Մենք չենք ունենալու նորմալ հասարակական տանսպորտ, մինչև երթուղային ցանցը չկարգավորվի. Ուղևորափոխադրողների միության նախագահ
Մայրաքաղաքում տրանսպորտի վատ աշխատանքը քաղաքացիներին մի շարք անհարմարություններ է պատճառում: Երբեմն մարդիկ ստիպված են սպասել լավագույն դեպքում մոտ 40 րոպե, մինչև կժամանի երկար սպասված այս կամ այն ավտոբուսը:
Երևանի քաղաքապետարանից 168.am-ը փորձեց պարզել, թե ինչ պատճառով է մայրաքաղաքում տրանսպորտը վատ աշխատում՝ վարորդ չկա՞, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների՝ վարորդներին հեռացրել են աշխատանքից այս կամ այն խնդրի պատճառով, կամ գուցե վարորդնե՞րն են հեռանում, օրինակ՝ ցածր աշխատավարձի պատճառով:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մեր հարցերին պատասխանեց. «Վարորդների պակասն ամենամեծ խնդիրը չէ, չնայած՝ առաջիկայում կարող է շատ սուր զգացվել, քանի որ նոր 100 մեքենա է ներկրվելու Հայաստան: Երկրորդ խնդիրն այն է, որ հին (մանուշակագույն) մեքենաների զգալի մասը պահեստամասերի խնդիր ունի, սակայն առաջիկայում Չինաստանից պահեստամասերի խմբաքանակը տեղ կհասնի, ու մեծ թվով մեքենաներ կրկին դուրս կգան երթուղիներ: Ինչ վերաբերում է վարորդների աշխատավարձին, ապա գոնե ինձ հայտնի չեն դեպքեր, երբ վարորդներն աշխատավարձի պատճառով հեռացել են աշխատանքից՝ հատկապես նրանից հետո, երբ աշխատավարձերը զգալիորեն բարձրացվեցին: Հերթափոխով, այսինքն՝ օրումեջ աշխատանքի դիմաց շուրջ 250 հազար դրամ են ստանում»:
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանից էլ հետաքրքրվեցինք՝ 100 նոր ավտոբուսի դեպքում իրավիճակը գոնե կփոխվի՞, պատասխանը բացասական էր.
«100 ավտոբուսը ոչինչ չի փոխելու, կարկատանի վրա կրկին կարկատան են անում: Որ չներկրեն՝ ավելի վատ է լինելու: Ներկրում են՝ վիճակը մի փոքր լավանում է, սակայն լուծում չի լինելու: Պետք է ընդամենը փոխել երթուղային ցանցը: Իսկ սա իրականացնելու համար մասնագետ է պետք: Ուղղակի լսել են, որ ժամանակին այսքան ավտոբուս է եղել, քաղաքը քիչ թե շատ նորմալ սպասարկվել է, հիմա ավտոբուսներ բերենք, էլի նորմալ կսպասարկվի, այսքան բան:
Սակայն մենք չենք ունենալու նորմալ հասարակական տրանսպորտ, մինչև երթուղային ցանցը չկարգավորվի: Ի վերջո, երկու իշխանություն 850.000 եվրո փող տվեց, որ նոր երթուղային ցանց գծվի, նոր մոտեցում լինի: Այդ մարդիկ եկան, 3+ ծրագիր կազմեցին, փողերն առան՝ գնացին: Հիմա կյանքի կոչեք դա, գոնե հարգեք ձեր տված գումարը: Բոլոր մասնագետներին ազատեցին աշխատանքից, մնացին կոտրած տաշտակի առջև»,- ասաց Ուղևորափոխադրողների միության նախագահը: