
Մենք ունենք նաև Սարդարապատի թանգարանը, որտեղ գորգերը տեղափոխելու առաջարկը ևս մերժվել էր Շուշիի թանգարանի տնօրենի կողմից. ԿԳՄՍ փոխնախարար

«Կար պայմանավորվածություն, պետությունը պատրաստ էր տրամադրել Հայաստանի պատմության թանգարանը, սակայն այնտեղ վերանորոգում էր ընթանում, և դա էր պատճառը, որ ձգձգվում էր պրոցեսը: Դրանից հետո Շուշիի թանգարանի տնօրենի հետ հանդիպում չենք ունեցել, բայց մեզ տեղեկատվություն հասավ, որ այս պահին նա հետաքրքրված չէ, որպեսզի գորգերն այս թանգարանում ցուցադրվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերի մասին:
«Մենք ունենք նաև Սարդարապատի թանգարանը, որտեղ գորգերը տեղափոխելու առաջարկը ևս մերժվել էր Շուշիի թանգարանի տնօրենի կողմից: Իրականում մենք շատ կուզեինք ինչ-որ լուծում գտնել, ինչ-որ տեղ տրամադրել, բայց, բնականաբար, պետք է նաև մեր ռեսուրսները հաշվի առնենք, որոնք որ ինչ-որ չափով սահմանափակ են: Այսինքն, առաջարկում ենք այն թանգարանները, որոնք մեր ենթակայության տակ են և բարվոք են: Հիմա, եթե Շուշիի թանգարանի տնօրենը ցանկություն կունենա այս երկու թանգարաններից մեկը դիտարկել՝ մենք պատրաստ ենք շարունակել մեր քննարկումներն այդ ուղղությամբ»,- հավելեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
168.am-ը դեռևս մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Շուշիի գորգերը կտեղափոխվեն և այսուհետև կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում:
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանից հետաքրքրվել էինք՝ այս առումով որևէ քայլ կատարվե՞լ է, նա պատասխանել էր, որ ԿԳՄՍ վերջին առաջարկով գորգերն արդեն հունիսին պետք է ցուցադրվեին Պատմության թանգարանում, սակայն դահլիճի նորոգման աշխատանքները դեռևս չեն սկսվել:
«Ես ԿԳՄՍ նախարարությանն ասել եմ՝ վերջնական մի տեղ տվեք, որ պահեմ գորգերը, ասում են՝ հես ա մտածենք: Ասում են՝ թանգարանի մեջ թանգարան ինչպե՞ս կարող է լինել: Սա անհիմն խոսակցություն է: Այն դեպքում թանգարանի մեջ թանգարան չէր կարող լինել, երբ թանգարանը, որը գալիս է, իր բնօրրանն ունի, բայց մեր բնօրրանը թշնամու ձեռքում է, մենք տեղ չունենք»,- նշել էր Վարդան Ասծատրյանը:
Հիշեցնենք, որ գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց գորգերը տեղափոխելու պահանջ էր ներկայացվել: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասել էր.
«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ»: