Խնամի-ծանոթ-բարեկամ մեթոդով արդարադատություն. պետական բյուջեն վտանգված է
Կանխավ ասեմ, որ ով ժամանակ չունի կարդալու 18/10/2021թ. ՀՀ վարչական դատարանի ՎԴ/9073/05/20 գործով կայացրած վճիռը կամ այս նյութի շարունակությունը, կարող է ընդամենը օգտվել ստորև ներկայացված «հանճարեղ սխեմայից» և զգալի գումար աշխատել իրենց և վստահորդների համար, ընդ որում՝ այդ ամենը՝ առերևույթ պետական բյուջեի հաշվին։ «Հանճարեղ» այս սխեման հատկապես շատ օգտակար կլինի իրավաբանական պրակտիկայով զբաղվող փաստաբանների համար։
Իհարկե, դրա համար պետք է օգտվել նախկինում քննադատվող, իսկ այսօր քաջալերվող խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) համակարգից:
Եվ այսպես, անհրաժեշտ պայմաններն ու քայլերը
1. նախ պետք է ունենալ, օրինակ, 13 տարվա կամ ավելի հին, դատական բոլոր ատյաններով անցած և վերջնականապես ուժի մեջ մտած վարչական ակտ։ Հոգ չէ անգամ, որ դատական փուլերն անցած այդ ընկերությունը վաղուց լուծարված լինի։ Բայց խնդիր է դրված գտնել մի հնարք վերացնելու ուժի մտած դատական ակտը։
2. հաջորդ քայլով գտնում եք տվյալ ընկերության բաժնետեր շահագրգիռ անձին. էական չէ, թե քանի տոկոս բաժնեմաս ունի ուսումնասիրության առարկա ընկերությունում։
3. շահագրգիռ անձին գտնելուց հետո հուշում եք նրան միասին կատարել հաջորդ քայլերը. առաջին հերթին՝ պեղել «նոր երևան եկած հանգամանք», իսկ եթե չկա՝ հորինել տարիներ առաջ կազմված հարկային ստուգման ակտը վերանայելու համար.Ակտը կարող է վերաբերել, ենթադրենք, 2008թ., Ձեր ընտրած ընկերությունում հարկային մարմնի կատարած ստուգումներին, որը, ի դեպ, իրականացվել է տվյալ շահագրգիռ անձի մասնակցությամբ, այսօր արդեն գոյություն չունեցող ընկերությունում
4. Աշխատանքի գործիքները գտել եք, հիմա պետք է դրանց կիրառման մեխանիզմները գտնել։ Նախ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում հարկային տեսուչների դեմ, որոնք, ըստ Ձեզ, «ապօրինի» ակտ են գրել։ Կարող եք նաև բնապահպանական լիազորություններ իրականացնող տեսուչի դեմ հաղորդում ներկայացնել։
5. Դրանից հետո գործի դնելով ԽԾԲ գործիքները՝ հասնում եք նրան, որ քրեական գործ հարուցվի։ Դրան հետևում է հաջորդ՝ ապացույցներ հավաքելու քայլը. նշանակվում է դատահաշվապահական, դատաբնապահպանական կամ դատաչգիտեմինչական փորձաքննություն։ Հասկանալի է, որ բոլոր վաղեմության ժամկետներն անցել են ու դժվար թե տեսուչ նստացնեն, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ փորձագետը մտնի օրենքի դաշտ ու սկսի մեկնաբանել օրենքներ ու 13 տարվա վաղեմության նույն՝ դատարաններում բոլոր ատյաններով անցած փաստերը և ծնի նոր երևան եկած հանգամանքներ։ Թե ի՞նչ կապ ունի փորձագետն օրենք մեկնաբանելու հետ, դա էլ կարևոր չէ։
6. Հետո քրեական գործը կասեցվում կամ կարճվում է, դա ևս կարևոր չէ, սակայն կարևորն այն է, որ դուք վերցնում եք փորձագետի ծնած եզրակացությունը և որպես նոր երևան եկած հանգամանք՝ բերում եք դատարան՝ հայտարարելով, որ նոր եք իմացել, որ այն ժամանակ լավ չեն հաշվել հարկային պարտավորությունները։
Զգուշացնում եմ, որ պետք չէ ուշադրություն դարձնել, այլ պարզապես պետք է անտեսել, որ քննության առարկա գործերը դատական կարգով քննվել են, կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որ օրենքը ունի կարգավորումներ, և Վճռաբեկ դատարանը ունի հստակ դիրքորոշումներ դատական կարգով բողոքարկված վարչական ակտերի վերանայման մասին։ Մասնավորապես, եթե վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, և առկա է այդ ակտի իրավաչափությունը գնահատող օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վերանայման է ենթակա ոչ թե վարչական ակտը, այլ համապատասխան դատական ակտը:
7. Դատարանը հանուն արդարադատության, հանուն պատշաճ վարչարարության, հաշվի առնելով, որ հայցվորը թեև չի եղել վարչական վարույթի մասնակից, բայց ունի նյութական շահ, արդարացիորեն անտեսելով օրենսդրական խոչընդոտները, դրանք համարելով անկատար և լրացման ենթակա, միաժամանակ՝ արդարացիորեն շեղվելով նաև Վճռաբեկ ատյանի անվերաբերելի նախադեպային մեկնաբանություններից, անպայմանորեն կկայացնի ձեր կամ ձեր վստահորդի օգտին վճիռ, ու այս անկատար օրենքների ու անկատար վարչարարության երկրի բյուջեն ձեզ վճարի մի քանի տասնյակ միլիոն դոլար գումար։ Եվ այս ամենը կկատարեն դատարանում անպայման բարձրաձայն հայտարարելով՝ Հանուն Հայաստանի Հանրապետության (ՀՀՀ):
8. Եվ պետք է հիշեք, որ այդ ընթացքում պետությունը, ի դեմս հարկային մարմնի, կդիմադրի, կներկայացնի վերաքննիչ բողոք (ինչպես հանրահայտ Կովկասի գերուհին ֆիլմում էր զգուշացնում Մհեր Մկրտչյանի հերոսը, որ առևանգվող հարսնացուն կարող է աղմկել, բողոքել, բայց դա հին ազգային ավանդույթ է)։ Մի խոսքով, պետությունն առերևույթ կկատարի օրենքով սահմանված բոլոր գործողությունները՝ իրեն ապահովագրելու համար, որպեսզի վաղը չասեն՝ բա ինչո՞ւ չես օգտվել օրենքով տրված հնարավորություններից, կամ ինչո՞ւ ես շրջանցել օրենքը: Այսօր կարևորը սա է. հոգ չէ, որ Հանուն Հայաստանի Հանրապետության (ՀՀՀ) կայացրած վճռի արդյունքում ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏԱՆԵՔ Դուք և Ձեր վստահորդը ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ։ Դրա համար էլ հիմնավորում ու բացատրությունը միշտ կա՝ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ։
Նկարագրված սխեմային նպաստող հանգամանքներ
1. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ հրաժարվում է էլեկտրոնային մակագրման համակարգով դատավորներին դատական գործերը մակագրելու պրակտիկայից, քանի որ պարզվել է, որ կա արտաքին միջամտություն։ Արդյունքում, դատավորների գործերը սկսեցին մակագրել «ձեռքով»։ Հանրությանը հայտնի են բազմաթիվ արտառոց դեպքեր քրեական վիճահարույց գործերը կոնկրետ դատավորների վրա (այսպես կոչված՝ սրտի դատավորների) շարունակաբար մակագրելու վերաբերյալ։ Նույնիսկ մինչև այդ համակարգից հրաժարվելը այդ երևույթը կար, և հարց է առաջանում, թե ո՞վ և ինչպե՞ս էր միջամտում դրսից, երբ այդ միջամտությունը հենց ներսից էր, այլ կերպ սրտի դատավորները չէին կարող շարունակաբար նշանակվել։ Ինչևէ, երևի ավելի հարմար համարելով հրաժարվել այդ պրակտիկայից՝ որոշում կայացվեց գործերը բաշխել ձեռքով՝ առանց ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից օգտվելու մակագրելով, այսինքն՝ ուղղակի ու անթաքույց «ներսից» միջամտություն կատարելու հնարավորություն։
2. Դատալեքս համակարգում տևական ժամանակ հնարավոր չէր նաև հետևել վճիռներին և դատական գործերի վերաբերյալ այլ թարմացումներին։ Ոչ սրտի իրավաբանները փորձեցին գտնել իրական պատճառները և ստացան պատասխան, որ պետության պատկան մարմինները չեն վճարում Դատալեքսի սպասարկման ծառայությունների համար, և համակարգը չի թարմացվում և չի սպասարկվում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ԲԴԽ նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը «արդարացիորեն» կարծում են, որ գործող համակարգը լավը չէ, անհրաժեշտ է նոր ծրագիր, որին ոչ ներսից, և ոչ էլ դրսից չեն կարողանա միջամտել, իսկ դրա համար անհրաժեշտ է հայտարարել միջազգային մրցույթ։ Դե, իսկ միջազգային մրցույթի համար էլ անհրաժեշտ են միջազգային չափանիշներին համապատասխանող պահանջներ ու ռեսուրսներ. Նույնիսկ, եթե նոր ծրագիրը գրելու, հետո ներդնելու համար անհրաժեշտ լինի միլիոնավոր եվրոների ծախս, հսկայական ժամանակ, ու համակարգն էլ, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ չի գործի, և դատավորներին էլ գործերը կբաշխվեն ձեռքով, հոգ չէ. Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները։
Իսկ նպատակն այս պահին մեկն է. հնարավորինս ձգձգել ու հին մեթոդներով կառավարելի դարձնել համակարգը, իսկ «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»։ Բայց չմոռանանք Ձեր և Ձեր վստահորդների մասին. Բացենք փակագծերը և կոնկրետ օրինակով ներկայացնենք մշակված սխեմայի օրինականությունը «հիմնավորող» մի քանի հանգամանք։
«Հանուն Հայաստանի Հանրապետության» (ՀՀՀ) Խնամի-Ծանոթ-Բարեկամ (ԽԾԲ) պարտադիր պայմաններ
Հայտնի է, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի խնամի, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հատկապես «թավիշից հետո» շատ հաճախ է հարցազրույցներ տալիս՝ չմոռանալով անդրադառնալ 2008 թվականին սկսված ու դատական ատյաններում ավարտված «Բջնիի գործին»։ Երբեմն՝ ակնարկում, երբեմն էլ հատուկ ընդգծում է, որ գործերը նորից դատարանում են, ամեն ինչ կատարվելու է օրենքի պահանջների պահպանմամբ, օրինականության դաշտում, և, որ նախկինում կատարված անօրինականությունները չեն կրկնվելու։
Օրինականության շղարշի տակ անօրինականության հնարամիտ մեթոդների կիրառում
Այսպիսով, եթե վերը նկարագրված, առերևույթ ակնհայտ ԽԾԲ սխեման գործի օրինական ընթացքն է, ապա օգտվեք նաև բոլորդ։ «Պատվարժան» դատավորը ակամայից ստեղծել է հորիզոնական դատական նախադեպ, քանի որ արդարադատության միասնականության ապահովման նպատակով համանման գործերը պետք է լուծվեն նույնությամբ։ Այսինքն՝ պետք է դիմել ՀՀ վարչական դատարան, լավ կլինի, որ գործը պատահականորեն ընկնի շահագրգիռ անձանց, ասենք, օրինակ՝ ինչ-որ մանր բաժնետիրոջ նկատմամբ բարեկամաբար տրամադրված՝ հանուն արդարության օրենքների անկատարություն շտկող, վճռաբեկի նախադեպերը քաջաբար կոտրող, Սահմանադրական դատարանի լիազորություններ իրականացնող. Մի խոսքով, շահագրգիռ անձանց վստահությունը վայելող մի «Պատվարժան» դատավորի, ասենք՝ Մ. Մելքումյանի մոտ։
Կայացրած վճռի բովանդակության որոշ մանրամասներ
ԲԴԽ նախագահի խնամի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը ՀՀ վարչական դատարանում 05.11.2020 թվականին մուտքագրված հայցադիմումով (ուշադրություն դարձրեք, դեռևս պատերազմը չավարտված) խնդրել էր պարտավորեցնել Պետական եկամուտների կոմիտեին վերսկսել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության և Հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության 16.01.2008 թվականի թիվ 1031148 ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթը և վերացնել Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.09.2020 թվականի թիվ 11-2/62318-2020 գրությունը:
ՀՀ վարչական դատարանի 12.11.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Մասնավորապես, 2020թ. հունիսի 30-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշում, որով ուղղակիորեն արձանագրվել է, որ վերը նշված մասնագիտական ստուգում իրականացնող անձինք, ստուգում իրականացնելու ընթացքում հանդիսանալով պետական մարմնում ժամանակավորապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ելնելով խմբային շահերից, 2008 թվականին ստորագրված թիվ 1046-Ա ակտում դիտավորությամբ արձանագրել են «Բջնի հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից Բջնի հանքավայրի շահագործման ընթացքում թույլ տրված, գործող օրենսդրական ակտերից, ընկերության հետ կնքված պայմանագրերից կամ դրան տրված լիցենզիաներից չբխող այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել թիվ 1031148 ակտով Ընկերությանը 3.422.475.900 ՀՀ դրամի չափով բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պետության հանդեպ պարտավորությունների առաջադրման համար:
Գործող իշխանությունների «սրտի գործարար» և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի կողմից 11.09.2020 թվականին Պետական եկամուտների կոմիտե է ներկայացվել դիմում, որով խնդրվել է վերսկսել ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության և հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության 16.01.2008 թվականի թիվ 1031148 ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթը և նշյալ ակտը ճանաչել ոչ իրավաչափ:
Այս նյութը վերը հիշատակված դատական ակտի ամբողջ բովանդակությամբ ծանրաբեռնելու իմաստ չկա, քանի որ այն կարող եք գտնել ինտերնետում։ Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում որոշ քաղվածքներ ներկայացնել և դրանց հիմքով հետևություններ անել։
Այսպես. «պատվարժան» դատավորը վճռի պատճառաբանական մասում գրել է.
«Որպես անձի իրավունքների վերականգնման միջոց՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթը վերսկսելու ինտստիտուտը: Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե…»՝ (խոսքը վերաբերվում է 2008թ. կազմված հարկային ակտին):
Պարզաբանենք և մտապահենք՝ վարչական վարույթը կարող է վերսկսվել վարչական վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա։
Այնուհետև «պատվարժան» դատավորը շարունակում է պատճառաբանությունը հետևյալ կերպ.
«Թեև գործող օրենսդրությունը սահմանում է, որ վարչական մարմինը վերսկսում է վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, սակայն օրենսդրությունը չի նախատեսել այն դեպքերը, երբ վերսկսման համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքներն ի հայտ են գալիս վարույթի մասնակցի իրավունակությունը դադարելուց (ֆիզիկական անձի մահ, իրավաբանական անձի լուծարում) հետո, և վարույթի վերսկսումը հետապնդում է այդ հարցով դիմած անձի իրավունքները վերականգնելու նպատակ:
Հետո «պատվարժան» դատավորը գնում է ավելի առաջ, գրելով՝
«Այսինքն՝ գործող օրենսդրությունը պատշաճ կերպով չի ապահովում վարչական վարույթի մասնակից չհանդիսացող անձի՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ուստի առկա իրավական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի իրավական շահագրգռվածությունը, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը»:
Եվ «պատվարժան» դատավորի ձեռամբ «Դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի՝ վերը նշված նորմերի կիրառումը չի կարող խաթարվել համապատասխան ընթացակարգերի անկատար կամ թերի լինելու պատճառով: Այլ կերպ՝ վարչական վարույթը վերսկսելու հիմքերի առկայության դեպքում պետք է երաշխավորված իրացվի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պատշաճ վարչարարության իրավունքը»:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ անձը կարող է դիմել վարչական վարույթը վերսկսելու հարցով այն դեպքում նաև, երբ դա հետապնդում է իր նյութական իրավունքները վերականգնելու նպատակ, այսինքն՝ հանդիսանում է շահագրգիռ անձ:
Ավելի պարզ ասած` «Պատվարժան» դատարանը տեսել, հասկացել և արձանագրել է, որ օրենսդրությունը վարչական վարույթի մասնակից չհանդիսացող անձին վարչական վարույթը վերսկսելու հնարավորություն չի ընձեռում։ Դա համարել է «առկա իրավական խնդիր», «համապատասխան ընթացակարգի անկատար և թերի լինել» և որպես ելակետ ընդունելով վարույթը վերսկսելու համար դիմած անձի իրավական շահագրգռվածությունը, առաջնորդվել է, իր կարծիքով, պատշաճ վարչարարության սկզբունքով, իսկ մեր կարծիքով և համոզմամբ՝ ստանձնել է ՀՀ վճռաբեկ դատարանի կամ ՀՀ Սահմանադրական դատարանի դերակատարում։
Այնուհետև «պատվարժան» դատարանը գնացել է ավելի հեռուն։
Նա մեջբերել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում և նշել, որ օրենսդիրը թույլատրել է դատարանին տալ Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն անելու հնարավորություն այն դեպքում, երբ դատարանը լրացուցիչ կհիմնավորի Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:
«Պատվարժան» դատարանը «բարեհաջող» ջարդուխուրդ է արել ՀՀ վճռաբեկ դատարանի վերը հիշատակված թիվ ՎԴ2/0302/05/12 գործով 04.10.2013 թվականի որոշմամբ արտահայտված հետևյալ դիրքորոշումը.
«Այն դեպքում, երբ վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, և առկա է այդ ակտի իրավաչափությունը գնահատող օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վերանայման է ենթակա ոչ թե վարչական ակտը, այլ համապատասխան դատական ակտը»:
Մասնավորապես, «պատվարժան» դատարանը «հանուն պատշաճ վարչարարության և հանուն արդարադատության»՝ նշում է.
«սույն գործի փաստերի առանձնահատկություններով պայմանավորված՝ թիվ ՎԴ2/0302/05/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի չեն, մասնավորապես՝ նշված գործով արտահայտված դիրքորոշումները, սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ, չեն կարող հիմք հանդիսանալ անձի՝ վարչական մարմինների առջև պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը սահմանափակելու համար»:
Անհրաժեշտ է նշել, որ տվյալ վարչական ակտի վերաբերյալ բոլոր հնարավոր վիճարկումները դատական կարգով եղել են, և դրանք վաղուց օրինական ուժի մեջ են մտել։
Անդրադառնալով վարչական վարույթը վերսկսելու հիմքերի առկայության հարցին, «պատվարժան» դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով, ի թիվս այլնի, նախատեսվել է նաև վարույթի վերսկսման հետևյալ հիմքը. առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն (51-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ):
Ի՞նչն է դատարանը հիմք ընդունել՝ որպես նոր երևան եկած հանգամանք
Դատարանը, պատճառաբանական մասում հղում անելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, սակայն կասեցված քրեական գործում առկա նյութերի վրա (ընդգծենք, որ դատավճիռ առկա չէ, գործը կասեցված է և հասկանալի չէ, թե ինչ ավարտ կունենա) նշում է հետևյալը.
Գործի փաստերի համաձայն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թիվ 18-2486 փորձագիտական եզրակացությունը կազմվել, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումն ընդունվել են 16.01.2008 թվականի թիվ 1031148 ակտը կազմելուց հետո:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62226618 քրեական գործի շրջանակներում 2018 թվականին նոյեմբերի 05-ին նշանակված դատահաշվապահական և դատաէկոլոգիական համալիր փորձաքննությամբ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետին առաջադրվել են հարցադրումներ, իսկ վերջինս էլ իր «ընդլայնված» եզրակացությամբ անցել է փորձագիտական եզրակացության սահմանը և իրավական վերլուծություններ կատարել, որից հետո դատարանը դա հաճույքով դրել է իր վճռի հիմքում՝ որպես նոր երևան եկած հանգամանք, նշելով, որ՝
առկա է վերը նշված ապացույցները գնահատելու արդյունքում անձի համար առավել բարենպաստ որոշում ընդունելու հավանականությունը: Ընդգծենք, որ փորձաքննություն է նշանակվել բոլոր դատական ատյաններով անցած, բոլոր դետալները քննարկված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված հանգամանքների վերաբերյալ։ Նոր երևան եկած հանգամանք երևույթը, ըստ «պատվարժան» դատարանի, կարելի է նկարագրել այսպես՝ նույն փաստերի վերաբերյալ նոր կարծիք, արդյունքում՝ նոր երևան եկած հանգամանք։
Մնացած մանրամասները կարող եք կարդալ վճռում:
Վերջաբանի փոխարեն
Այն պրակտիկ իրավաբաններին, որոնք համբերատարությամբ կարդացին սույն նյութն ամբողջությամբ, առաջարկում ենք պատասխանել մի շատ կարևոր հարցի՝ վերը նկարագրված սխեման կաշխատե՞ր արդյոք, եթե հայցվորը լիներ շարքային ֆիզիկական կամ իրավաբանական անձ, և ոչ թե՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի խնամին։ Պատասխանը, թերևս, ակնհայտ է…
Բայց սրանով պատմությունը չի ավարտվում: Մեկ այլ (վաղուց լուծարված իրավաբանական անձի «ռեինկարնացիայի») գործով ԲԴԽ նախագահ Գ. Ջհանգիրյանի խնամի Սուքիասյանները դիմել են նաև ՀՀ վճռաբեկ դատարան։ Դա ևս առանձին ուսումնասիրության արժանի թեմա է: Իսկ բոլոր ուսումնասիրություններից և դրանք հրապարակելուց հետո, արժե հետևել, թե նման գործեր քննած դատավորների քրտնաջան աշխատանքին ինչո՞վ և ինչպե՞ս վարձահատույց կլինեն խնամի-ծանոթ-բարեկամ համակարգի հեղինակները, պաշտոնական ի՞նչ առաջխաղացում կունենան նրանք պատմության ավարտին ոչ հեռու ապագայում:
Շարունակելի։
Հ.Գ. Ի դեպ, երեկ Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ-ների՝ կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։
168.am-ը նաև անդրադարձել էր Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության ոդիսականին, երբ գործով քննիչն առևանգել էր ձերբակալման որոշումն ու անհետացել, ու միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի գործուն միջամտությունից հետո էր գործընթացը վերադարձել իրավական դաշտ: Ինչևէ, հուլիսի 22-ին հրազենով հարցեր լուծող Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:Նա, սակայն, ընդամենը մի քանի ժամ է անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ապա նրա առողջական վիճակը վատացել է, ՔԿՀ աշխատակիցները շտապ օգնություն էին հրավիրել, ու վերջինս տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, ու մինչ օրս գտնվում էր այնտեղ:
Այսինքն՝ կալանավորման օրվանից սկսած՝ մինչ ազատման օրը, Ռոբերտ Սուքիասյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում:
Նկատենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է:
Եվ վերջում. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2019թ. դեկտեմբերին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր ««Բջնի» գործարանի գործունեությունից Սուքիասյանները 12 տարում ընդհանուր տվել են 917 միլիոն դրամ հարկ, մենք՝ 9 տարում՝ 3 միլիարդ 661 միլիոն դրամ»:
Ռուբեն Հայրապետյանը հրապարակել էր, թե «Բջնի» գործարանը ստեղծման պահից 12 տարիների ընթացքում, երբ սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքն էր, որքան հարկ է վճարել պետությանը: Պատկերը խայտառակ է.
- 1996 – 0 դրամ
- 1997 – 0 դրամ
- 1998 – 0 դրամ
- 1999 – 0 դրամ
- 2000 – 0 դրամ
- 2001 – 2.800.000 դրամ
- 2002 – 5.400.000 դրամ
- 2003 – 8.100.000 դրամ
- 2004 – 28.400.000 դրամ
- 2005 – 59.300.000 դրամ
- 2006 – 138.700.000 դրամ
- 2007 – 250.000.000 դրամ
- 2008 – 420.000.000 դրամ
Նրա այդ հայտարարությունից հետո «168 Ժամը» դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե որքան հարկեր են վճարել Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանի գործունեության ընթացքում՝ 1996 թվականից սկսած մինչ առքուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել էր 25.12.2009թ.-ին: ՊԵԿ-ից, բնականաբար, չէին տրամադրել պահանջվող բուն հարցերի պատասխանները՝ ասելով՝ քանի որ հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական բազան ստեղծվել է 2000-2001 թվականներին, ուստի դրանից առաջ եղած վիճակագրական տվյալները ներառված չեն այդ բազայում: Այսինքն՝ ՊԵԿ-ում չկան այդ տվյալները, արխիվում են: Կից տրամադրվել էին հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա, «ԲՋՆԻ» գործարանի 2001-2014 թվականներին վճարված հարկերը.
2001- 3,561,300 դրամ
2002- 5,653,000 դրամ
2003- 7,545,000 դրամ
2004- 30,690,100 դրամ
2005- 67,439,300 դրամ
2006-148,151,500 դրամ
2007- 235,504,200 դրամ
2008- 415,419,684 դրամ
2009- 2,465,791 դրամ
2010- 225,954,069 դրամ
2011- 931,614,902 դրամ
2012- 901,238,150 դրամ
2013- 875,679,920 դրամ
2014- 881,805,200 դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ 4,732,722,116
Արխիվից մեր հարցմանը մինչ օրս պատասխան չի տրվել:
Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ռուբեն Հայրապետյանի հրապարակած այս տվյալներին, ասելով՝ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Մինչ օրս դեռ ներկայացնում է…
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ