«Գուցե ուժայինների առանձին ստորաբաժանումներ հանուն Փաշինյանի ամեն ինչի պատրաստ լինեն, բայց նրանք արդեն փոքրամասնություն են». Դավիթ Ջամալյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը՝ մայիսի 9-ին, երթով կհասնի Երևան. նախատեսված է մեծ հանրահավաք։ Դեռևս ապրիլի 21-ին Տավուշում բնակիչները ոտքի էին կանգնել՝ փակել Ոսկեպար-Կիրանց ճանապարհը, բողոքում էին իշխանությունների որոշումների դեմ և պահանջում դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, որով բնակիչներից շատերի տներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ և բազմաթիվ հայկական տարածքներ են հանձնվելու թշնամուն։
Ավելի քան երկու շաբաթ բողոքի ակցիաներ իրականացնելուց հետո, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժումը հայտարարեց Տավուշից դեպի Երևան երթի մասին։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որ վաղը Երևանում ընտանիքի հետ միասին միանալու է երթի մասնակիցներին, ասաց՝ սա պետականությանը կենսական լիցքեր հաղորդող ազնիվ շարժում է։
«Սա հայի մեջքը շտկող շարժում է, որին պետք է միանալ, աջակցել ու մաս կազմել»,- նշեց Դավիթ Ջամալյանը։
Նա վստահ է, որ շարժումը Երևան հասնելուց հետո, իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն կասեցնի, սակայն խիստ կասկածում է, որ հաջողության կհասնեն։
«Այն, որ այս իշխանությունը չունի իզմ-եր, բարոյական տաբուներ՝ ակներև է։ Չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը և իր շուրջ խմբված անձինք ունակ են ամեն ինչի։ Բայց քանի որ այս շարժումը շատ մեծ թափ է հավաքում, իսկապես Առաքելական եկեղեցու փրկարար առաքելությունն իր գործն անում է, ու մարդիկ տոգորված են հույսով ու հավատով, շարժումը զանգվածային բնույթ է ստանում՝ փաստ է։ Հետևաբար՝ այս ամենը հաշվի առնելով, իշխանությունը պետք է հասկանա, որ շատ մեծ դժվարությունների է հանդիպելու, եթե փորձի բռնություն գործադրել շարժման կազմակերպիչների հանդեպ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ ուժային կառույցներում էլ մեծ դժկամությամբ կընդունվի ուժ գործադրելու պարտադրանքը։ Ավելին՝ հիմնավոր է Բագրատ սրբազանի այն հայտարարությունը, որ ուժային կառույցներից կան նվիրյալ սպաներ, որոնք կապ են հաստատում շարժման մասնակիցների հետ։
«Գուցե ուժայինների առանձին ստորաբաժանումներ հանուն Նիկոլ Փաշինյանի ամեն ինչի պատրաստ լինեն, բայց որ իրենք արդեն փոքրամասնություն են ուժային համակարգում՝ փաստ է, դատելով անգամ հրապարակային տեղեկություններից։ Իհարկե, եթե իշխանությունը հնարավորություն ունենա, շարժումը կասեցնելու համար ամեն հնարավոր քայլի կդիմի, այլ հարց է՝ այդ հնարավորությունը կունենա՞ն, թե՞ ոչ։
Այդուհանդերձ իրենց չի հաջողվի բռնությամբ շարժումը կասեցնել, որովհետև խոսքը համազգային մասշտաբի շարժման մասին է, որն ինչ-որ կերպ կաշկանդել չի հաջողվի, որովհետև իրենք հենարան չունեն։ Այնպես որ, թող խոհեմ լինեն ու հեռանան խաղաղությամբ, որովհետև մեզ մեր երկիրն ու պետականությունն է պետք»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։