Բաժիններ՝

Լեռնակերտում ուշ բրոնզի դարում բրուտագործությունը զարգացման աննախադեպ ծավալների էր հասել

Լեռնակերտում իրակացված պեղումներն ամբողջացնում են մ.թ.ա. 3-1-ին դարերի Լեռնակերտի հնահասարակության կենսագործունեության մասին ունեցած պատկերացումները։ Արշավախումբը տարածքում հայտնաբերել է հնագիտական արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է առանձնակի նշանակություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2020 թվականից սկսած Լեռնակերտի պեղումները կատարվում են ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ինչպես նաև Ամերիկայի հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային հիմնադրամի կողմից տրամադրված անհատական դրամաշնորհների միջոցով։ Նախորդ տարիներին հետազոտվել էին համալիրի պաշտպանական կառույցները, բնակավայրերը և թաղման միջավայրերը, որոնց տվյալներով կարողացել էինք նախնական պատկերացում կազմել ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. 15-13-րդ դդ․) և անտիկ ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3-1-ին դդ․) Լեռնակերտում տեղի ունեցած իրողությունների մասին:

«Արմենպրեսի» հետ ունեցած զրույցի ժամանակ արշավախմբի ղեկավար Բեն Վարդանյանը տեղեկացրեց, որ Լեռնակերտի հնագիտական արշավախումբը ձևավորվել է 2019 թվականին և մինչև օրս անընդմեջ հնագիտական և հետախուզական աշխատանքներ է իրականացնում Շիրակի մարզի Լեռնակերտի հնավայրի և հարակից տարածքներում։ Արշավախմբում ընդգրկված են եղել հնագետներ, ճարտարապետ, հնամարդաբան, հնակենդանաբան, հնաբուսաբան, մոլեկուլյար մարդաբան։ Նախորդ տարիներին արշավախմբի կողմից հետազոտվել էր գյուղի տարածքում հաշվառված երկու ամրոցները՝ Վարի Բերդը և Վերի Բերդը, դրանց մերձակայքում տարածվող բնակավայրերը և դամբանադաշտերը։

Նախորդ տարիներին ամրոցների, բնակավայրերի և դամբարանադաշտերի համաժամանակության հարցը պարզաբանելու նպատակով պեղումներ են իրականցվել համալիրի տարբեր հատվածներում։ Արդյունքում՝ հնագիտորեն հետազոտվել է երկու ամրոց, որոնց ժամանակագրման և հասակագրման համար ձեռք բերված տվյալները հնարավարություն են տալիս խոսելու տարածքի՝ սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև միջնադար անընդմեջ բնակեցման մասին։ Վարի Բերդի և Բերի Բերդի՝ երկու կիկլոպյան ամրոցների հետազոտությունները վկայում են դրանց տարածաշրջանի ամրոցների վաղագույն տիպին պատկանելու մասին, ինչը փաստում է, որ Արագածի հյուսիսարևմտյան լանջերը, ի թիվս հարևանությամբ գտնվող մյուս վաղ ամրոցների, կազմում են պաշտպանական կառույցների առաջացման և ձևավորման կարևոր օջախներից մեկը։ 2020-2022 թվականներին ըստ արշավախմբի կողմից սահմանված հետազոտական ուղղության, այն է Արագածի հյուսիսարևմտյան լանջերի բնակչության սոցիալ-ժողովրդագրական և հնաԴՆԹ պատկերի հետազոտության խնդիրները, պեղումներ են կատարվել Վերի Բերդ ամրոցի շրջակայքում տեղորոշվող դամբարանադաշտերում։ Ձեռք բերված տվյալները խոսում են այն մասին, որ քննվող տարածաշրջանում բրոնզի դարի ավարտական փուլում, Լեռնակերտում, ապրել է զարգացած և բարդ հասարակություն։ Դատելով դամբարանների արտաքին և ներքին կառույցների մոնումենտալ ճարտարապետությունից, դամբարանադաշտերի կազմակերպման եղանակներից, թաղման ծեսերից և թաղումն ուղեկցող գույքից, կարող ենք նշել, որ այս համայնքում գոյություն է ունեցել զարգացած ծիսապաշտամունքային համակարգ, որը կարգավորել է համայնքի հոգևոր կարիքները, կատարել և կանոնակարգել թաղման արարողությունները։ Ըստ ձեռք բերված տվյալների, Լեռնակերտի ուշբրոնզեդարյան թաղման ծեսում առկա են բազմաթիվ նորարարություններ, որոնք բնորոշ են միայն այս տարածաշրջանին։

2021 թվականին Լեռնակերտի Վերի Բերդից հարավ տեղորոշվող բլրի ամրոցահայաց լանջին հայտնաբերվեց յուրօրինակ կառուցվածք ունեցող մի շինություն, որի օդալուսանկարահանումները ցույց տվեցին, որ գործ ունենք եռամաս, երկայնական առանցքով հյուսիս-հարավ ուղղված կառույցի հետ։ Կառույցի հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ մոնումենտալ ճարտարապետությամբ մ.թ.ա. 2-1-ին դարերին վերագրվող պաշտամունքային համալիրն իր կառուցվածքով և ճարտարապետական առանձին մանրամասներով զուգահեռը չունի տարածաշրջանի անտիկ հուշարձաններում։

«Լեռնակերտի քննվող կառույցը եռահարկ է, որի վերին հարթակը դեպի հարավ ուղղված պայտաձև շինություն է՝ պատերի 1,7 մ պահպանված բարձրությամբ։ Այս կառույցում էլ գտնվել են տանիքը պահող սյուների երկու խարիսխներ, որոնցից մեկը՝ արևմտյանը, անտիկ աշխարհում հայտնի տորաձև սյան խարիսխն է, իսկ արևելյանը՝ տեղական բազալտից շրջանաձև, կոպտատաշ խարիսխ է։ Երկու խարիսխների միջակայքում, հատակից 0,5 մ բարձրությամբ վեր է խոյանում բնաժայռի ելուստը։ Սյան երկու խարիսխների հիմքերի մոտ, հատակին բացվել են մեծ քրեղանի բեկորներ, որոնց դասավորությունը վկայում է անոթի կանխամտածված կոտրման և այդ հատվածներում տեղադրման մասին։ Առանձնահատուկ հիշատակելի է երկրորդ հարթակը, որի արտաքին պատերն ունեն 2,5-3,5 մ հաստություն։ Կառույցը քառանկյուն է՝ արևմտյան հատվածում մուտքով։ Երկրորդ հարթակի հարավարևմտյան անկյունի պեղումները ցույց տվեցին, որ պատերի շարվածքը միալար է, իսկ քարերն ունեն հարթ մակերես։ Երրորդ հարթակը կազմված է երկու կառույցներից»,-նշում է Բեն Վարդանյանը՝ ավելացնելով, որ այս կառույցի և Վերի Բերդ ամրոցի պեղումները ցույց են տալիս, որ Լեռնակերտում, ծովի մակարդակից 2100-2300 մ բարձրության վրա, մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսերից մինչև 2-րդ-1-ին դարերը, եղել է վերաբնակեցման երկրորդ հզոր ալիք, որի ընթացքում վերակառուցվել է ուշբրոնզեդարյան ամրոցը, վերաբնակեցվել ամրոցի շուրջ տարածվող բնակավայրը։ Ըստ նախնական տվյալների, դատելով պաշտամունքային կառույցի պեղումներով ձեռք բերված խեցանոթների մնացորդների հետազոտության, որոնք իրենց անմիջական զուգահեռներն ունեն ամրոցի համաժամանկյա շերտում, կառույցը կենսագործել է կարճ ժամանակահատվածում՝ մ. թ. ա. 2-1-ին դարերում։

«Առանձնահատուկ հիշելի է այն, որ Հայաստանի և տարածաշրջանի համաժամանակյա հնավայրերում, ճիշտ է, հայտնաբերվել են պաշտամունքային կառույցներ, սակայն եռահարկ, պայտաձև հիմքով և երկու սյուների տարբեր խարիսխներով կառույց հայտնի չէ։ Այդ և այլ հատկանիշներ հաշվի առնելով՝ քննվող կառույցը կարող ենք դասել անտիկ Հայաստանի յուրահատուկ հուշարձանների թվին»:

Ուշբրոնզեդարյան դամբարանադաշտի և անտիկ պաշտամունքային կառույցի պեղումների ժամանակ հայտնաբերված համատարած նյութը խեցանոթներն են։ Վերջիններիս մեջ առանձնանում են սև փայլեցված, կետանախշով անոթը, որն ակնհայտորեն իր վրա կրում է միջինբրոնզեդարյան ավանդույթների հետքեր, միաժամանակ, նույն դամբարանում ուշբրոնզեդարյան ակնհայտ հատկանիշներով օժտված այլ անոթներ ևս հայտնի են։ Դամբարաններում հայտնաբերվել են նաև մեծաչափ կավե կաթսաներ, որոնց մեջ տեղադրված են եղել կճուճներ, գավեր։ Այդ կաթսաները նախատեսված են եղել հետթաղումային արարողությունների ժամանակ եփվող խոշոր եղջերավոր անասունի մսից պատրաստված սրբազան կերակուրի պատրաստման և զոհաբերման համար։

«Հայտնաբերված նյութերի մեջ հիշատակելի են սարդիոնից, շաղախից, բրոնզից պատրաստված արդուզարդի պարագաները։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ Լեռնակերտի հասարակությունը այն ժամանակ գլխավորապես զբաղվել է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Այդ մասին, բացի ձեռք բերված փաստերից, վկայում են ոչ միայն հուշարձանի շուրջը տարածվող ալպիական մարգագետիները, բարձրորակ հողատարածքները և հին ջրային աղբյուրների մնացորդները, այլև կենդանական ոսկորների և հացահատիկների մնացորդների հետազոտությունը։ Լեռնակերտում ուշ բրոնզի դարում զարգացման աննախադեպ ծավալների է հասել բրուտագործությունը, որի իրեղեն ապացույց խեցանոթները գտնվում են ինչպես ամրոցում, այնպես էլ դամբարանադաշտում»,- նշեց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ կապված այս նորահայտման հետ, փոխվեց Լեռնակերտի արշավախմբի հետագա աշխատանքների ռազմավարությունը։ Մասնավորապես, առաջիկա տարիներին արշավախումբը ընդլայնելու է ոչ միայն հետազոտության տարածքները, այլև ծավալները։ Հետազոտվող հնագիտական միավորը պեղումներից հետո կարիք ունի թանգարանացման, որը միաժամանակ պահանջում է ենթակառուցվածքների կառուցում և ներդրումներ։ Նմանատիպ միջոցառումների արդյունքում հնավայրը կներկայացնի ոչ միայն խիստ գիտական հետաքրքրություն, այլև կվերածվի հանրային սեփականության և զբոսաշրջային կենտրոնի։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս