Իշխանության սրտի օլիգարխը խաբել է սպառողներին. ջրային բիզնեսում կրկին խնդիրների մեջ է հայտնվել
Իշխանությունների սրտի օլիգարխ, ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բիզնեսն իշխանափոխությունից հետո ակնհայտ վերելք է ապրում։ Նա անընդհատ փորձում է տեղավորվել նոր շուկաներում ու ընդլայնել իր գործունեության դաշտը։
Իշխանության հետ ունեցած խիստ մտերիմ հարաբերությունները նոր հորիզոններ են բացել նրա բիզնեսների առաջ։ Բայց դա միշտ չէ, որ հարթ է ընթանում։
Նրան պատկանող բիզնեսը շատ հաճախ հայտնվում է սկանդալների մեջ. մե՛կ վաճառվող բենզինի որակի շուրջ է աղմուկ բարձրանում, մե՛կ մրցույթով կամ առանց մրցույթի պետական մարմիններին մեծաքանակ վառելիք մատակարարելու, մե՛կ նրան կամ նրա ընտանիքին պատկանող ավիաընկերության սպասարկման ու ուղևորների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի հետ են կապված խնդիրներ առաջանում, չվերթերն են ամիսներով հետաձգվում, և այդպես շարունակ…
Սրանք քիչ չեն, հիմա էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է որոշել նրան պատկանող ընկերությանը մեղադրել սպառողներին խաբելու ու մոլորեցնելու մեջ։
Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ Խ.Սուքիասյանին պատկանող ընկերությունը խնդիրներ է ունենում ջրային բիզնեսի ոլորտում։
Հիշենք «Բջնի» հանքային ջրերի գործարանի հետ կապված հայտնի դեպքը, երբ ջրաչափը սխալ տեղադրելու և բնօգտագործման վճարները նախատեսվածից քիչ վճարելու պատճառով՝ ընկերությունը բավական մեծ տուգանքի ենթարկվեց։ Խոսքն ավելի քան 4 մլրդ դրամի մասին էր։ Ընկերությունը հրաժարվեց վճարել գումարը, ինչից հետո այն հանվեց աճուրդի։
Մինչև հիմա էլ Խ. Սուքիասյանը պարբերաբար կրկնում է, թե գործարանն անօրինական ճանապարհով են խլել իրենից, իբրև թե՝ տուգանքը հիմնավորված չի եղել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կառավարության «աջակցությամբ» նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել է դատարան՝ պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջով՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարանի ներկայիս սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը 2019թ. դեկտեմբերին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր՝ ««Բջնի» գործարանի գործունեությունից Սուքիասյանները 12 տարում ընդհանուր տվել են 917 միլիոն դրամ հարկ, մենք՝ 9 տարում՝ 3 միլիարդ 661 միլիոն դրամ»: Ռուբեն Հայրապետյանը հրապարակել էր, թե «Բջնի» գործարանը ստեղծման պահից 12 տարիների ընթացքում, երբ սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքն էր, որքան հարկ է վճարել պետությանը: Պատկերը խայտառակ էր, 1996-2000թթ. առհասարակ՝ 0 դրամ հարկ:
Ռ.Հայրապետյանի այդ հայտարարությունից և գործունեության վճարած հարկերը ներկայացնելուց հետո «168 Ժամը» դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու՝ որքա՞ն հարկեր են վճարել Սուքիասյանները «Բջնի» գործարանի գործունեության ընթացքում՝ 1996 թվականից սկսած մինչ առքուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել էր 25.12.2009թ.-ին: ՊԵԿ-ից, բնականաբար, չէին տրամադրել պահանջվող բուն հարցերի պատասխանները՝ ասելով՝ քանի որ հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական բազան ստեղծվել է 2000-2001 թվականներին, ուստի դրանից առաջ եղած վիճակագրական տվյալները ներառված չեն այդ բազայում: Այսինքն՝ ՊԵԿ-ում չկան այդ տվյալները, արխիվում են: Կից տրամադրվել էին հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա, «ԲՋՆԻ» գործարանի 2001-2014 թվականներին վճարված հարկերը:
Պետական բյուջեից գումարներ ստանալու նրանց փորձերը դեռ շարունակվում են, առաջիկայում կներկայացնենք դրա հետ կապված նորությունները:
Ինչևէ, հիմա էլ ջրային բիզնեսի ոլորտում գործող Խ.Սուքիասյանին պատկանող մեկ այլ ընկերություն է հայտնվել անհարմար վիճակում ու կրկին տուգանվել։
Տուգանքի չափը այս անգամ, իհարկե համեմատելի չէ «Բջնիի» հետ, բայց խախտումն ակնհայտ է։
Օրերս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ ուսումնասիրելով շշալցված չգազավորված ջրերի արտադրության և իրացման ոլորտը, խախտումներ է հայտնաբերել մեկ տասնյակից ավելի ընկերություններում։
«Հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։
Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։ Հետևաբար՝ նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսվարողները ջուրը ձեռք են բերել «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը»,- արձանագրել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով խաբել և մոլորեցրել են սպառողներին՝ Հանձնաժողովը 9 ընկերության նկատմամբ տարբեր պատիժներ է սահմանել, 3-ին՝ տուգանքի տեսքով։ Տուգանված 3 ընկերություններից մեկն էլ ուղղակի առնչություն ունի Խաչատուր Սուքիասյանի հետ։
Խոսքը նրան կամ նրա ընտանիքին պատկանող «Սիլ» ապրանքանիշով հանդես եկող «Սիլ Մաազա» ընկերության մասին է։ Ընդ որում, ամենաշատը տուգանվել է հենց այս ընկերությունը։
Բայց խնդիրն ամենևին էլ տուգանքի չափի մեջ չէ. խնդիրը երևույթի մեջ է։
Խաչատուր Սուքիասյանը, որը սիրում է ժամանակ առ ժամանակ բարոյախրատական ճառեր ասել, արդար մրցակցությունից ու իշխանափոխությունից հետո Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար ստեղծված հավասար մրցակցային հարաբերություններից ու ազատ աշխատելու լիարժեք հնարավորություններից, իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունից ու աննախադեպ ձեռքբերումներից խոսել, զբաղված լինելով շշալցվող ջրի արտադրությամբ ու իրացմամբ՝ անգամ չունի ջրօգտագործման թույլտվություն։
«Հանձնաժողովի նախագահի 2022 թվականի հունվարի 10-ի գրությամբ Շրջական միջավայրի նախարարությունից հայցվել է տեղեկատվություն խմելու «բնական» և «աղբյուրի» (չգազավորված և ոչ հանքային) ջրերի ջրօգտագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ։
Նախարարության 2022 թվականի հունվարի 19-ի գրության ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունը չունի ջրօգտագործման թույլտվություն»,- վարչական վարույթի նյութերով հաստատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն չի ունեցել և շշալցվող ջուրը ձեռք է բերել «Վեոլիա ջրից»՝ ջրամատակարարման ընդհանուր համակարգից։ «Բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով արտադրել և իրացրել է շշալցված ոչ գազավորված ջուր, դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն ու մոլորեցրել սպառողներին։
Այդպիսի գործունեության համար, Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը տուգանվել է ավելի քան 4 մլն 76 հազար 711 դրամի չափով։
Թե ինչպե՞ս է ձևավորվել այդ գումարը, Հանձնաժողովն իր հաշվարկներն ունի։ Բայց դրանով չէ, որ հատուցվում են այն վնասները, որոնք կրել են սպառողները՝ մեկ այլ անվան տակ գնելով ու սպառելով մեկ այլ որակի ապրանք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ