«Նիկոլը Հայաստանից թողել է միայն փլատակներ՝ առանց Արցախի, պետք է գնա. եկեղեցին զանգը հնչեցրել է, միացե՛ք». Շահե Աճեմյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը՝ մայիսի 9-ին, կլինի Երևանում, որտեղ նրան կմիանան բազմաթիվ քաղաքացիներ։ Այս շարժման մասնակիցները պահանջում են, որպեսզի  իշխանությունները դադարեցնեն իրենց սահմանազատումը, որն իրականում ոչ թե սահմանազատում է, այլ դրա անվան տակ իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքներ զիջել է։

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի բնորոշմամբ՝ Տավուշից մեկնարկած շարժումը վերածվելու է համաժողովրդական պոռթկման, քանի որ, ըստ նրա՝ ամեն ինչ պետք է ունենա սկիզբ ու վերջ, իշխանությունների զիջողական քաղաքականությունը պետք է ունենա ավարտ։

«Վեց տարի է՝ օրվա իշխանությունը մեր հայրենիքը թուլացնում է՝ սկսած բանակից մինչև Սահմանադրություն։ Կորցրեցինք Արցախը, հիմա էլ զիջումներ են անում։ Հիմա մեր ժողովուրդը հասկանում է, որ մեծագույն սխալ են թույլ տվել՝ 2021 թվականին ընտրելով Նիկոլ Փաշինյանին, նրան ընտրածներից շատերն այսօր ասում են՝ «ձեռքներս կոտրվեր, այդ ընտրությունը չանեինք»։ Նկատի ունեմ, երբ մարդիկ իրավիճակը գիտակցում են ու հասկանում են՝ ինչ է երկրին սպասվում, չի կարող համաժողովրդական պոռթկում չլինել, որքան էլ իշխանությունները փորձեն այդ ամենը կանխել։

Նիկոլը պետք է գնա, նրանից պետք է ազատվել, նա երկիրը քանդում է»,- 168.amի հետ զրույցում նշեց Շահե Աճեմյանը։

Կարդացեք նաև

Ազատամարտիկի խոսքով՝ ինքն ու իր ընկերները կմիանան շարժմանը, կմիանան Երևանում, քայլերթին չի մասնակցում, քանի որ ոտքի հետ ունեցած խնդիրների պատճառով երկար չի կարողանում քայլել, սակայն Երևանում հնարավոր ամեն կերպ կաջակցի շարժման մասնակիցներին։

«Ինչո՞ւ պետք է մնա Նիկոլը, տնտեսությո՞ւնն է զարգացրել, սահմաննե՞րն է անվտանգ դարձրել, բանա՞կն է ուժեղացրել, Արցա՞խն է պաշտպանել, ի՞նչ է արել նա այս երկրի համար, վնաս տալուց բացի։ Նիկոլը Հայաստանից թողել է միայն փլատակներ՝ առանց Արցախի։ Այս հարցերը վաղը յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն տալ ու դուրս գալ փողոց։

Իսկ Առաքելական եկեղեցին ինչ անում է, ճիշտ է անում։ Շատերը մշտապես ասում էին՝ ո՞ւր է եկեղեցին, ինչո՞ւ զանգերը չի հնչեցնում, եկեղեցին զանգը հնչեցրել է, միացեք»,- նշեց Շահե Աճեմյանը։

Նա հույս հայտնեց, որ մայիսի 9-ին հրապարակում «ասեղ գցելու տեղ» չի լինի, քանի որ շարժումը համաժողովրդական է ու հայի արժանապատվության համար է։

«Մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ժողովրդին կարող է ջարդուփշուր անել, բայց դա կլինի իր իշխանության վերջը։ Այնպես որ, այն, ինչ հիմա տեղի է ունենում, ճիշտ է, դա ինձ ոգևորում է, քանի որ այս երկիրը փրկելու հնարավորություներ են ստեղծում»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս