ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Գորդոն Բլեքը, որն ինքնաթիռով Վլադիվոստոկ էր մեկնել ընկերուհուն այցելելու, կասկածվում է ընկերուհուց 200 հազար ռուբլի գողանալու մեջ։ Այս մասին հաղորդել է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Բլեքը մեղադրվում է զգալի վնաս պատճառող գողության մեջ, որի համար նրան սպառնում է մինչև հինգ տարի ժամկետով բանտարկություն։
The New York Post-ի տվյալներով՝ աղջիկը, որի մոտ զինվորականը ժամանել էր Վլադիվոստոկ, 31-ամյա Վալենտինա Վաշչուկն է։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն տեսահոլովակներին, որոնք Վաշչուկն ու Բլեքը հրապարակել են TikTok-ում։ Դրանցից մեկում ամերիկացի զինվորը ՆԱՏՕ-ի դաշինքն անվանել է «ագրեսիվ» և ասել, որ «հասկանում է Ռուսաստանին, որը ցանկանում է պաշտպանել իրեն»։ Մեկ այլ տեսանյութում նա համաձայնում է իր ընկերուհու այն խոսքերին, թե «(Դոնալդ) Թրամփն ավելի լավն է», և ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրում է իր երկրի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման մեջ։ Մի քանի տեսանյութերում աղջիկը վիրավորում է Բլեքին և բարկացնում նրան։
34-ամյա Բլեքը, որը ծառայում էր Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում, տեղափոխվել է Տեխասի «Ֆորտ Կավասոս» բազա: Սակայն այնտեղ գնալու փոխարեն ավագ սերժանտը ժամանել է Վլադիվոստոկ՝ իր ընկերուհու մոտ։ Այնտեղ նրան հյուրանոցում ձերբակալել են այն բանից հետո, երբ աղջիկը ոստիկանություն էր դիմել գողության մասին հայտարարությամբ, ինչը զինվորականը, ենթադրաբար, կատարել է իր մոտ հյուր գտնվելով։ ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, որ Բլեքը ձերբակալվել է մայիսի 2-ին։