«50-ն անց մարդիկ առհասարակ այս պետության համար գոյություն չունեն, նրանք մեռած են, ուղղակի դեռևս չեն հուղարկավորել». Տեղահանվածներին տրված բնակարանների սերտիֆիկատներն առոչինչ են
Նախորդ տարվա օգոստոսից Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո, Ներքին Սուս գյուղերից տեղահանված բնակիչները մինչև այսօր չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել իրենց տրամադրված սերտիֆիկատներով։
ՀՀ կառավարության ընդունած որոշումներն առհասարակ առնչություն չունեն նրանց ունեցած կարգավիճակի հետ, դրանից զատ՝ տրամադրվող 8, 10 և 14 մլն դրամով անհնար է գտնել տուն, որտեղ կարող է ապրել մարդը։
Սերտիֆիկատով բնակարաններ ձեռք բերելու համար տեղահանված բնակիչները բանկերում բախվում են տարբեր խնդիրների, օրինակ՝ որոշ բանկեր պահանջում են տեղեկանք աշխատանքի վայրի, սեփականության, մինչդեռ տեղահանվածների մեծ մասն այս պահին ո՛չ սեփականություն, ո՛չ աշխատանք չունի, քանի որ նրանց հարկադրել են լքել իրենց տունը։
168.am–ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը խոսելով տեղահանված բնակիչների առջև ծառացած այս խնդրի մասին, նշեց, որ հունվարի վերջին է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։
«Նա ասաց, որ մինչև հիմա 120 շահառու է օգտվել այս սերտիֆիկատից, այսինքն՝ այս ամբողջ ժամանակաշրջանում 120 հոգու հայտ ընդունվել է, որից 80-ի հայտը հաստատվել է, 40-ինն ընթացքի մեջ է։ Երեկ կառավարւթյան նիստի ժամանակ նրանք նորից այդ թիվն ասացին, չգիտեմ՝ այդ թիվը փոխվելո՞ւ է, թե՞ այդպես էլ ստաբիլ մնալու է։
Իրենք մեզ ամեն անգամ ասում են, որ փոփոխություններ են կատարվելու ու փոփոխությունները կապված են լինելու մարդկանց վարկային պատմությունների, կանխավճարի, կադաստրային վճարումների հետ, և այլն, սակայն ըստ էության որևէ փոփոխություն էլ չի կատարվում։ Ամեն դեպքում այն արդիական խնդիրը, որոնք ի սկզբանե եղել են մարդկանց համար, այդ խնդիրը չեն լուծում, ու վերջ»,- նշեց Կարինե Մովսիսյանը։
Ըստ մեր զրուցակցի, դիցուք, եթե կառավարությունն ինչ-որ որոշում ընդունի, ըստ որի՝ եթե ընտանիքի անդամներից մեկն ունի նորմալ վարկային պատմություն, ապա ընտանիքի անդամներից մեկը նրա անունով կարող է գործարք կատարել, բանկերն այդ որոշմամբ չեն առաջնորդվում։ Նույնիսկ մեկ բանկի տարբեր մասնաճյուղեր տարբեր մոտեցումներ են ցուցաբերում։
«Կառավարությունը չի փոխում գոնե բանկերի գնահատման համակարգը, ենթադրենք՝ մարդը տուն է գտնում, բերում է, որպեսզի այն գնահատեն, դրա համար վճարում է։ Եթե տունը ցածր են գնահատում, ստիպված այլ տուն է փնտրում, ստացվում է՝ չեղած տեղից հավելյալ գումար է տրամադրում։ Այսինքն՝ որևէ որոշման մեջ չկա մի կետ, որ ասես՝ այս մի կետը բխում է տեղահանվածների շահերից։
Որոշ բանկեր էլ առհասարակ դադարեցրել են իրենց գործարքները, նրանք որևէ գործարք տեղահանվածների հետ չեն իրականացնում։ Այս ամենի արդյունքում ստեղծվել է խայտառակ վիճակ, ամենավատ վիճակում այն մարդիկ են, որոնք ունեն վարկեր, ստացվում է, որ այս կորստաբեր պատերազմը կորոնավիրուսի չափ նշանակություն չունեցավ, որ գոնե վարկերի խնդիրը լուծեին։ Կորոնավիրուսի ժամանակ վարկերի տոկոսների հաշվելը դադարեցրեցին և «վարկային արձակուրդ» տվեցին, բայց պատերազմից հետո մեզ վրա օր օրի տոկոս է գալիս»,- շեշտեց Կարինե Մովսիսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ի սկզբանե համոզված էին, որ սերտիֆիկատներով բնակարանների ձեռքբերման ծրագիրը չի գործելու այնպես, ինչպես պետք է գործեր։ Շատ իրավաբաններ էլ խուսափում են աշխատել այս հարցի շուրջ։ Հարցը չեն կարողանում տանել նաև դատարան՝ համարելով, որ դատական գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում։
«Մեկը՝ ես, եթե փետրվարին ամուսնուս քույրը դրսից գումար չուղարկեր, ես տանս վարձը վճարեի՝ հիմա հայտնվել էի դրսում։ Ես ու ինձ նման հարյուրավոր ընտանիքներ այս պահին որևէ տեղից եկամուտ չունեն։ Մարդիկ այսօր աշխատանքի հարց չեն կարողանում լուծել նաև այն պատճառով, որ չգիտեն՝ որտեղ են ապրելու։ Իսկ 50-ն անց տեղահանված մարդիկ առհասարակ այս պետության համար գոյություն չունեն, նրանք մեռած են, ուղղակի դեռևս չեն հուղարկավորել»,- շեշտեց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահը։
Նա համոզված է՝ 120 մարդ, որոնք սերտիֆիկատով գործարք են կատարել, նրանց 70-80 տոկոսն այն ընտանիքներն են, որոնք ստացել են երկու սերտիֆիկատ, կարողացել են գումարը միացնել ու մի կերպ մի տուն ձեռք բերել՝ դրան նաև ավելացնելով որոշակի գումար:
«Հայաստանում 10 մլն դրամով միայն փլատակ-գոմ են վաճառում, ես չգիտեմ՝ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ մարդիկ կարողանան այդ գումարով իրենց տուն գնեն»,- եզրափակեց Կարինե Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 5-ին Հայկ Խանումյանը գնացել էր Բերձոր քաղաք և բնակիչներին տեղեկացրել, որ պետք է մինչև օգոստոսի 25-ը դուրս գան Բերձորից, Աղավնոյից և ներքին Սուսից՝ այդ բնակավայրերը թշնամուն հանձնելու համար։