«Մեզ ուզում են իլհամական Հադրութ վերադարձնել, ո՛չ թե հայկական». Հադրութից տեղահանված
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ՀՀ իշխանությունն ապահովի իրենց՝ Հադրութ վերադարձը, և դա անի՝ Արցախի անկախությունը ճանաչելով:
«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողներին ներկայացրեց իրենց 4 հիմնական պահանջները.
«Առաջին պահանջը քաղաքական է, որ Արցախը ճանաչեն որպես հայկական և մեզ վերադարձնեն Հադրութ:
Երկրորդը մեզ փախստականի կարգավիճակ տալու հարցն է: 2.5 տարի պահանջել ենք, որ մեզ փախստականի կարգավիճակ տան, բայց 0 ուշադրություն:
Երրորդը՝ մինչև մեզ Հադրութ վերադարձնելը, ապահովեն մեր բնակության հարցերը: Ցանկալի է, որ Հայաստանի տարածքում որևէ մարզում, ըստ իրենց ցանկության, համայնք կառուցեն: Ժողովո՛ւրդ, մեզ հայրենազրկել են, եթե մեզ համար համայնք չկառուցեն, որտեղ մենք Հադրութի լեզվով, Հադրութի սովորություններով շփվենք, դա հավասարազոր կլինի ցեղասպանության, և դա Հայաստանի իշխանությունը արած կլինի:
Չորրորդ պահանջը: Եթե մեզ չեն վերադարձնելու հայկական Արցախ, եթե մեզ փախստականի կարգավիճակ չեն տալու, եթե մեր համար այստեղ համայնք չեն կառուցելու, թող բարի լինեն մեզ տեղափոխել երրորդ երկիր, գուցե այնտեղ հնարավորություն ունենանք համայնքով ապրելու»:
Լևոն Հայրյանն ասաց, որ Հադրութ վերադառնալու և հանգիստ ապրելու համար, բացի Արցախի անկախությունը ճանաչելուց, այլ երաշխիք չկա.
«Եթե անկախություն չկա, չկա նաև երաշխիք: Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկն էր՝ գրավոր ապացույց վերցնել, որ մենք պատրաստակամ ենք վերադառնալ Հադրութ, բայց ոչ թե հայկական, այլ իլհամական Հադրութ…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում