրայելի վերլուծաբաններն ասում էին, որ այդ պատերազմում իրենց ավելի շատ հետաքրքրում է Իրանի դիրքորոշումը, և իրենց աջակցությունն Ադրբեջանին ուղղված է Իրանի դեմ։
«Մենք տեսանք Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսարանի ռմբակոծումը Սիրիայում, դրանից հետո՝ Իրանի հարձակումը։ Կարծում եմ՝ պատերազմի վտանգը միշտ էլ կա, փորձում են Իրանին, այսպես ասած, հուժկու հարված հասցնել։ Այդուհանդերձ, բացի ռեգիոնալ իրավիճակից, պետք է դիտարկել նաև համաշխարհային արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ գերհզոր ուժերի հարաբերակցությունն այստեղ։ Օրինակ, վերջերս սպասվում էր, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմի երկարաձգման ժամանակ հնարավոր կլինի Արևմուտքը՝ հանձին Միացյալ Նահանգների, այս կոնֆլիկտն այլ տեղ տեղափոխել, այսինքն՝ նոր օջախ ստեղծել, մասնավորապես՝ Թայվանի հարցում։ Սակայն մենք տեսանք, որ Միացյալ Նահանգների ու Չինաստանի առաջին դեմքերի հանդիպումից հետո այնտեղ հստակորեն առճակատման գնալու հակառակ ուղղությունը որդեգրվեց, քանի որ հայտարարությունները շատ նուրբ էին և կոնֆլիկտները հարթելու՝ միմյանց հետ լեզու գտնելու փորձ եղավ»,- նշեց Արարատ Կոստանյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ որքան էլ Միացյալ Նահանգները ցանկանում էր, որ Չինաստանը Ռուսաստանից մի քիչ հեռու կանգնի և չսատարի, այդ հարցում արդյունքի չհասավ։ Հետևաբար՝ գերհզոր ուժերի ներկայիս հարաբերությունները գնահատելով՝ միջազգայնագետը կարծում է, որ հիմա մեծ առճակատում չի լինի, սակայն հնարավոր է՝ կարճ ժամանակով՝ որոշ ընդահատումներով, իրար ռազմական մեսիջներ ուղղեն։ Այս ամենին զուգահեռ՝ իրավիճակը կախված է նաև այն հանգամանքից, թե Իսրայելը Գազայի հատվածում ինչ արդյունքի կարող է հասնել։
«Այստեղ իրավիճակի սրում կա, կարող է արաբական ու իրանական կողմից ազդեցություն լինել, որովհետև իրավիճակն այնքան է փոխվել, որ արևմտյան երկրներն արդեն ցույցեր են անում, որ գլոբալ հարցը լուծվի ու պատերազմը կանգնի։ Նույնիսկ ամենահայտնի համալսարաններում մեծ ուսանողական ցույցեր ու բողոքներ են լինում։ Հակառակ այս ամենին, տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է ոչ թե պատերազմը կանգնեցնել ու նստել բանակցային սեղանի շուրջ, այլ Գազայից անցնում է Ռամալայի և Ռաֆայի դեմ պատերազմ սկսելուն։ Սա կսրի իրավիճակը»,- շեշտեց Արարատ Կոստանյանը։
Արարատ Կոստանյանը նաև հիշեցրեց՝ Արցախի երկրորդ պատերազմի վերսկսումն Ադրբեջանի կողմից, Արցախը գրավելու հիմնական նպատակից բացի, կոնֆլիկտի ամբողջ թնջուկը՝ ճանապարհ ստանալն էր Սյունիքում, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։
Նա նաև նկատեց՝ երկար ժամանակ Թուրքիան, մասնավորապես՝ Գազայի հարցում, կարողանում է շահարկել խնդիրը ու դիվիդենտներ շահել իր դերի ուժեղացմանը տարածաշրջանում։ Հայտարարություններ եղան, թե իբր Թուրքիան մուսուլմանական աշխարհի պաշտպանն է։ Սակայն մուսուլմանական աշխարհը տեսնում է, որ այս ամենն իրական չէ, քանի որ Թուրքիան մերթընդմերթ շարունակում է իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Մերձավոր Արևելքում Իսրայելն ու Թուրքիան մտերիմ դաշնակիցներ են։
«Թուրքական հեռուտաընկերությունները հստակ քարտեզներով ցույց են տալիս, որ Սյունիքով ցանկանում են իրականացնել թուրքական ծրագիրը։ Իսկ Իրանը բազմիցս տարբեր ձևաչափերով հայտարարել է, որ դեմ է սահմանների փոփոխությանը, սակայն Սյունիքում հնարավոր ագրեսիայի դեպքում, չեմ կարծում, որ Իրանը որպես երրորդ երկիր՝ ներգրավվի այդ կոնֆլիկտի մեջ։ Սակայն, եթե Իրանի ու Հայաստանի միջև որևէ համաձայնություն լինի ռազմական դաշինքի կամ դիվանագիտական համաձայնության տեսքով, ապա այդ դեպքում գուցե լեգալ լինի Իրանի կողմից որևէ գործողություն կատարելը։ Կա այդպիսի մեխանիզմ, օրինակ՝ Սիրիայի պատերազմում Թուրքիան պատրվակ ընդունելով, որ քրդական հատվածներում կարող է իր երկրին վտանգ սպառնալ, ներխուժեց Սիրիա, սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր։ Բայց քանի որ երկրները միմյանց հետ ունեն ընդհանուր շահեր, Թուրքիային չեն կարողանում պատժել՝ միջազգային իրավունքի նորմերով»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։