«Բջնիի» գործով Խաչատուր Սուքիասյանի օգտին վճիռ կայացրած դատավորի պարգևը. հաջորդ աշխատավայրը՝ Վերաքննիչ վարչական դատարան
Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել է դատարան՝ պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջով՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Այս գործի մասին 168.am-ը զրուցել էր փաստաբան Նարեկ Ալոյանի հետ, ով թեպետ չի ներկայացնում «Բջնիի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի շահերը, սակայն քաջատեղյակ էր այն վարչական վարույթից, որը հարուցվել էր:
«2008թ. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են իրականացրել «Բջնի» հանքային ջրերի գործարանում, ինչի հիման վրա առաջադրվել է պարտավորություն 3 միլիարդ 422 միլիոն դրամ գումարի չափով: Նշված վարչական ակտի դեմ ներկայացվել է բողոք Վարչական դատարան, որը մերժվել է, հետագայում ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը դարձյալ մերժվել է, շահագրգիռ անձ Ռոբերտ Սուքիասյանի (Խաչատուր Սուքիասյանի եղբայրը,– հեղ.) կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության»,- ասել էր Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ վարույթ չընդունելու համար Վճռաբեկ դատարանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ տվյալ գործի քննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը մասնակից չի հանդիսացել:
Նրա խոսքով՝ այս հանգամանքն առանցքային նշանակություն է ունեցել ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:
«2020թ. Ռոբերտ Սուքիասյանը՝ որպես շահագրգիռ անձ, դիմում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով վերսկսել 2008թ. անցկացված վարչական վարույթը նոր ապացույցի հիմքով: Որպես նոր ապացույց՝ հանդիսանում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) այս պահին կասեցված, նախկինում քննության փուլում գտնվող մի քրեական գործ, որի քննության շրջանում ստացվել է մի փորձագիտական եզրակացություն, ինչը հակասում է վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալներին»,- ասել էր փաստաբանը՝ նկատելով, որ ՊԵԿ իրավաբանական վարչության պետը 3 հիմքով մերժել է դիմումը:
Հաջորդիվ գործը քննվել է Վարչական դատարանում, որն էլ որոշել է, որ վարույթը պետք է վերսկսվի:
«Այս ամբողջ սխեմայում ուշագրավ է, որ ՀՔԾ-ում քրեական գործի հարուցման հանգամանքը, այսինքն՝ մոտ 10 տարի անց, երբ լրացել էին վաղեմության ժամկետները, ՀՔԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակում նշանակվում է դատահաշվապահական և դատաէկոլոգիական համալիր փորձաքննություն, որի ստացումից որոշ ժամանակ անց քրեական գործի վարույթը կասեցվում է և վարչական վարույթի հիմքում դրվում է կասեցման որոշումն ու փորձաքննության որոշումը: Ընդ որում, որևէ տեղեկություն դատական ակտում այն մասին, թե արդյոք կա՞ն տվյալ քրեական գործով մեղադրյալներ, թե՞ ոչ, եթե կան, ծանո՞թ են արդյոք փորձագիտական եզրակացությանը, փորձաքննության որոշումը բողոքարկվե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք կա, թե՞ ոչ կրկնակի փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, չկա»,- ասել էր Նարեկ Ալոյանը:
Փաստորեն, դատավորի այս ծառայությունը Խաչատուր Սուքիասյանին վերջինիս խնամի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն անվարձահատույց չի թողել:
Ընդամենը երեկ Գագիկ Ջհանգիրյանը որոշում է ստորագրել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների՝ վարչական մասնագիտացված բաժնի համար առաջադրվել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Հենց այս դատավորն է կայացրել «Բջնիի» գործով վարչական վարույթը վերսկսելու որոշումը, որի արդյունքում, մեծ է հավանականությունը, որ պետությունից 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջը կբավարարվի:
Ակնհայտ է, որ հետագայում չի բացառվում, որ տարաբնույթ իրավական կամ իրավական քողարկմամբ գործընթացների արդյունքում սեփականության վերաբաշխման փորձ կարող է կատարվել: