Տրանսպորտի սպասարկման ինտերվալների մեծությունը պայմանավորված է շարժակազմի ոչ բավարար թվաքանակով, սա անհնար է միանգամից լուծել. Երևանի քաղաքապետարան
Մայրաքաղաքում տրանսպորտի վատ աշխատանքը շարունակում է քաղաքացիներին մի շարք անհարմարություններ պատճառել: Մարդիկ դժգոհում են, որ տրանսպորտն ուշ-ուշ է գալիս, շաբաթ-կիրակի օրերին շատ քիչ է լինում, և այլն:
168.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե ե՞րբ է բերվելու ավտոբուսների նոր խմբաքանակը, և ո՞րն է տրանսպորտի վատ աշխատանքի պատճառը:
Քաղաքապետարանի լրատվական վարչությունից պատասխանեցին, որ նոր ավտոբուսների մի խմբաքանակը գալու է մինչև տարեվերջ, խոսքը 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսի և 15 նոր տրոլեյբուսի մասին է:
«Հաջորդ տարվա մայիսին սպասում ենք ևս 87 «Ման» մակնիշի եվրոպական գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եվրոպական ստանդարտի ավտոբուսներ: Սպասարկման ինտերվալների մեծությունը պայմանավորված է շարժակազմի ոչ բավարար թվաքանակով, բայց, ինչպես բազմիցս նշել ենք, սա այն հարցն է, որ անհնար է միանգամից լուծել և ցանկալի արդյունք ստանալ, քայլ առ քայլ ենք գնում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է շաբաթ և կիրակի օրերին տրանսպորտի վատ աշխատանքին, համապատասխան վարչությունը զբաղվում է դրանով, որ եղած ռեսուրսների սահմանում խնդիրը կարգավորվի»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Թեմայի վերաբերյալ ավելի վաղ զրուցել էինք Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ՝ պարզելու, թե 100 նոր ավտոբուսի դեպքում իրավիճակը գոնե կփոխվի. «100 ավտոբուսը ոչինչ չի փոխելու, կարկատանի վրա կրկին կարկատան են անում, որ չներկրեն՝ ավելի վատ է լինելու: Ներկրում են՝ վիճակը մի փոքր լավանում է, սակայն լուծում չի լինելու: Պետք է ընդամենը փոխել երթուղային ցանցը: Իսկ սա իրականացնելու համար մասնագետ է պետք: Ուղղակի լսել են, որ ժամանակին այսքան ավտոբուս է եղել, քաղաքը քիչ թե շատ նորմալ սպասարկվել է, հիմա ավտոբուսներ բերենք, էլի նորմալ կսպասարկվի, այսքան բան:
Սակայն մենք չենք ունենալու նորմալ հասարակական տրանսպորտ, մինչև երթուղային ցանցը չկարգավորվի: Ի վերջո, երկու իշխանություն 850.000 եվրո փող տվեց, որ նոր երթուղային ցանց գծվի, նոր մոտեցում լինի: Այդ մարդիկ եկան, 3+ ծրագիր կազմեցին, փողերն առան՝ գնացին: Հիմա կյանքի կոչեք դա, գոնե հարգեք ձեր տված գումարը: Բոլոր մասնագետներին ազատեցին աշխատանքից, մնացին կոտրած տաշտակի առջև»,- ասել էր Ուղևորափոխադրողների միության նախագահը»: