Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջա՞րկ է ներկայացրել

Գործարար, բարեգործական ծրագրերի նախաձեռնող, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը Forbes.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կփորձի «սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ կողք կողքի ապրելուն սովորելու ձգտման վրա»։

«Ես միշտ իրար եմ կապել այն, ինչն անհնար է թվացել: Ես պատերազմի չեմ մասնակցել, չեմ կռվել, այս առումով ինձ հետ շփումը կարող է ավելի հեշտ լինել, քան Արցախի պատերազմի միջով անցած մարդկանց հետ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Պատասխանելով ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ես ստիպված կլինեմ և ճիշտ կհամարեմ պետական պաշտոն զբաղեցնել: Հայաստանում օրենսդրությունն արգելում է պետծառայողներին ունենալ երկքաղաքացիություն և ակտիվներ արտերկրում։ Բացի այդ, պետական պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրես երկրում և այս ընթացքում չունենաս այլ քաղաքացիություն»,- ասել է նա։

Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Ռուբեն Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում, և, որ նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարարի պաշտոնում։ «Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում և մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,- գրել էր թերթը:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ նման առաջարկ է արել Ռուբեն Վարդանյանին: Վերջինս որոշում կայացնելու համար օրեր է խնդրել:

Տեսանյութեր

Լրահոս