Արցախի ՏԿԵՆ շահառու ընտանիքների ցուցակներն է տրամադրում, սերտիֆիկատները տալիս է ՀՀ Սոցապ նախարարությունը. Արամ Թադևոսյան

Դեռևս օգոստոսի սկզբին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գնացել էր Քաշաթաղի շրջան, հանդիպել Բերձորի, Աղավնոյի բնակիչների հետ և նրանց տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանի որ այդ տարածքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո և Լաչինի միջանցքից դուրս են գալու ռուս խաղաղապահները։

Այդ ժամանակ 168.am-ին որոշակի մանրամասներ էին հայտնի դարձել հանդիպումից, մասնավորապես այն, որ Աղավնոյի բնակիչներին Խանումյանն ու նրա հետ գնացած պաշտոնյաներն առաջարկել էին մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց տները՝ դրա դիմաց խոստանալով փոխհատուցում՝ 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ:

Բնակիչների անհանգստություններին ի պատասխան՝ վստահեցրել էին, որ Աղավնոյի  տները բանկը կգնահատի՝ շուկայական արժեքով և, եթե բնակչի ընտրած նոր տան արժեքը կգերազանցի Աղավնոյի տան շուկայական գինը, ապա պակասող գումարը կխնդրեն Հայաստանի կառավարությունից: Հայկ Խանումյանը կոնկրետ Աղավնոյի բնակիչներին առաջարկել էր հստակ ասել, թե ով որտեղ է ցանկանում տեղափոխվել, որպեսզի տրվեն համապատասխան սերտիֆիկատներ: Ի դեպ, Հայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել էր՝ եթե ձեր տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա:

Ի դեպ, երբ Աղավնոն և Բերձորը լքելու մասին խոսակցությունները պաշտոնապես դեռ չէին հաստատվել, լուրեր էին տարածվում, որ շուտով բնակիչներն այդ վայրերը պետք է լքեն, իսկ դրա համար Արցախի կառավարությունը նրանց կտրամադրի 10 մլն դրամ։

Կարդացեք նաև

168.am-ն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության բաժնի պետ Արամ Թադևոսյանից հետաքրքրվեց՝ Արցախի կառավարությունը, մասնավորապես՝ Տարածքային կառավարման նախարարությունը, ե՞րբ է տեղահանված  բնակիչներին սերտիֆիկատներ  տրամադրելու, բացի այդ,  օգոստոսի 25-ից առ այսօր եղե՞լ են բնակիչներ, որոնք արդեն ստացել են խոստացված սերտիֆիկատները։

«Այդ ծրագրի հետ կապված՝ մեր նախարարությունն ընդամենը շահառու ընտանիքների ցուցակներ է տրամադրում, իսկ սերտիֆիկատները տրամադրում է Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մարդիկ էլեկտրոնային հայտադիմում են լրացնում, և նրանք էլեկտրոնային հասցեին ուղարկում են սերտիֆիկատները։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մոտակա օրերին պետք է այդ սերտիֆիկատները տրամադրեն։ Ավելի հստակ տեղեկատվություն ունենալու համար, խնդրում եմ, դիմեք ՀՀ սոցապ նախարարություն»,- նշեց Արամ Թադևոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի Տարածքային կառավարման նախարարությունն իր մասով աշխատանքներն ավարտել է և ցուցակները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

«Մենք հուլիս ամսին ցուցակներն արդեն հանձնել ենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ մոտավոր քանի՞ բնակչի տվյալ է հանձնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Արամ Թադևոսյանը պատասխանեց՝

«Սերտիֆիկատ միայն Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չի տրամադրվում, շահառուների քանակը շատ ավելի մեծ է, քան Աղավնոյի և Բերձորի բնակչությունն է, այսինքն՝ Շահումյանի շրջանն էլ կա, Քաշաթաղի ամբողջ շրջանն էլ կա, և ոչ միայն։ Ավելի քան 4 հազար ընտանիք այդ ծրագրի շահառու են»,- եզրափակեց Արամ Թադևոսյանը։

168.am փորձեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտել մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ տեղահանված բնակիչներին սերտիֆիկատ տրամադրելու գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ արժողությամբ  սերտիֆիկատ են մտադիր տրամադրել բնակիչներին, սակայն նախարարության մամուլի խոսնակի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց՝  «բաժանորդն  անհասանելի է»՝ մեր զանգերին ի պատասխան՝ շարունակ հնչում էր օպերատորի ձայնագրությունը։

Մենք կշարունակենք թեմայի շուրջ մեր հարցումները լիարժեք պատասխան ստանալու ակնկալիքով և ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեկնաբանություն ստանալուն պես, այն կհրապարակենք։

Տեսանյութեր

Լրահոս