Ռուբեն Հայրապետյանի գործով հիմա էլ դատախազ փոխվեց. ևս 2 ամիս՝ դատախազությանը, մինչև հասկանան՝ ինչ անեն

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստը մեղադրող դատախազը կրկին հայտարարություն ուներ՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշման հետ:

«Հավանաբար ամբողջական վերահաշվարկի անհրաժեշտություն կլինի»,-ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանն էլ միջնորդեց արագացված դատաքննություն անցակցնել ու մերժել դատախազության հայցը:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ դատախազը նշեց՝ սույն գործի քննությունը ենթական է շարունակման, քանի որ Ռուբեն Հայրապետյանը 1996թ.-ից եղել է Ավանի թաղապետ, հետևաբար՝ պաշտոնատար անձ:

«Այս դիրքորոշումը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից: Այս գործով ուսումնասիրությունը չի սկսվել այլ հիմքով, այլ կոնկրետ հանցանքի հիմքով»,-ասաց Վահագն Դալլաքյանը:

Դատավոր Կարապետ Բադալյանը ավարտված համարեց արագացված դատաքննության միջնորդությունը, ասաց, որ որոշումն առանձին կուղարկվի կողմերին ու փակեց նիստը: Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանն ասաց՝ արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդությունը դատարանը մերժել է:

Այսօրվա դատական նիստի սկզբում պարզվեց՝ նախկին հանրային մեղադրող Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է աշխատանքից, գործով նոր դատախազ կա՝ Ենոքյան ազգանունով, էլ միջնորդեց 2 ամսով հետաձգել նիստը, որպեսզի վերջինս հասցնի ծանոթանալ վարույթի նյութերին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից եւ Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600.496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58.104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710.903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898.520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն394.375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96.375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318.393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119.266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702.500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568.580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74.606 չվերադարձված մասից 193 մլն 829.510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս