Նիկոլ Փաշինյանը նախապես կանխորոշել էր՝ ում գրպանն է գցելու հայտնի օպերացիայի ձախողումը
2022թ. սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին):
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։
Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»:
Կարճ ասած՝ հայտնի օպերացիայի ձախողումը Նիկոլ Փաշինյանը գցում է միայն Ջալալ Հարությունյանի գրպանը:
Հերթական անգամ հիշեցնենք այս ձախողված օպերացիայի հետ կապված մի քանի փաստ.
Հոկտեմբեր 6, 2020– Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, թե ինչ բնույթի օպերացիա է իրականացվելու:
«Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Ի դեպ, մի քանի անգամ իր այս գրառումը խմբագրելուց, փոփոխությունների ենթարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ տարբերակն է ընտրել.
«Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:
Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ տեղեկացվում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:
Կառավարության հրապարակած կադրերում երևում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, նույն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020-ի հոկտեմբերի 8-ին:
Հոկտեմբերի 7, 2020- Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասում է.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Ռուս լրագրողի այն հարցին, որ մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում, Փաշինյանը պատասխանում է. «Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, ապա նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:
Հարկ է նկատել, որ այստեղ գործ ունենք մի փաստի հետ, երբ պատերազմող երկրի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև՝ հարցազրույցում նախապես հրապարակայնացնում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաները կամ ռազմական պլանները՝ հստակ նշելով դրանց բնույթը, ինչից թշնամին, հնարավոր է՝ օգտվել է և փոխել իր պլանները:
Դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն, գուցե մի օր համապատասխան մարմինները սրա պատասխանը կտան իշխանափոխությունից հետո:
Շարունակելով հոկտեմբերի սկզբի վերոնշյալ իրադարձությունների օպերացիոն շղթան, հավելենք, որ ավելի ուշ պարզվեց, որ նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 5-6-ին, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ներկա էր Նիկոլ Փաշինյանի արցախյան խորհրդակցությանը, մշակել է «Քյանդ-Հորադիզ» օպերացիան:
«Ամսի (հոկտեմբերի.- Մ.Պ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը սելեկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարող ենք և չանել: Բայց եթե դա չի լինում, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին Ջաբրայիլի և այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Քյանդ-Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100 կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, սեղմել Իրանի սահման, ով անցել է այն կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ՝ այո, դա է միակ ձևը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասնել էր Սամվել Բաբայանը և հավելել, որ իր անունը կապվում է Լելե-Թեփեի հետ, որ հարյուրավոր զոհեր են եղել իր պատճառով, մինչդեռ, նրա խոսքով, նման օպերացիա չի եղել, իսկ Քյանդ-Հորադիզի օպերացիայում, որն իր առաջարկով է իրականացվել, զոհվել է 2 հոգի, մինչդեռ ներկայացնում են, որ 700 զոհ է եղել։
«Օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանատարն է․ երկու բրիգադ է կցել իր ռեզերվներով, որ այս օպերացիան իրականացնի։ Գնացել է՝ ամսի 6-ին, առավոտյան ամբողջ շտաբով, որ սպաները տեսնեն, թե գումարտակի հրամանատարը որտեղով է մտնելու, իրականում տեսնեն, իմանան տարածքը, և ինչ խնդիր են կատարում։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է։ Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում։ Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում, Ցորի մոտոհրաձգային բրիգադը։ Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է։ Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս։ 4 տանկ է խփվում, ոչ թե 44։ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվում է, մի մասը թողնում են, մի մասը խփվում է, հետո 3 տեխնիկան հանում են այնտեղից։ Երկրորդ բրիգադում մի տանկ ԱԹՍ-ն է խփում, երկրորդ ՀՄՄ վարորդը վատ է զգում, գցում է ձորը։ Այսինքն՝ ամսի 7-ին զոհվում են 2 հոգի՝ տանկային բրիգադի տանկային հրամանատարը և Ցորից վաշտի հրամանատար, 10-ից ավելի վիրավոր են տալիս։ Բայց մենք խոսում ենք 700-ից ավելի զոհի մասին, խոսում ենք 44 տեխնիկայի մասին, որ կորցրել ենք այնտեղ, որ աչքի լույսի պես այդ երկու բրիգադը պահել ենք, տարան, գլուխները կերան, այդ բանակը երրորդ կողմից է ղեկավարվել, չորրորդ։ Ես ձեզ ասում այն, ինչ փաստ է»,- մանրամասնել էր Բաբայանը։
2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր Բաբայանի ասածը.
«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ՝ այո, դա պետք է և կարելի է անել»,- նշել էր Փաշինյանը:
Նույն օրը հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրական սլաք էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ:
«Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։ Առաջարկը քննարկելու նպատակով Ստեփանակերտում հրավիրել եմ խորհրդակցություն։ ՀՀ ԳՇ պետն էլ միացել է սելեկտորով, քննարկման արդյունքում նա ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և որոշել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատարությունը զեկուցել է, որ կարելի է իրականացնել նման գործողություն։ Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, բայց ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Այսինքն՝ այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները»,- պնդել էր նա:
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլ մանրամասներ էր հայտնել.
«Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի խոսքին, կարող եմ ասել հետևյալը. ինքը նորից իրավիճակին չի տիրապետում: Նախ՝ մենք չունենք մի քանի տանկային միավորում, որ ասում է՝ տանկային միավորումներից մեկը: Այստեղ ինքն առնվազն չի տիրապետում կամ ստում է: Ինչ վերաբերում է այդ օպերացիային, դրա ժամանակ էլ մենք խնդիրներ ենք ունեցել իրադրության, հակառակորդի ճիշտ գնահատման և, ընդհանուր առմամբ, համակողմանի ապահովման: Այսինքն, այդ օպերացիայի կատարման համար պայմաններ չեն եղել: Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որո՞նք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք է աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները: Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին: Ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի, որը մեզ համար որևէ ռազմավարական նշանակություն չունի»:
Նիկոլ Փաշինյանի ապրիլի 14-ի ելույթից մի քանի օր առաջ՝ 2021-ի ապրիլի 11-ին, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որից պարզ է դառնում՝ ինչ հակահարվածի մասին էր Փաշինյանն առաջ ընկնելով 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հայտնել:
«2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին.
– Ջաբրայիլի զորամասի մնացորդները
– Ֆիզուլու տանկային զորամասը
– Խոջալուի տանկային զորամասը
– Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
– ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալա-թափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…»,- մանրամասնել էր Էլբակյանը:
Այս ամենից գալիս ենք այն եզրահանգման, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Սամվել Բաբայանը բաց տեքստով հասկացրել էին, որ հայտնի օպերացիայի պատասխանատվությունն ընկնելու է Ջալալ Հարությունյանի վրա: Գուցե Ջալալ Հարությունյանին անձա՞մբ էլ են զգուշացրել: Գուցե:
Այն, որ ՊԲ հրամանատարությունն ունի մեղքի և պատասխանատվության իր բաժինը ոչ միայն վերը նշված օպերացիայի ձախողման, այլ պատերազմի ելքի, դա անվիճելի է, բայց պատասխանատվության իր առյուծի բաժինն ունի նաև իր իսկ խոսքերով՝ «մոդերատոր» աշխատած գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիական բոլոր այն անձինք, որոնք մասնակից են եղել ռազմական կարևոր պրոցեսների և քննարկումների՝ ակնհայտ և չերևացող, ընդ որում՝ իրենց վերապահված լիազորություններից դուրս նաև: